Վարկային համաձայնագրերի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ արդյունավետության հարցը, թե որքանով են այս վարկային ռեսուրսներն արդյունավետ օգտագործվում. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք լրացուցիչ բեռ չեն տարբեր վարկային համաձայնագրերը՝արտաքին պարտքի ավելացման առումով:
Միաժամանակ Մինասյանը նկատեց, թե կան համաձայնագրեր, որոնք չպետք է դիտարկել ընդհանուր լույսի ներքո: «Օրինակ՝ ճանապարհաշինության մասով իսկապես երկիրը կարիք ունի լրացուցիչ ֆինանսավորման: Եթե այսօրվա մեր ներքին ռեսուրսը չի բավարարում, պետք է արտաքին ռեսուրսն արդյունավետորեն օգտագործել»,-ասաց նա:
Նշենք, որ ԱԺ նստաշրջանի մեկնարկին երկու համաձայնագրեր են դրվել քննարկման, ըստ որոնց՝ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար նախատեսվում է 40 մլն դոլարի վարկ վերցնել և ևս 112.970մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ բարելավելու համար քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները:
ՀՅԴ պատգամավորն օրինակ բերեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիրը: «Ճանապարհը մասնակի հատվածներով պատրաստ է, որտեղ կատարված աշխատանքը որակի տեսակետից կարող ենք բարձր գնահատել: Սակայն կան համաձայնագրեր, որոնք այս պահին կարող են անհրաժեշտ չլինել այդ կարևորությամբ:Կենսական նշանակության ավտոճանապարհների համարվարկերի ձեռքբերումը, կարծում եմ արդարացված նպատակադրում է և էականորեն կարող է նպաստել տարածքների համաչափ զարգացման խնդիրների լուծմանը, սակայն միայն այսքանով չպետքե
սահմանափակվենք: Այս տիպի ծրագրերը պետք է ուղեկցվեն տնտեսական վիճակի բարելավմամբ՝ տվյալ բնակավայրերում աշխատատեղեր իստեղծմամբ: Սա բազմակի անգամ կարող է օգտակար լինել»,-ասաց նա:
Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ արտաքին պարտքի բեռն այդքան էական չէ, եթե դուկարողանում ես միջոցներն ուղղել տնտեսության ճիշտ ուղղություններով և ստանալ մեծ արդյունքներ: «Սակայն, քանի որ, մեզ մոտ զարգացած չէ այս համակարգը, այդ թվում՝ պատշաճ վերահսկողության համակարգը, բնական է, որ թերությունները շատ-շատ են, և այդ տեսակետից մենք ունենք խնդիր՝ միջոցների արդյունավետության աճի հարցում: Բայց բեռի տեսակետից չպետք է սարսափել, եթե այդ արդյունավետության հարցը մենք լուծենք: Եթե չենք լուծում, անշուշտ, բեռն ավելի է դժվարացնում մերվիճակը»,-ասաց նա` հավելելով, որ եթե լուծվի արդյունավետության խնդիրը՝ բեռի հարցը երկրորդական կդառնա:
Հարցին, թե չեք կարծո՞ւմ, որարդյունավետությունը սուբյեկտներից էկախված՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Կա թե՛ սուբյեկտիվ, թե՛օբյեկտիվ խնդիր: Լուծում կլինի, իմ կարծիքով, եթե Ազգային ժողովն առավել ակտիվ ներգրավվի վարկային միջոցների օգտագործման հսկողության համակարգում: Դրա համար, մենք մասնավորապես, նախատեսել ենք, որ օրենքով պետք է յուրաքանչյուր համաձայնագրի համար նաև նախատեսվի հսկողական համակարգ: Սա պահանջում է օրենքի ընդունում, և ես հույս ունեմ Սահմանադրական փոփոխությունների հիման վրա այդպիսի մի օրենք կընդունվի»,-ասաց նա:
Մինասյանը շեշտեց, թե ի վերջո միջազգային փորձ կա: «Եթե անգամ այնքան պարտքեր ես վերցրել, որ չես կարողանում փակել, դա բերում է նաև որոշակի ոլորտների վերակառուցումների և հիմք է ստեղծում նոր բարեփոխումների համար: Առաջիկայում քննարկվելու է ոլորտային նոր խորքային ռեֆորմների հարցը, որտեղ կենտրոնական խնդիրը լինելու է արտաքին ռեսուսրներից զատ ներքին ռեսուրսների մոբիլիզացնելու հարցը»,-ասաց նա:
ՀՅԴ պատգամավորը նշեց, թե ուզենք, թե չուզենք, պետք է մեր տնտեսության մեջ բացահայտենք մի նոր ուղղություն: «Պարտադրված պետք է բացահայտենք, և դրան նպաստելու է նաև այն իրավիճակը, որը ստեղծվել է միջազգային զարգացման համատեքստում ինչպես և երկրի տնտեսական ներքին վիճակի մեջ: Այդ տեսակետից նույն պարտք վերցրած և պատասխանատու գերատեսչությունները ուզեն, թե չուզեն պետք է տնտեսական աճի նոր աղբյուրների փնտրեն»,-եզրափակեց Արծվիկ Մինասյանը:
tert.am







