Ես արդեն վաղուց ոչ մի բան չեմ բացառում

«Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցը Լեւոն Մկրտչյանի հետ

FotorCreated – Պարոն Մկրտչյան, արդեն տեղեկություններ կան, որ կրթության նախարարի պաշտոնը բանակցությունների արդյունքում փոխանցվելու է Դաշնակցությանը, և այսօր էլ մեզ հետ զրույցում Արմեն Աշոտյանը չհերքեց, ըստ էության, որ պաշտոնանկ է արվելու և անցնելու է այլ պաշտոնի։ Հենց Ձեր անունն է շոշափվում հնարավոր կրթության նախարարի պաշտոնում նշանակվելու հետ կապված։ Կարո՞ղ եք հաստատել այդ տեղեկությունը։

– Ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ հերքել, որովհետև կուսակցությունը, գիտեք, բանակցությունների փուլում է և, ըստ էության, ՀՅԴ Գերագույն մարմնի կայացրած որոշման համապատասխան էլ կլինի համապատասխան ձևաչափը։ Այսինքն՝ մամուլում առկա տեղեկություններից բացի, որևէ այլ բան չեմ կարող ավելացնել։

– Բայց նաև չեք բացառում այդպիսի հնարավորություն, որ Ձեզ արդեն կարող ենք չորրորդ անգամ տեսնել ԿԳ նախարարի պաշտոնում։

– Ես արդեն վաղուց ոչ մի բան չեմ բացառում։

– Եվ քանի որ երեք անգամ արդեն զբաղեցրել եք այդ պաշտոնը՝ 1998-ից մինչև 2008 թվականները, սա արդեն, եթե լինի, առաջիկայում, թվով չորրորդն է, ինչ-որ անելիքներ, ծրագրեր ունե՞ք։

– Ես խոստանում եմ Ձեզ առաջին հարցազրույցներից մեկը տամ, եթե այդպիսի տարբերակ ընտրվի։ Չգիտեմ, ինչպես կլինի կուսակցության որոշումը, բայց առայժմ, երբ այդպիսի խոսակցությունները դեռ ընդամենը խոսակցությունների մակարդակում են, թույլ տվեք ծրագրերի մասին չխոսել։

– Իսկ ե՞րբ է լինելու Գերագույն մարմնի որոշումը։

– Տեղյակ չեմ, երևի այս ընթացքում։ Բայց վստահաբար վերջնական որոշումները, ձևաչափերը պետք է ՀՅԴ Գերագույն մարմնի նիստով ընտրվեն։

– Բայց կարող եք ասել, որ եթե Ձեզ այդ առաջարկն արվի Գերագույն մարմնի կողմից, Դուք չեք մերժելու։

– Իբրև կուսակցական մեզ մոտ կարգապահությունն այնպիսին է, որ, բնականաբար, առաջարկն անելուց իմ կարծիքը հաշվի կառնվի, բայց որոշումը եթե կայացվի, բոլորս պարտավոր ենք կատարել։

azatutyun.am

Տպել Տպել