Հանդիպում ԵՄ հայաստանյան գրասենյակում

FotorCreatedՀայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար` դեսպան Պյոտր Սվիտալսկու հրավերով այսօր ԵՄ Հայաստանի գրասենյակում հյուրընկալվեցին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ու ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:

Զրույցի առանցքում ՀՀ ներքաղաքական օրակարգն էր և այդ համատեքստում ՀՅԴ մոտեցումները։

Անդրադառնալով հետսահմանադրական զարգացումներին` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը մասնավորապես ընդգծեց, որ նոր Սահմանադրությունը ոչ միայն երկրի կառավարման արմատական և համակարգային փոփոխությունների լայն դաշտ է բացել, այլ նաև պարարտ հող ստեղծել երկրի առաջընթացի համար։ Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ն մշտապես կառուցողական երկխոսության կողմնակից է եղել և ներկայումս էլ ակտիվորեն ներգրավված է լինելու Սահմանադրությունից բխող օրենքների մշակման գործընթացներում։ Որպես ընթացիկ առաջնահերթություն` Վարդանյանը կարևորեց Ընտրական օրենսգրքի մշակումը և դրա գործադրման ուղղությամբ միջազգային կառույցների, այդ թվում` ԵՄ աջակցությունը։

Լիլիթ Գալստյանը կարևորեց Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և քաղաքացիական ինստիտուտների կայացմանը միտված` ԵՄ-ի հետևողական ջանքերի անհրաժեշտությանը։

Հանդիպման ընթացքում շոշափվեցին նաև տարածքային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող մտահոգություններ։

Դեսպան Պյոտր Սվիտալսկին պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել Հայաստան-Եվրամիության երկխոսության խորացմանը և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին միտված ծրագրերի իրականացմանը։

Կողմերը կարևորեցին հանդիպումների և տեսակետների փոխանակման անհրաժեշտությունը։

Տպել Տպել