ԱՄՆ հայ դատի հանձնախումբը Այդահոյի նահանգում տապալել է ադրբեջանամետ բանաձեւի ընդունումը

FotorCreatedԱՄՆ հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւը Այդահոյի նահանգի օրենսդիր ժողովում հաջողությամբ տապալել է բանաձեւը, որը փորձում էր Ադրբեջանին ներկայացնել որպես միջկրոնական հանդուրժողականություն քարոզող պետություն։ Հայ դատի հանձնախումը մոբիլիզացրել է ուժերը եւ 48 ժամում տապալել բանաձեւի ընդունումը, հայտնում է Ancawr.org-ը։

«Այդահոյի նահանգի պետական հարցերով հանձնաժողովում բանաձեւի արագ տապալումը ամերիկյան ժողովրդավարության ուժի ապացույց է եւ վկայում է այն մասին, որ մեր համատեղ ուժերով կատարած աշխատանքը արդյունավետ է»,- ասել է ԱՄՆ հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը։ Նրա խոսքով՝ Այդահոյի նահանգին են միացել Հավայան, Կոլորադոյի, Քալիֆորնիայի նահանգները, որոնք դատապարտել են Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, որը հայտնի է մարդու իրավունքների ոտնահարումներով։

«Բռնապետը, որն ավելի շատ քրիստոնեական հուշարձաններ է ոչնչացրել, քան «Իսլամական պետությունը», եւ որի երկիրը խոսքի գրաքննադատության առումով աշխարհում 5-րդ պետությունն է, արժանի չէ որեւէ գովեստի, առավելս եւս, միջկրոնական հանդուրժողականության համար»,- ասել է նա։

Բանաձեւը, որի հեղինակը Թոմաս Դեյլին է, Այդահոյի պետական հարցերով հանձնաժողովին էր ներկայացվել 2016թ. փետրվարի 11-ին։ Հայ դատի հանձնախումբն անհապաղ այդ մասին տեղյակ էր պահել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին եւ հանձնաժողովի անդամներին բանաձեւի ընդունելուց ձեռնպահ մնալու կոչեր արել։

news.am

Տպել Տպել