ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագիրն արծարծելու է երկրի առջև ծառացած մարտահրավերները

FotorCreatedԴաշնակցություն-իշխանություն քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրն արծարծելու է երկրի առջև ծառացած մարտահրավերները: Մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր, Դաշնակցության կողմից առաջադրած էկոնոմիկայի նախարարի թեկնածու Արծվիկ Մինասյանը:

«Համաձայնագրում ամփոփվելու է նաև երկու ուժերի ներուժի օգտագործմամբ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ճանապարհային քարտեզը: Սա նշանակում է, որ խնդիրները ոչ թե սահմանափակվելու են առաջիկա մեկ տարվա համար, այլ՝ ավելի երկարաժամկետ առումով»,- նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավորը:

Tert.am-ի հարցին, թե կոնկրետ ի՞նչ կետեր են ներառված հուշագրում, արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ ընդգրկված են նաև Քառյակի հայտնի 12 կետերից, Արծվիկ Մինասյանը հրաժարվեց փակագծեր բացել: «Չեմ ասի, եկեք սպասենք մի քանի օր, հրապարակվի, հետո յուրաքանչյուր կետի վերաբերյալ քննարկում կանցկացնենք»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե կետերի շուրջ անհամաձայնություն կա, Արծվիկ Մինասյանը հերքեց. «Այս պահին անհամաձայնություն չկա»:

Tert.am-ի հարցին, թե շարունակելո՞ւ է գործող քաղաքականությունը էկոնոմիկայի ոլորտում, թե՞ առաջ է քաշելու նոր ծրագիր, պատգամավորը պատասխանեց, թե օրը կգա՝ բարին հետը:

«Կլինի ծրագրերի հրապարակային ներկայացում, որն անպայման կբխի այսօրվա ծրագրային մոտեցումներից, մեր համագործակցության փաստաթղթից, հանրապետության Նախագահի փետրվարի 12-ի ելույթից: Երբ փաստաթղթին կծանոթանաք, ձեր հարցի պատասխանը կունենաք»,-ասաց նա։

tert.am

Տպել Տպել