Մենք մեր երկրում թշնամիներ ու օտարներ չունենք

FotorCreatedԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՏԿԱԻՆ նախարարությունը երկու նախարարությունների բաժանելը ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության առաջին դրսևորումն է, իսկ համաձայնագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ:

Նա նախ հիշեցրեց, որ երբ տարածքային կառավարման եւ ԱԻ նախարարությունները միավորվեցին, ՀՅԴ-ն կողմ չէր, այնպես որ` հիմա որեւէ մեկը ՀՅԴ-ին չի կարող մեղադրել անսկզբունքայնության մեջ:

Ռուստամյանը, ի պատասխան ՕԵԿ-ի բոյկոտի, հիշեցրեց, որ նույն այդ ԱԻ նախարարությունը, որը հիմա առանձնացվում է ՏԿ նախարարությունից, գոյություն չի ունեցել եւ ստեղծվել է հենց ՕԵԿ-ին նախարարի պորտֆելով ապահովելու համար: «Հայտարարություններ անելուց առաջ հիշեք անցած ամբողջ պատմությունը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կառավարման արդյունավետությունը, Ռուստամյանն ընդգծեց, որ, ՀՅԴ-ի կարծիքով, կառավարման արդյունավետությունը հենց այն է, որ պետք է այն ոլորտները բյուրեղացվեն, որտեղ կոնկրետ ծրագրային խնդիրներ պետք է իրականացվեն: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության «զարգացման» բառն էլ, ըստ նրա, պատահական չի ընտրվել, բանալի բառ է` եթե ինչ-որ բան կառավարում ես, զարգացման համար ես կառավարում: Տարածքների համաչափ զարգացումը ՀՅԴ-ի համար միշտ է կարևոր եղել, ՀՅԴ-ի ծրագրային հարցերից մեկն է: Ռուստամյանը վստահ է՝ արդյունավետ կառավարման հնարավորություն է առաջանալու:

Նա եւս մեկ անգամ վստահեցրեց, որ որեւէ խոչընդոտ չկա ՀՅԴ-ՀՀԿ համագործացության հարցում: Ամեն ինչ հստակ է, ամեն ինչ` պայմանավորված, բոլոր հարցերի պատասխանները կլինեն հաջորդ շաբաթ: Ռուստամյանը նաեւ բացատրեց, թե ինչու հարցը բերվեց արտահերթով. որպեսզի բոլոր հարցերը չխառնվեն իրար:

Լրագրողները ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են նախարարներ նշանակվում ՀՅԴ «հնաբնակներ» Դավիթ Լոքյանը և Լևոն Մկրտչյանը: Ի պատասխան, նա հայտարարեց, որ և’ նոր կադրեր են լինելու, և’ հներն են իրենց փորձառությամբ գործ կատարելու:

«Ամբողջը մի թիմ է, թիմը չի կարելի բաժանել ծերերի և ջահելների: Ամեն մեկն իր տեղն ունի: Երկիրն այն վիճակում է, որ օր առաջ քայլեր պետք է կատարվեն: Մենք որևէ պատասխանատվությունից չենք խուսափում, մտնում ենք ամբողջական պատասխանատվությամբ»,- հայտարարեց Ռուստամյանը:

Հարցին, թե ինչո՞ւ հենց տարածքային կառավարմա, էկոնոմիկայի եւ ԿԳ նախարարությունների վրա կանգ առան, ՀՅԴ-ական պատգամավորը բացատրեց, որ տրամաբանությունն առավել քան պարզ է` ՀՅԴ-ն ունի շատ հստակ պատկերացումներ` ինչ պետք է անել այդ նախարարություններում:

Խոսելով համագործակցության մասին` Ռուստամյանն ընդգծեց, որ չի կարելի դա դիտարկել որպես դասական իմաստով կոալիցիոն կառավարություն, խոսքը համագործակցության մասին է, որովհետև նախագահի առկայության պարագայում, երբ իշխանության կրողը նախագահն է, երեք կան տասներեք նախարար ունենալը դեր չի խաղում:

«ՀՅԴ-ն արմատական փոփոխությունների համար է գնում համագործակության, հո՞ չենք գնում` երկու-երեք պորտֆել ստանալու: Գիտենք ինչ անել, ինչպես անել, կուտակած փորձ ունենք, չենք ասում պարզապես օդ տատանելու համար: Դաշնակցությունն այն փորձառու կառույցն է, որ մինչև չհաշվարկի` ինչ է անում, երբեք քայլ չի անի: Այս քննադատությունները ընտրություններից առաջ մեզ ձեռնտու չեն, բայց մենք դրան գնում ենք, որովհետև հասկանում ենք, որ կարևորը երկիրն այս վիճակից դուրս բերելն է: Հիմա ինչ ուզում են, թող խոսեն, անցողիկ են դրանք, օդի տատանումներ են: Եթե մենք արդյունք չստանանք, կլինենք պատասխանատու, մեր ասածների համար կկրենք համապատասխան պատասխանատվություն: Ճիշտ կառավարում իրականացնելու պարագայում հայությունը ունի ռեսուրս` այս վիճակից դուրս գալու համար»,- ասաց Ռուստամյանը եւ եւս մեկ անգամ շեշտեց, որ իրենց հանձնվելիք ոլորտների քանակը բացարձակապես կապ չունի, որովհետև մենք հիմա գտնվում ենք կիսանախագահական համակարգում:

Ռուստամյանն ընդգծեց՝ գիտակցում են, որ շատ ծանր բեռի տակ են մտնում, բայցեւ հասկանում են, որ ուրիշ ճանապարհ չկա: «Մենք իրատես ենք, գիտենք, որ պրոբլեմները շատ են: Մեր ողջ ռեսուրսը, մարդուժը կկիրառենք, որպեսզի կարողանանք հարցերին արագ լուծում տալ: Բայց թե դա ե՞րբ կլինի, կոնկրետ ժամկետներ չեմ կարող ասել»,-ասաց նա:

Ռուստամյանը վստահեցրեց, որ ոչ մի համագործակցություն որևէ մեկի հետ չեն բացառում, այդ թվում` այն բոլոր ընդդիմախոսների, որ այսօր, փրփուրը` բերաններին, քննադատում են: «Եթե տեսնենք որևէ դաշտ, որտեղ կա համընկնում մեր տեսակետների հետ, կհամագործակցենք: Մենք մեր երկրում թշնամիներ ու օտարներ չունենք»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ «պրոբլեմատիկ» որակումը ստացած Շիրակի մարզի ղեկավարումն են ստանձնում, ասաց, որ դժվար ոլորտ են ընտրել, և դա եղել է մտածված: «Այնտեղի խնդիրների լուծման համար պետք են հստակ ծրագրեր»,- ասաց Ռուստամյանը:

yerkir.am

FotorCreated

Շատ երկար ենք բանակցել, որպեսզի հիմնական բոլոր տարաձայնությունները կարողանանք հարթել

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյոք այսպիսի քննադատությունների սպասո՞ւմ էին նախարարության բաժանման հետ կապված:

«Նորմալ է, բանավեճ է տեղի ունենում, ամեն մեկն իր ենթատեքստերն ունի, հիմա ես չեմ ուզում դրանց անդրադառնալ։ Բայց, մի բան հստակ է, որ սա մեր համագործակցության առաջին դրսևորումն է՝ հեռանկարային համաձայնագրի, որը կստորագրվի եկող շաբաթ»,-ասաց նա:

Նա հիշեցրեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարություն չկար, և դա ստեղծվեց հենց ՕԵԿ-ի նախարարին տրամադրելու համար:

«Դրա համար մարդիկ, որ հայտարարություններ անում են, պետք է հիշեն նաև անցած ամբողջ պատմությունը: Հետո միացվեց այդ նախարարությունը Տարածքային կառավարմանը, որը նույնպես քաղաքական ենթատեքստ ուներ, և ամեն մի այդպիսի քայլն էլ չի կարող քաղաքականությունից կտրված լինել»,-ասաց նա:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ այն ժամանակ ձեռնպահ են քվեարկել՝ նույն տրամաբանությամբ:

«Մենք կարծում ենք, որ արտակարգ իրավիճակների հարցը դա ներքին գործերի նախարարությանը հարիր գործառույթ է, և ապագայում, ես վստահ եմ, որ կլինեն շատ ավելի լուրջ կառուցվածքային վերանայումներ, որպեսզի համապատասխանեցնենք Սահմանադրությանը»,-ասաց նա և վստահություն հայտնեց, որ ապագայում ունենալու են շատ ավելի արդյունավետ բախշման խնդիր։

Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք շատ լուրջ են մոտենում են այս հարցին՝ հասկանալով, թե ինչ ծանր բեռի տակ են մտնում, և որևէ էյֆորիա, ոգևորություն չկա՝ ինչպես մյուսներին է թվում:

Ինչ վերաբերում է հարցին, թե փոփոխությունները երբ կարող է ժողովուրդը զգալ, ապա Արմեն Ռուստամյանն ասաց, որ Աստված հաջողի՝ շատ արագ կարելի է անել:

«Բայց մենք, բնականաբար, իրատես ենք և գիտենք, որ խնդիրները շատ են։ Բնական է՝ մենք պետք է փորձենք հնարավորինս մեր ողջ եղած ռեսուրսը կուտակենք, որպեսզի կարողանանք հարցերին արագ լուծում տալ, բայց ժամկետներ ես հիմա չենք կարող ասել»,-ասաց նա:

Նա նշեց, որ այս համագործակցությունը ընտրությունների հետ կապված չէ, կա գաղափարական-քաղաքական ընդհանրություն, որի հիմքի վրա կարելի է դիտել այս համագործակցությունը, որը հեռանկարին միտված համագործակցություն է:

«Մենք շատ երկար ենք բանակցել, որպեսզի հիմնական բոլոր տարաձայնությունները կարողանանք հարթել»,-ասաց նա:

Հարցին, թե դիսկոմֆորտի զգացում չունի՞, նա պատասխանեց. «Դիսկոմֆորտի զգացում բոլորս պետք է ունենանք, որովհետև մեր երկրում ունենք այդքան խնդիրներ… Ինչպե՞ս կարող ես դու կոմֆորտի մեջ լինել, ժողովուրդը՝ դիսկոմֆորտի»։

Արմեն Ռուստամյանը նշեց, որ քաղաքականությունից հնարավոր չէ անջատել որևէ բան և քաղաքականությունը պետք է առաջնորդվի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, խնդիրները արդյունավետ լուծելու տրամաբանությամբ: Նա ասաց, որ միշտ այլ լուծումներ հնարավոր է գտնել, չեն ասում, որ դա միակ լուծումն է եղել, սակայն արդյունավետությունը ժամանակը ցույց կտա:

armenpress.am

Տպել Տպել