Ինչ է փնտրում Ալիեւը Թեհրանում

FotorCreatedԱյսօր պաշտօնական այցով Թեհրան է ժամանել Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւը: Այցի նախօրէին, իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ այցի ընթացքում նախատեսւում է ստորագրել երկկողմ համագործակցութեան 10 համաձայնագիր:

Սակայն, անզէն աչքով անգամ ակնյայտ է, որ Ալիեւի այցն Իրան համագործակցութեան 10 համաձայնագրերից բացի, հետապնդում է չափազանց լուրջ, ռազմավարական նշանակութեան հեռահար նպատակներ, որոնց շրջանակում անշուշտ իր ուրոյն տեղն է ունենալու Հայաստանի չէզոքացումը՝ Իրանի մասնակցութեամբ տարածաշրջանային ու միջազգային նշանակութեան էներգետիկ եւ տրանսպորտային հնարաւոր բոլոր նախագծերից:

Տեւական ժամանակ, նմանատիպ բոլոր նախագծերում, Հայաստանի նկատմամբ յաղթանակի սովոր Բաքւի համար շուկային էֆեկտ ունէր նախօրէին պաշտօնական Թեհրանի եւ Թբիլիսիի պայմանաւորւածութիւնը՝ Վրաստանին Հայաստանի տարածքով գազ մատակարարելու կապակցութեամբ:

Բաքւում արդէն գիտակցում են, որ անհնար է կանխել Վրաստանի եւ Իրանի, ինչպէս նաեւ Ռուսաստանի միջեւ յաւելեալ գազմատակարարման հնարաւոր գործարքների կայացումը: Սա Հարաւային Կովկասի էներգետիկ նախագծերում հաստատւած ստատուս քւոյի եւ ուժերի յարաբերակցութեան փոփոխութեան առաջին ծիծեռնակն է:

Տրամաբանութիւնը յուշում է, որ այս նախագծին պէտք է յաջորդեն հարաւկովկասեան երթուղով իրանական գազը եւրոպական շուկաներ հասցնելու խիստ յաւակնոտ, հեռանկարային նախագծերը, որոնց հակակշռելու համար Բաքւի կալիբրն անկասկած չի բաւարարելու:
Թերեւս հէնց այս հեռանկարն էլ ստիպել է Ադրբեջանին անցնել ակտիւ գործողութիւնների կանխելու համար Իրանի մասնակցութեամբ տարբեր նախագծերում Հայաստանի ներառումը՝ ապահովելով այդ հնարաւոր երթուղիների հոսքն իր տարածքով: Պաշտօնական Բաքւի համար սա ունի ռազմավարական չափազանց կարեւոր նշանակութիւն, եւ ամբողջովին տեղաւորւում է նրա հակահայկական դոկտրինայի տրամաբանութեան շրջանակներում:

Անկասկած Ադրբեջանն անելու է հնարաւորն ու անհնարը շարունակելու տարածաշրջանային էներգետիկ եւ տրանսպորտային բոլոր նախագծերից Հայաստանի բացառելու քաղաքականութիւնը: Բաքւի, այս նկրտումների յաջողութիւնը մեծապէս կախւած է նաեւ այն հանգամանքից, թէ շախմատային նրբերանգներով համեմւած աշխարհաքաղաքական այն բարդագոյն խաղում ինչպէս կը շարժւեն Երեւանն ու Թեհրանը:

Փետրւարի 19-ին, ՀՀ նախագահի նստավայրում, Իրանի հետ Հայաստանի յարաբերութիւնների օրակարգային հարցերի, ընթացիկ ծրագրերի ու նոր նախաձեռնութիւնների կապակցութեամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի եւ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի խորհրդակցութիւնը վկայում է այն մասին, որ պաշտօնական Երեւանը գիտակցում է, թէ բարեկամ Իրանի հետ քաղաքա-տնտեսական յարաբերութիւնների բարձրացումը ռազմավարական մակարդակի՝ ինչպիսի հնարաւորութիւն կընձեռի ճեղքելու Թուրքիա-Ադրբեջան տենդեմի Հայաստանը բացարձակ շրջափակման մէջ պահելու քաղաքականութիւնը:

Մնում է սպասել, թէ ո՞րն է լինելու պաշտօնական Թեհրանի յաջորդ քայլը: Ո՞ւմ է տալու նա նախապատւութիւնը: Պատժամիջոցների դժւարին օրերին իր բարեկամութիւնն ապացուցած Երեւանին, թէ իր ռազմավարական ամենահեռահար ծրագրերում Իրանի անվտանգութիւնը, կայունութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը թիրախաւորած Բաքւին:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

alikonline.ir/hy/

Տպել Տպել