Բյուրոկրատիզմը շատ-շատ է

ԿԳ նորանշանակ նախարարը խոսեց անելիքների մասին

լեւոն ՄԱյսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԿԳ աշխատակազմին ներկայացրեց ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին:

Մկրտչյանը yerkir.am-ի դիտարկմանը` ԿԳՆ աշխատակիցներից մեծ մասի հետ աշխատել եք, և թիմը Ձեզ համար նոր չէ, պատասխանեց, թե, իհարկե, ԿԳՆ-ում կան աշխատողներ, որոնք դեռ ԿԳՆ իր առաջին մուտքից` 1998-ից են աշխատում: ԿԳՆ-ում, ըստ նրա, հաջորդականությունը, աշխատանքային իմաստով, պահպանվել է:

Դիտարկմանը, թե ստացվում է` միայն միջավայրն է նոր` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԿԳՆ-ն տեղափոխվել է նոր շենք, Մկրտչյանը պատասխանեց, որ ոչ մի բանն էլ անսովոր չէ, մեր երկրում ենք ապրում:

Հարցին, թե առաջիկայում սպասվո՞ւմ են կադրային փոփոխություններ, նա պատասխանեց, որ իրեն ժամանակ է պետք, բայց ամեն ինչի հիմքում պրոֆեսիոնալիզմն է լինելու: «Համենայն դեպս, կարող եմ ասել, որ մամուլի նոր քարտուղար կունենանք, որը կլինի շատ գործուն և ոչ կուսակցական»,- հայտնեց նա:

«Այս ընթացքում հետևո՞ւմ էիք ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործունեությանը և ինչպե՞ս կգնահատեք այն» հարցին էլ պատասխանեց, որ ոչ միայն հետևում էր, այլև ենթակա էր Աշոտյանին, քանի որ այդ ընթացքում դասավանդել է ԵՊՀ-ում: «Այն բարեփոխումները, որ դեռ ես էի սկսել, դրանց դրական և բացասական կողմերը զգացել եմ`որպես դասախոս, և դա ինձ շատ կօգնի: Պետք է ասեմ, որ բյուրոկրատիզմը շատ-շատ է, բյուրոկրատական բեռնաթափում կլինի, քանի որ ինձ վրա եմ զգացել դրա բեռը, այսինքն՝ երբ վերևից հրաման է իջեցվում, շատ ժամանակ է գնում ինչ-որ թղթեր լրացնելու վրա: Իսկ, առհասարակ, կրթության նախարարությունն աշխատում է ծրագրով, և շատ կարևոր է այն, որ այդ ծրագրերը տարիների խորքից են գալիս: Դեռ 1997-ին, երբ սկսվեց համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ, երկու կարևոր սկզբունք դրվեց՝ համապատասխանություն և որակ: Համապատասխանությունն այս տարիների ընթացքում ինչ-որ կերպ արեցինք, հաջորդ փուլը որակն է, այսինքն՝ որակի, բովանդակության վրա շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել»,- ասաց նախարարը:

Տպել Տպել