Ամեն ինչ` իր ժամանակին

FotorCreated143Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նոր նախարար Արծվիկ Մինասյանին: Այնուհետև նախկին և նոր նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ են միմյանց հետ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ընտիր»: Ճշմարիտյանն էլ պատասխանեց. «Փայլուն»:

«Ես խնդրեցի պարոն Ճշմարիտյանին, որ միասին շարունակենք մեր գործունեությունը: Ես նրա ներդրումը շատ բարձր եմ գնահատում այս նախարարության կայացման և երկրի տնտեսական զարգացման գործում»,- հավելեց Արծվիկ Մինասյանը:

Լրագրողները հարցրեցին Ճշմարիտյանին` կա՞ ինչ-որ թալիսման, որ կցանկանար փոխանցել Արծվիկ Մինասյանին: Ճշմարիտյանը պատասխանեց. «Կա մի բան, բայց չեմ կարող նկարագրել, ես նրան ցույց կտամ»:

Հարցին, թե ո՞րն է լինելու առաջին քայլը, որ պետք է անի նոր նախարարը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Թույլ տվեք նախ ծանոթանալ ամբողջ համակարգին, հետո կխոսեմ այդ մասին»:

Հարցին, թե ի՞նչ կադրային քաղաքականություն է վարելու, նա պատասխանեց. «Ամեն ինչ` իր ժամանակին, սահուն ընթացքով և, բնականաբար, բխեցնելով համաձայնագրից ու նախագահի ելույթից դուրս գրված համապատասխան կադրային քաղաքականության դրույթներից»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք ծանր պատասխանատվություն չէ` վերցնել նման ոլորտը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Իհարկե, սա պատասխանատվություն է: Եթե պրոֆեսիոնալ ու միասնական թիմ լինի, ապա արդյունք կունենանք, և մեր երկրի տնտեսությունն էլ ավելի որակական ու նոր զարգացում կունենա»:

Լրագրողները հարցրեցին, թե ինչպե՞ս է պայքարելու մենաշնորհների դեմ: Նորանշանակ նախարարը պատասխանեց. «Դուք ականատես կլինեք տնտեսական քաղաքականության մեջ նոր առաջարկությունների, և վարվող քաղաքականությունը պետք է բերի էլ ավելի լավ մրցակցային պայմանների ձևավորման: Ես հիմա չեմ նշի այդ գործիքները, առանձին հանդես կգամ մանրամասն մոտեցումներով և կտամ սպառիչ պատասխաններ: Մի բանում վստահ եղեք, որ իմ գործունեությունը մամուլի հետ լինելու է բաց ու թափանցիկ, և խնդրելու եմ, որ մամուլն աջակցի մեզ մեր գործունեությունը էլ ավելի արդյունավետ իրականացնելու գործում»:

«Արդյո՞ք կկարողանաք երկնիշ տնտեսական աճին հասել» հարցին նոր նախարարը պատասխանեց. «Առաջն Աստված»:

yerkir.am

Տպել Տպել