Ունենք անթույլատրելի վիճակ, երբ ծնողները չեն ուզում իրենց երեխաներին ավագ դպրոց ուղարկել

FotorCreatedՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրավիրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին ներկա են եղել նախարարության ստորաբաժանումների ու առանձնացված կառույցների պատասխանատուները:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից, նախարարը խորհրդակցությունը սկսել է հանրապետությունում ընթացող կառավարման ոլորտի բարեփոխումներով պայմանավորված համակարգային նոր մշակույթի կարևորմամբ։

«Սահմանադրության փոփոխություններից հետո մեր պետությունը թևակոխել է պետական համակարգի փոփոխությունների ակտիվ փուլ, որն ենթադրում է կառավարման ավելի արդյունավետ մշակույթի ներդրում: Հանրապետության Նախագահի վերջին ծրագրային ելույթում շատ հստակ ուղենիշներ դրվեցին առաջիկա տարիների համար: Դա, ըստ էության, Հայաստանի Հանրապետության նոր ծրագրային փաստաթուղթն է, որը դրվելու է մեր աշխատակարգի հիմքում: Կրթական համակարգի ծրագրային բարեփոխումները պետք է իրականացվեն նոր աշխատակարգով: Ովքեր կարող են և պատրաստ են այդ աշխատակարգի պահանջով առաջնորդվել կշարունակեն իրենց նպաստը բերել կրթական համակարգի զարգացմանը»,- նշել է Լևոն Մկրտչյանը, շեշտելով, որ խորհրդակցության մասնակիցներից շատերը կրթական համակարգում անցել են երկար ճանապարհ և ունեն մեծ ներդրում համակարգի ստեղծման գործում:

Նախարարը մեկ անգամ ևս շեշտել է, որ աշխատանքի գնահատման միակ չափանիշը լինելու է պրոֆեսիոնալիզմը։

«Դժվարությամբ իրականացված բարեփոխումների ընթացքում մենք կարողացանք կրթական համակարգի արտաքին տեսքը ստեղծել, ժամանակն է, որ մտածենք բարեփոխումների ձևի մեջ բովանդակություն ներդնելու մա սին: Կրթական հիմնական բարեփոխումները եղել են համապատասխանության և որակի ծրագրեր: Համապատասխանության խնդիրը, գուցե որոշակի բացթողումներով, սակայն լուծել ենք, այժմ մենք խնդիր ունենք տարիների ընթացքում ստեղծված բարեփոխումների գործիքակազմին տալ իմաստ, այլապես դրանք կարող են կորցնել իրենց իմաստը»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ կրթության որակի խնդիրը բովանդակային լուրջ աշխատանք և համատեղ ջանքեր է պահանջում:

Նախարարն առանձին անդրադարձել է կրթության բոլոր աստիճաններին` մանրամասնելով հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները:

Լ. Մկրտչյանն այս համատեքստում հատուկ ընդգծել է հանրակրթության ոլորտում ավագ դպրոցների, բարձրագույն կրթության ոլորտում մագիստրոսի ծրագրի արդյունավետության բարձրացումը։

«Մենք ունենք մի վիճակ, երբ ծնողները չեն ուզում իրենց երեխաներին ավագ դպրոց ուղարկել: Սա անթույլատրելի է: Խնդիր ունենք նաև մագիստրատուրայում, մասնավորապես, պետք է հստակեցնենք ինչով են տարբերվում բակալավրի և մագիտրոսի կրթական ծրագրերը և դրանց համապատասխանությունն աշխատաշուկայի պահանջներին, այլապես բարձրագույն կրթության աստիճանավորումը կորցնում է իր արժեքը»,- ընդգծել է Լևոն Մկրտչյանը` հավելելով, որ որպես ԵՊՀ դասախոս անձամբ է զգացել կրթական բարեփոխումների որոշ հետևանքները կրթության որակի վրա:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթական համակարգի կառուցվածքային, համակարգի ֆինանսավորմանը, առանձնացված ստորաբաժանումների աշխատանքին և բազմաթիվ այլ հարցերի:

tert.am

FotorCreated

ԿԳ նոր նախարարը հույս ունի, որ տնօրենները զերծ կմնան ընտրական գործընթացներից

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե ամեն ընտրությանն ականատես ենք լինում, թե դպրոցի տնօրեններն ու մանկավարժական կոլեկտիվներն ինչպես են ներգրավվում ընտրական գործընթացներում եւ այս կամ այն կուսակցության համար «կուրծք ծեծում», կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչպես է պատրաստվում պայքարել, որպեսզի տնօրենները հեռու մնան այդ ամենից, պարոն Մկրչտյանն ասաց, որ տնօրենները պետք է կրթությունով զբաղվեն:

Սակայն պարոն Մկրտչյանը նկատեց, որ երբեմն մարզերում, գյուղերում տնօրենները, ուսմասվարները ուզեն թե չուզեն պետք է ընդգրկվեն. «Բայց որ պիտի կրթական համակարգն, իսկապես, ապակուսակցականացվի եւ տնօրենը կամ ուսուցիչը զբաղվի իր հիմնական գործունեությամբ, սա մեզ համար առաջնային է: Ի վերջո պիտի հասկանանք, որ կրթության որակը մեզ բոլորիս վերաբերող հարց է, մենք բոլորս էլ դժգոհ ենք, որ երեխան գնում է դպրոց եւ արդյունքը լավ չի ստացվում եւ այդ որակի կարեւորագույն բաներից մեկն այն է, որ այդ ուսուցիչը պետք է հնարավորինս բեռնաթափվի այլ աշխատանքներից եւ զբաղվի իր հիմնական աշխատանքով»:

Մեր այն հարցին, թե ի՞նչ եք անելու, պատժելո՞ւ եք քաղաքականացված տնօրեններին, Լեւոն Մկրտչյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ որեւիցե տնօրեն կանի այնպիսի քայլեր, որ պատժելի կլինի»:

Պարոն Մկրտչյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

aravot.am

Տպել Տպել