Հոլանդահայ կազմակերպությունները երկրի ԱԳ նախարարին հորդորել են դատապարտել Ադրբեջանում հայկական ջարդերը

FotorCreatedՀաագայի «Հետ Պլեյն» հրապարակից փետրվարի 26-ին մեկնարկել են սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները, որոնց թվում են Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան և ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը, Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կունդերսին պահանջագիր են ներկայացրել, որում հորդորել են դատապարտել 28 տարի առաջ Ադրբեջանում իրականացված հայկական ջարդերը և ջանքեր գործադրել դադարեցնելու վերջինիս կողմից մինչև օրս շարունակվող ագրեսիան ազատ Արցախի հանդեպ, ինչպես նաև զինադադարի խախտումներն ու դիվերսիոն գործողությունները:FotorCreated

Ոգեկոչելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պահանջներին ի պատասխան Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում ադրբեջանական իշխանությունների կազմակերպած զանգվածային կոտորածների անմեղ զոհերի հիշատակը, ցուցարարները, «Կասեցնել ադրբեջանական ագրեսիան» կոչերով, քայլերթով շարժվել են դեպի Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանություն: Դրա դիմաց կայացած ցույցի ընթացքում ելույթ ունեցողները դատապարտել են ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ու իրականացվող հակահայկական քաղաքականությունը, կոչ արել ադրբեջանական երիտասարդությանը ոտքի կանգնել՝ փոխելու Ադրբեջանի ռազմամոլ պահվածքը, և պահանջել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի հանդեպ շարունակվող ագրեսիան:

armenpress.am

Տպել Տպել