Հ.Յ.Դ. երիտասարդականի յաջողութիւնը միջազգային ասպարէզում

FotorCreated 2016 թ. փետրուարի 26-28-ին, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցաւ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան Համաշխարհային համագումարը (IUSY World Congress)։

Համաշխարհային համագումարը կազմակերպութեան բարձրագոյն ժողովն է, որը տեղի է ունենում երկու տարին մէկ անգամ եւ, որտեղ շրջանաւարտ ղեկավար մարմինը ներկայացնում է երկու տարուայ իր նիւթաբարոյական գործունէութեան զեկոյցը, ճշտւում է կազմակերպութեան հետագայ գործունէութեան ուղենիշերը եւ ընտրում ղեկավար նոր մարմին։

Հ.Յ.Դ. Երիտասարդականը համագումարին մասնակցում էր չորս հոգանոց պատուիրակութեամբ՝ Սարինէ Աբրահամեան (Նիդերլանդներ), Արփինէ Մարտիրոսեան (Շուեդիա), Հայկ Իգիթեան (Հայաստան) եւ Կարապետ Շադոյեան (Աւստրիա)։

Ալբանիայում տեղի ունեցած համագումարում ժողովականները նախ լսեցին շրջանաւարտ մարմնի գործունէութեան զեկոյցը, ապա քննարկեցին փախստականների ներկայիս ճգնաժամի, համաշխարհային խաղաղութեան, ընկերվարութեան ու հանդուրժողականութեան վերաբերող հարցեր։

Վերջում ընտրուեց նոր ղեկավար մարմին՝ նախագահութիւն։ Հ.Յ.Դ. Երիտասարդականն առաջադրել էր փոխնախագահի թեկնածու՝ եւրոպական կոմիտէում։ Երկարատեւ հետեւողական աշխատանքի արդիւնքում Կարապետ Շադոյեանն ընտրուել է միջազգային ընկերվարական այս ամենամեծ կազմակերպութեան հինգ եւրոպական փոխնագահներից մէկը՝ ստանձնելով Սեւծովեան տարածաշրջանի պատասխանատւութիւնը։

Միջազգային այս հեղինակաւոր կազմակերպութեան մէջ բարձր պատասխանատւութիւն ստանձնելը լաւագոյն հնարաւորութիւն է ստեղծում Հ.Յ.Դ. Երիտասարդականի համար՝ Հայաստանն ու հայութիւնը ճիշտ կերպով ներկայացնելու միջազգային երիտասարդական հանրութեանը եւ վերջիններիս ծանօթացնելու հայ ազգի արդարատենչ ձգտումներին։

Միաժամանակ լինելով ղեկավար մարմնի անդամ՝ Հ.Յ.Դ. Երիտասարդականը նաեւ առիթ պիտի ունենայ կարեւոր դերակատարութիւն ունենալու աշխարհի եւ տարածաշրջանի երիտասարդութեան առընչուող հարցերի եւ պահանջների գծով։

Յիշեցնում ենք, որ 2015 թ. մայիսին Հ.Յ.Դ. Երիտասարդականի հիւրընկալմամբ Երեւանում տեղի ունեցաւ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան Համաշխարհային խորհրդի ժողովը աշխարհի աւելի քան 50 երկրներից 160 երիտասարդների մասնակցութեամբ։

Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեանն անդամակցում են 143 ընկերվարական, ընկերվար-ժողովրդավարական եւ աշխատաւորական կազմակերպութիւններ աշխարհի աւելի քան 100 երկրներից։

Հ.Յ.Դ. Երիտասարդականը՝ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան լիիրաւ անդամ է։

Հ.Յ.Դ. Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ

28 փետրուարի, 2016 թ.

Տպել Տպել