Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը պատրաստ կլինի մինչև ապրիլ

FotorCreatedՖրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը պետք է իրավական ամուր հիմքերի վրա լինի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

«Ինչպես գիտենք, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է, որ խորհրդարանին կներկայացվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը: Նախագահ Օլանդը օրինագծի պատրաստման գործընթացը վստահել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան Պոլ Կոստային: Նա շատ լավ մասնագետ է, հայտնի իրավաբան: Նախատեսված է, որ նախագիծը պատրաստ կլինի մինչև ապրիլ և կառավարությունը այն ներկայացնի խորհրդարանին»,-ասաց Մուրադ Փափազյանն` ավելացնելով, որ 10 տարի է այս խնդրի ուղղությամբ են աշխատում և ցանկանում են, որ այս տարի այ ն վերջնական լուծում ստանա: Մուրադ Փափազայանի խոսքով, պետք է նոր օրինագիծն իրավական ամուր հիմքերի վրա լինի, որպեսզի Սահմանադրական դատարանը չբեկանի:

«Երբ խորհդարանը օրինագիծը քնննարկի և հաստատի, դրանից հետո անպայման մեր թշնամիները պետք է հարցը տանեն Սահմանադրական դատարան , ինչպես եղավ 2012-ին: Հետևաբար ամուր իրավական հիմքեր են պետք, որ դատարանը չբեկանի» ,-ավելացրեց Մուրադ Փափազյանը:

Նա տեղեկացրեց, որ Արցախի հարցի հետ կապված լուրջ աշխատանք պիտի տարվի, որպեսզի հաջողություններ արձանագրվեն Արցախի ճանաչման ճանապարհին:

«Չենք կարող ասել, որ Արցախն այս տարի կճանաչվի, բայց գոնե ինչ-որ հանգրվանի պետք է հասնենք, առաջ քայլ լինի: Գիտենք, որ խոսվում է ղարաբաղյան խնդրի հետ կապված նոր առաջարկների մասին: Չենք կարող ասել, որ լավատես ենք, վերջնական լուծում կլինի, սակայն որևէ քայլ դեպի խաղաղություն պետք է արձանագրել»,-ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը:

Մուրադ Փափազյանը նշեց, որ նկատվում է Ֆրանսիայի պատգամավորների աշխատանք Արցախի հետ: «Կազմակերպվել են այցելություններ Արցախ, և տեղում խնդրին, իրավիճակին ծանոթանալուց հետո պատկերացումները փոխվել են: Այս տարի նույնպես նախատեսում ենք տարբեր խմբերի այցելություններ կազմակերպել դեպի Արցախ»,-հավելեց նա:

Ֆրանսահայության համար հաջորդ կարևոր հարցը սիրահայությանը զորակցելն է: «Սիրահայության վիճակը ծանր է, շատ կարևոր է մեր ազգակիցներին աջակցելը: Ֆրանսիայի հայկական համայնքն իր զորակցությունը կհայտնի, որպեսզի փրկվի Սիրիայի համայնքը: Աջակցությունը կլինի թե ֆինասնական, թե մեր կապերի տեսքով»,-ասաց Մուրադ Փափազյանը` նշելով, որ Ֆրանսիա այդքան շատ սիրահայեր չեն գնում, ովքեր էլ, որ գնում են, հիմնականում տեղում հարազատներ ունեն:

Տպել Տպել