Թեժ բանավեճ կառավարության նիստում, ՀՅԴ նախարարի մասնակցությամբ

FotorCreatedԿառավարության այսօրվա նիստում թեժ քննարկում տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական կարգով ներկայացրած Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի ներկայացման ժամանակ:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ պատգամավորը նախագծով նախատեսում է, որ ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող անհատ ձեռնարկատերերի՝ ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում ստացած եկամուտները եկամտային հարկման առումով համարում են նվազեցվող եկամուտներ և չեն հարկվում եկամտային հարկով: Նա կառավարությանը կոչ արեց այս նախագիծը համարել անընդունելի:

«Այդ կապակցությամբ հայտնում ենք հետևյալը, որ նոր հարկային արտոնությունների սահմանումը չի բխում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության ուղղություններից, քանի որ իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման բազաների ընդլայնմանը և հարկային արտոնությունների շրջանակի կրճատմանը: Ավելին, ֆինանսների նախարարության կողմից մշակված հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է առավելագույնը կրճատել հարկային արտոնությունների շրջանակը և ընդլայնել հարկման բազաները, որը հանդիսանում է հարկային համակարգի երկարաժամկետ զարգացման հիմնական ուղղություններից մեկը”,- ասաց Գագիկ Խաչատրյանը:

Նա նշեց, որ միժամանակ հայտնի է, որ ազատ տնտեսական գոտիները ստեղծվում են օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմամբ՝ նոր աշխատատեղեր ստեղծելու, արտահանումը և տնտեսական աճը խթանելու նպատակով: Հետևաբար, անհատ ձեռնարկատերերին ազատ տնտեսական գոտիներում գործունեություն իրականացնելու լրացուցիչ խթանների տրամադրումը չի հանգեցնի օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ընդդիմացավ այս տեսակետին, ասաց, որ էկոնոմիկայի նախարարությունն այս հարցի վերաբերյալ ունեցել է տրամաբանորեն հակառակ տեսակետը: Նա նշեց, որ իրենք հիմնավորումներ ունեն՝ սա նոր արտոնություն չէ: Եկամտային հարկի մասին 1997 թվականի դեկտեմբերի 27-ի օրենքով դեռևս դա նախատեսված է եղել, սակայն երբ եկամտային հարկի միավորում տեղի ունեցավ, այս հարկատեսակը տեխնիկական պատճառով դուրս է մնացել:

“Երկրորդ փաստարկն այն է, որ ազատ տնտեսական գոտու շրջանակներում, եթե մենք կազմակերպությանը տվել ենք շահութահարկի մասով արտոնություններ, ապա անհատ ձեռնարկատերը, որի հիմնական եկամուտը այդ գործունեությունից ստացվող եկամուտն է, նույնպես նույն ռեժիմով պետք է գործեր: Սա նաև հավասարության ապահովման տեսանկյունից ենք մենք հիմանվորում: Առ այս պահը մենք ազատ տնտեսական գոտում չունենք որևէ անհատ ձեռնարկատեր շահագործող: Այսինքն՝ մենք բյուջեի վրա բացասական ազդեցություն չունենք, բայց փախարենը ապահովում էինք արդար ու հավասար մրցակցություն”,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Գագիկ Խաչատրյանի ներկայացրած տեսակետը սկսեց պաշտպանել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Ես ուզում եմ շարունակել պարոն Մինասյանի տեսակետը՝այո, իհարկե, բյուջեի վրա սա ազդեցություն չի ունենա, որովհետև մենք ազատ տնտեսական գոտում չունենք անհատ ձեռնարկատեր: Բայց մենք պետք է հասկանանք, թե մենք ինչ տեսլական ունենք ազատ տնտեսական գոտում: Արդյոք մենք պատկերացնում ենք ազատ տնտեսական գոտին մի գոտի, որտեղ անհատ ձեռնարկատերե՞ր են, թե՞ իրականում մենք այստեղ պատկերացնում ենք բարձր տեխնոլոգիաներով հագեցած խոշոր ընկերությունների ներկայություն: Ես կարծում եմ՝ մենք դրա համար չէինք ստեղծում ազատ տնտեսական գոտին, որ այնտեղ բերեինք անհատ ձեռնարկատերեր: Մենք պետք է խթանենք մեծերին, իսկ սա խթանիչ գործիք է»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ իրենց քաղաքականությամբ խթանում են, որպեսզի անհատ ձեռնարկատերերը մուտք չգործեն ազատ տնտեսական գոտի:

“Ես շատ ուրախ եմ, որ այսօր որևէ անհատ ձեռնարկատեր չկա այդ ազատ տնտեսական գոտում, որովհետև մենք ուղղակի կվարկաբեկեինք այս գաղափարը: Դրա համար ես պաշտպանում եմ պարոն Խաչատրյանի ներկայացրած տեսակետը”,- ասաց Դավիթ Հարությանյանը:

Գագիկ Խաչատրյանն էլ շարունակեց, որ եթե արտոնություններ են տրվում, պետք է հասկանալ ինչի համար են տրվում, և պետք է գնահատելի լինեն այդ արդյունքները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտպանեց Գագիկ Խաչատրյանի ու Դավիթ Հարությունյանի տեսակետը և այս օրինագիծը համարեց անընդունելի:

lragir.am

Տպել Տպել