Հայաստանի մարզերում Կոնֆուցիոսի կենտրոններ կբացվեն

FotorCreatedԵրեւանում Չինական դպրոցի կառուցումը հայկական կողմի համար կարեւոր նախագիծ է: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ հայ-չինական հարաբերությունները գերակա են մեր երկրի համար, հատկապես` կրթամշակութային ոլորտում:

«Հայաստանը եւ Չինաստանը` որպես երկու հնամյա ժողովուրդներ եւ քաղաքակրթություններ, միասնական առաքելություն կատարելու խնդիր ունեն: Առհասարակ, Չինաստանը` որպես պատմականորեն մեծ ներուժ ունեցող երկիր, մեզ համար կարեւոր գործընկեր է»,-նշել է նախարարը` ընդգծելով Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Կոնֆուցիոսի կենտրոնի գործունեությունը, որը մասնաճյուղեր ունի նաեւ ԵՊՀ-ում եւ Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանում:

Լեւոն Մկրտչյանն անդրադարձել է կենտրոնի մասնաճյուղերը ՀՀ մարզերում բացելու հնարավորությանը, քանի որ, ըստ նախարարի, մեր երկրում մեծ է հետաքրքրությունը չինարեն լեզվի եւ մշակույթի հանդեպ: Լեւոն Մկրտչյանի խոսքով` այդ մասին է վկայում միջպետական համաձայնագրի շրջանակում չինական կողմի տրամադրած կրթաթոշակների համար անցկացվող մրցույթի մասնակիցների մեծ թիվը:

ԿԳ նախարարը կարեւորել է նաեւ Երեւանում Չինական դպրոցի կառուցման աշխատանքները` ընդգծելով, որ հայկական կողմի համար այն կարեւոր նախագիծ է: Նա հույս է հայտնել, որ հետագայում դպրոցի բազայի վրա կունենանք միջին եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ: Այս համատեքստում նախարարը մատնանշել է որակյալ մասնագիտական կադրերի խնդիրը: Լեւոն Մկրտչյանն անդրադարձել է նաեւ մեր երկրում բնական գիտությունների եւ, առհասարակ, գիտության զարգացմանը` այդ հարցում ակնկալելով չինական փորձը: Նրա խոսքով` գիտության ոլորտում մեր երկիրը մեծ ներուժ ունի. ներկայումս առկա է դրան նոր թափ տալու խնդիրը:

Դեսպանը Թիան Էրլունին իր հերթին հույս է հայտնել, որ Լեւոն Մկրտչյանի` որպես փորձառու նախարարի ղեկավարման օրոք, հայ-չինական համագործակցությունը կրթության եւ գիտության ոլորտում նոր զարգացում կստանա: Ըստ դեսպանի` ներկայումս այդ հարաբերությունները շատ արդյունավետ են, մասնավորապես, դիպլոմների փոխճանաչման, ուսանողների փոխանակման եւ այլ հարցերի տեսանկյունից: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ԿԳՆ-ին` Կոնֆուցիոսի կենտրոնի աշխատանքներին աջակցելու համար` ընդգծելով միջբուհական կապերի կարեւորությունը: Դեսպանն անդրադարձել է նաեւ ՉԺՀ Դալիան քաղաքի օտար լեզուների համալսարանում հայագիտության կենտրոնի եւ Պեկինի համալսարանում հայոց լեզվի` որպես ֆակուլտատիվ առարկայի դասավանդման հարցերին: Բացի այդ, դեսպանն ընդգծել է, որ չինական դպրոցը վստահաբար կդառնա հայ-չինական բարեկամության խորհրդանիշը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

news.am

Տպել Տպել