Քրդերը միացել են ՀՅԴ-ականների ցույցին՝ ընդդեմ թուրքերի

FotorCreatedՄարտի 11-ին հակահայկական ցույց է տեղի ունեցել Ստոկհոլմում` շվեդական խորհրդարանին կից տարածքում, որի նպատակն է եղել ժխտել 2010 թվականին շվեդական խորհրդարանի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանության բանաձևը:

Yerkir.am-ի հետ զրույցում Շվեդիայում ՀՅԴ անդամ Սարգիս Դեկիրմենճյանը հայտնեց, որ թուրքական ցույցին հակադարձելու համար նույն վայրում ցույց են կազմակերպել Շվեդիայի ՀՅԴ կառույցը, ՇԵՄ-ի (Շվեդիայի Երիտասարդական միության) կենտրոնական վարչությունն ու Շվեդիայի հայկական ընկերակցական միության մարմինը՝ շվեդական խորհրդարանի ողջունելի որոշմանը նեցուկ կանգնելու նպատակով:

Դեկիրմենճյանը նշեց, որ ՀՅԴ-ական և ՇԵՄ-ի երիտասարդներն իրենց մշտական և խանդավառ մասնակցությամբ պատնեշ են դրել թուրքական մոլեռանդ պահվածքին: Նրա խոսքով՝ ցույցի ընթացքում հայ երիտասարդների կողքին են եղել նաև տասնյակ ասորի և քուրդ ցուցարարներ:

Նշենք, որ Շվեդիայի խորհրդարանի կողմից ընդունված` Ցեղասպանության մասին բանաձևը Շվեդիայի իշխանություններից պահանջում էր գործակցել ՄԱԿ-ի, ԵՄ-ի և Թուրքիայի հետ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

Տպել Տպել