Իրանի Գիլանի նահանգի եւ Արարատի մարզի միջեւ կծավալվի փոխշահավետ համագործակցություն

FotorCreatedԻրանի Գիլանի նահանգի եւ Արարատի մարզի միջեւ կծավալվի փոխշահավետ համագործակցություն: Այս մասին, մարտի 14-ին, Իրանի Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիի հետ հանդիպման ժամանակ նշել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին եւ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:

Նախարարը ողջունել է հյուրերին, որոնք Հայաստանում են գտնվում Գիլանի նահանգի եւ Արարատի մարզի միջեւ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով եւ ընդգծել, որ Հայաստանում երբեւէ առիթը բաց չեն թողնում խոսելու բարեկամ Իրանի հետ դարերի ընթացքում ձեւավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն եւ պայմանավորված են ինչպես պատմամշակութային ընդհանրություններով, այնպես էլ փոխադարձ տնտեսական շահերով:

Դավիթ Լոքյանը ողջունել է Իրանի պատվիրակության այցը Հայաստան եւ կարեւորել ապակենտրոնացված համագործակցություն ծավալելու նախաձեռնությունը: Նախարարը նշել է, որ Իրանի եւ Հայաստանի մարզերի միջեւ համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ ներուժ կա եւ հույս հայտնել, որ Գիլանի նահանգի եւ Արարատի մարզի միջեւ կծավալվի փոխշահավետ համագործակցություն:

Մոհամմադալի Նաջաֆին շնորհակալություն է հայտնել նախարարին Հայաստան այցի հրավերի ու ջերմ ընդունելության համար: Ներկայացնելով նահանգի տնտեսական ներուժը՝ նահանգապետը համոզմունք է հայտնել, որ Գիլանի նահանգը Արարատի մարզի հետ կարող է համագործակցել գյուղատնտեսության, ձկնաբուծության, զբոսաշրջության ոլորտներում: Նահանգապետը տեղեկացրել է, որ այսօր պատվիրակությունը, որի կազմում են նաեւ մասնավոր հատվածի գործարար շրջանակների ներկայացուցիչներ, կայցելի Արարատի մարզ եւ տեղում կծանոթանա մարզում համագործակցության հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում Գիլանի նահանգապետը նշել է, որ Նովրուզի տոնին ընդառաջ բազմաթիվ իրանցիներ են այցելում Հայաստան եւ խնդրել է նախարարին՝ այս ժամանակահատվածում աջակցել նրանց համար զբոսաշրջային համապատասխան պայմաններ ստեղծելու հարցում: Նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ այս հարցով արդեն համապատասխան հանձնարարականներ են տրվել Սյունիքի, Վայոց ձորի,Արարատի մարզպետներին:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ համատեղ ծրագրեր իրականացնելուն վերաբերող այլ հարցեր:

news.am

Տպել Տպել