Լիբանանահայերի շրջանում խուճապ եւ տագնապային տրամադրություններ չկան

Լիբանանի հայկական համայնքում իրավիճակը հանգիստ է. խուճապային եւ տագնապային տրամադրություններ հայերի շրջանում չկա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն` ավելացնելով, որ հոկտեմբերի 22-ի առավոտյան զինված ընդհարումներ են տեղի ունեցել, սակայն լիբանանյան բանակը կարողացել է վերահսկել իրավիճակը:

Գանտահարյանի խոսքով` կառավարության շենքը, որտեղ բախումներ էին տեղի ունեցել, այժմ բանակի անմիջական հսկողության տակ է, սակայն քաղաքական առումով երկրում լարվածություն է նկատվում: Երբեմն հնչում են վարչապետի եւ նախագահի հրաժարականին ուղղված կոչեր: Չնայած դրան` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան արդեն հայտարարել են, որ աջակցում են Լիբանանի կայունությանը:

Գլխավոր խմբագիրը նաեւ նշեց, որ Լիբանանում կյանքը սկսում է վերադառնալ իր բնականոն հունին: Լիբանանահայերը մտավախություն ունեն, որ հարեւան երկրի զարգացումները կարող են վատ ազդեցություն ունենալ իրենց վրա: «Իրավիճակն ազդում է ինչպես լիբանանցիների, այնպես էլ տեղի հայ բնակչության վրա»,-ավելացրեց Գանտահարյանը:

Անդրադառնալով երկու օր առաջ Բեյրութի քրիստոնեական թաղամասում տեղի ունեցած պայթյունին` Գանտահարյանը հայտնեց, որ Աշրաֆիե թաղամասում բավական հայեր են բնակվում, սակայն տեղի ունեցածը հայերի դեմ ուղղված չէր: Ինչպես արդեն հայտնի է, լիբանանցի կին էր զոհվել` Ջորջետա Սարգսյանը, ով ամուսնացած էր հայ տղամարդու հետ: Այժմ արդեն աշխատանքներ են տարվում` նորոգելու վնասված խանութները եւ բնակելի շինությունները:

Աշրաֆիեում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Լիբանանի տեղեկատվության նախարար Նիկոլա Սահնաուին ավելի վաղ հայտնել էր, որ երկու հյուրանոցներ կընդունեն պայթյունի հետեւանքով տուժած ընտանիքներին:

Տպել Տպել