Քաղաքական կողմնորոշում ունեցող մարդն է դառնում ակտիվ քվեարկող

FotorCreatedՀայաստանի երիտասարդական հիմնադրամն այսօր շուրջ 794 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր հանձնեց: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ հիմնադրամը բավական դրական աշխատանք է կատարում, և հարյուրավոր ուսանողներ կարողանում են կրթաթոշակ ստանալ:

Դիտարկմանը, թե հիմնադրամի` ուսանողներին փոխանցած գումարները պետական բյուջեի գումարներն են, և նախարարի կարծիքով` ինչքանո՞վ են ճիշտ միջնորդավորված, Մկրտչյանը պատասխանեց, որ ինքը պայմանավորվել է, որ ապրիլի առաջին տասնօրյակում հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպում պետք է լինի, որին նաև ուսանողական խորհրդի նախագահները ներկա կլինեն, և տեղում կճշտեն բոլոր հարցերի պատասխանները:

«Մեր կրթական ազգային ծրագրի մեջ երիտասարդությունը բավական լուրջ դերակատարում ունի: Իսկ ինչ վերաբերում է ՀԵՀ-ին, ապա տարիներ առաջ, երբ ՀԿ-ն ձևավորվեց, մենք պայմանավորվեցինք, որ համալսարանները մասնաբաժին կլինեն: Նրանց աշխատանքը պետք է թափանցիկ լինի, ինչպես և կա»,- ասաց Մկրտչյանը:

Հարցին, թե հիմնադրամի ամբողջ կազմը, կառավարման խորհուրդը ՀՀԿ-ականներ են, այս պարագայում որքանո՞վ է հիմնավորված, որ բյուջեից ֆինանսներ են գնում կուսակցականացված կառույցի, նախարարը պատասխանեց, որ չի կարծում, թե կառույցն իր առջև կուսակցականացված որևէ խնդիր է դրել:

«Մենք պետք է հասկանանք Երիտասարդական հիմնադրամի դերակատարումը, դրա համար էլ հանդիպում ենք կազմակերպում: Այն, ինչ հիմա ՀԵՀ-ն է անում, շնորհակալ քայլ է, քանի որ հարյուրավոր ուսանողների են կրթաթոշակ տալիս: Չեմ կարծում, որ այս գործընթացը կարող է թափանցիկ չլինել, քանի որ երբ կուրսում մեկին տալիս ես անապահովության համար թոշակ, նա շարունակում է սովորել այդ կուրսում իր ուսանող ընկերների հետ»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` կրթությունն այն դաշտն է, որտեղ կուսակցությունները կարող են շատ օգտակար լինել, և եթե ամեն կուսակցության երիտասարդական թև կարողանա նպաստել ուսանողության սոցիալական վիճակի բարձրացմանը, լավ կլինի:

«Տեսեք` բյուջեն ինքն ուղիղ չի կարող տալ ուսանողին ինչ-որ գումար, բյուջեն պետք է տա ինչ-որ կառույցի, և ես կարծում եմ, որ ՀԿ-ի միջոցով բյուջեի տեղաբաշխումն ավելի ճիշտ է, քան բյուրոկրատական ապարատի միջոցով: Օրինակ` եթե փոխանցեն ԿԳՆ-ին, նախարարությունն էլ իր վարչությունների միջոցով փորձի տալ համալսարաններին, իմ կարծիքով, ոչ էֆեկտիվ կլինի, քան ՀԿ-ի դեպքում, որն ավելի թափանցիկ ու վերահսկելի է»,- ասաց նախարարը:

Ճշտմանը, թե հնարավո՞ր է, որ ՀԵՀ-ը դառնա անկուսակցական ՀԿ, Մկրտչյանը պատասխանեց, որ ճիշտ չի համարում, որ հիմնադրամներում ամբողջովին անկուսակցական մարդիկ լինեն, որովհետև, ի վերջո, քաղաքականության կրողները երիտասարդներն են, որոնք պետք է ունենան քաղաքական կողմնորոշումներ: «Քաղաքական կողմնորոշում ունեցող մարդն է, որ դառնում է ակտիվ քվեարկող: Դուք հստակ վիհ եք փորում` իշխանություն-ընդդիմություն, կուսակցական-քաղաքական կյանք, դրանք թշնամի կատեգորիաներ չեն, մեր երկրի արդյունքն են»,- ասաց նախարարը:

Պետք է կարողանանք հավասարակշռությունը գտնել ուսանողի կուսակցական պատկանելության և համալսարանական գործունեության միջև: Նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա նշեց, որ առաջիկայում պատրաստվում են հանդիպել ուսխորհուրդների նախագահների հետ և քննարկել այս հարցը:

«Մենք հիմա մշակելու ենք համալսարանական օրենքը, և բոլոր հարցերը պետք է օրենքով կարգավորվեն: Մի կողմից` որևէ երիտասարդի չի կարելի արգելել, որ նա պատկանի այս կամ այն կուսակցության կամ ակտիվ լինի, բայց, մյուս կողմից, նրա աշխատանքային գործունեության մեջ համալսարանը պետք է կարողանա չեզոք լինել: Մենք օրենքում ունենք շատ լավ հոդված, ըստ որի` կուսակցական գործունեությունը բուհում արգելված է»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ պետք է կարողանանք ուսանողության դերակատարումն ավելի հստակեցնել, չնայած այն հանգամանքին, որ այսօր էլ ուսանողների 25 տոկոսը ներկայացված է բուհի կառավարման խորհրդում: Հիմա, ըստ Մկրտչյանի, պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք` ինչո՞ւ այդ ուսանողները չեն կազմակերպվում և չեն կարողանում իրենց շահերին հետամուտ ուսխորհուրդներ ձևավորել: «Մի երկրում, որտեղ չկա ազատ մտածողություն, համալսարանական առաջընթաց, այդ պետությունները չեն կարող հաջողության հասնել: Հայաստանում մենք ունենք համալսարանական ավանդույթներ, իսկ մնացած հարցերն իրենց լուծումները կգտնեն, երբ օրենքի քննարկումը սկսենք»,- ասաց նախարարը:

Կրթական համակարգում հիմա ժամանակն է ձևը համապատասխանեցնել բովանդակությանը, շեշտեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա նշեց, որ մենք լուծել ենք կարևոր մի խնդիր` ձևի հարցը, իսկ ձևը վատ բան չէ, այսինքն` մենք աշխարհի բուհական համապատասխանությունն ունենք: Հիմա դա հայկական տեսակով, որակով ապահովելու խնդիրն, ինչը տարիների աշխատանք է:

«Այդ աշխատանքը պահանջում է խնամք և հոգատարություն կրթական համակարգի նկատմամբ, այսինքն` բոլոր քաղաքական ուժերը պետք է խնամքով մոտենան կրթական համակարգին, նպաստեն դրա զարգացմանը, որովհետև մեր երեխաներն են այնտեղ սովորում: Եթե կարողանանք մի վիճակ ստեղծել, որ, անկախ քաղաքական հակադրություններից, կրթական համակարգը դառնա մեր հոգածության առարկան, իդեալական կլինի, և որքան մոտ գանք այս կետին, այնքան ավելի շատ մարդ կշահի»,- ասաց Մկրտչյանը:

Ըստ նրա` այս ամենին պետք է հասնել` օրենսդրական դաշտը կարգավորելով և մեխանիզմները հստակեցնելով:

Հարցին, թե ճի՞շտ է, որ ՀՅԴ-ն կոմպրոմատ է գտել նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վրա, և ինքը դրա շնորհիվ է այդ պաշտոնը ստանձնել, նախարարը պատասխանեց, որ որևէ հիմք չկա այդ խոսակցությունների համար:

Դիտարկմանը, թե, նախնական տարբերակով, ԿԳ նախարարի պաշտոնը չպետք է տրվեր ՀՅԴ-ին, բայց, ի վերջո, տրվեց, այսինքն` ՀՅԴ-ն որևէ կոմպրոմատ չունի՞ Աշոտյանի դեմ, որ արագ նման որոշում կայացվեց, Մկրտչյանը պատասխանեց, որ դրանք դատարկ խոսակցություններ են: «Ես չգիտեմ` ինչ պետք է տրվեր ՀՅԴ-ին և ինչ չպետք է տրվեր, բայց գտնում եմ, որ այս խոսակցությունները որևէ հիմք չունեն: Ինչ վերաբերում է կոմպրոմատներին, ապա մենք այդ գործելաոճը չենք օգտագործում մեր գործունեության մեջ, կոմպրոմանտներով աշխատելու ժամանակն անցել է»,- շեշտեց նա:

Տպել Տպել