Եթե քաղաքական համաձայնություն լինի, Արցախում նախագահի ինստիտուտը կարող է վերանալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

FotorCreated– Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Ձեր կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունները անհրաժեշտությո՞ւն են Արցախում, դրանք ի՞նչ են փոխելու. արդյո՞ք Հայաստանի տարբերակի կրկնօրինակը չի լինելու:

– Իրականում մեր երկրում ծագել է անհրաժեշտություն բարեփոխումներ անելու, որի հիմքը պետք է լիներ հետևյալը. առաջին՝ կառավարման հարցում օպտիմալացում, սա ամենակարևոր թեման էր, երկրորդ՝ վերջապես պետք է ընդունենք մի իրականություն, որ խորհրդային շրջանները մնացել են, մեզ մոտ շրջվարչակազմեր հասկացողություններ են ձևավորված, վարչակազմի ղեկավարն առանձնապես մեծ իրավունքներով, լիազորություններով օժտված չէ: Ունենք այդ խորհրդային վարչական շրջանների բազայի վրա ձևավորված շրջանային համայնքներ, այդ համայնքներում ապրող բնակչություն, ունենք նախագահի ինստիտուտ և կառավարություն: Գործող սահմանադրական պահանջ է, որ Ազգային ժողովը պետք է դառնա պրոֆեսիոնալ ԱԺ, նկատի ունեմ ընտրություններից հետո: Ընտրությունների նախաշեմին նորից անդրադարձ եղավ՝ ո՞ւր գնանք. գնա՞նք սահմանադրական բարեփոխումների, որպեսզի այդ դրույթը հանենք, թե՞ չհանենք, ինչպե՞ս ծանրաբեռնենք պրոֆեսիոնալ ԱԺ-ին: Ինձ համար թեման հետաքրքիր էր այն առումով, որ դեռևս ես հիշում եմ իմ երիտասարդ տարիներին, երբ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի խորհրդականն էի, մի առիթով ԳԽ նախագահությունում այդ հարցը քննարկվում էր, և բոլորը միաձայն ասում էին, որ միգուցե Արցախը նախագահի ինստիտուտ չունենա, և Արցախի կառավարման ուղղահայացը լինի Գերագույն խորհուրդը, ԳԽ նախագահությունը և կառավարությունը: Բայց իրադարձություններն այնպես զարգացան, որ ներդրվեց նախագահի ինստիտուտը երկրում, կառավարման այն մոդելը, ինչը ՀՀ-ում է, և հետագայում նախագահական կառավարման ուղղահայաց: Հայաստանում տեղի ունեցան սահմանադրական բարեփոխումներ, Արցախում դա տեղի չունեցավ, ուղղահայաց հստակ նախագահական երկիր է Արցախը, և այդ գործող Սահմանադրության շրջանակում Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորվեց նաև պրոֆեսիոնալ խորհրդարան:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ Արցախում նախագահական ինստիտուտը լիովին վերանա:

– Ես ձեզ փոխանցեցի իմ երիտասարդ տարիների ցանկությունը և երբեք էլ չեմ թաքցրել իմ անձնական տեսակետը՝ միացյալ Հայաստան, մեկ նախագահ. դա թողնենք մի կողմ, բայց այն, որ քաղաքական լուրջ քննարկումներ են լինելու Արցախում, մանավանդ նախագահը հրամանագիր է ստորագրել և ձևավորվել է հանձնաժողով, իսկ այդ հանձնաժողովը պետք է սկսի իր իրական աշխատանքը՝ միայն քաղաքական սկզբունքների շուրջ համաձայնություններ ձեռք բերելուց հետո: Բայց որ պետք է երկրի կառավարման առումով… 11.000 ք/մ տարածքի վրա մոտ 150.000 բնակիչ, տարածքի կառավարումը բավականին մեծ ռեսուրսներ է պահանջում, եթե այդ 150.000 բնակիչը կենտրոնացած լինի 3-4 բնակավայրերում, ապա կարելի էր խոսել ցանկացած կառավարման մասին, բայց հիմա քանի գնում կառավարումն ավելի ծախսատար է դառնում: Իրականում ինչ թելադրում է Սահմանադրությունը, այդ շրջանակներում մենք գործում ենք:

Հուսով եմ, որ նոր սահմանադրության շուրջ քաղաքական քննարկումների առանցքը, մեխը, հետագայում որը պետք է դառնա նպատակ, պետք է լինի իրական, հստակ, էլ ավելի օպտիմալ, քիչ ծախսատար կառավարումը՝ ինստիտուցիոնալ առումով, սկսած համայնքից մինչև երկիր: Եթե այդ քննարկման ժամանակ նախագահի ինստիտուտը մնաց, եթե քաղաքական ուժերը եկան այն համոզման, որ նախագահի ինստիտուտը պետք է մնա, թող մնա, եթե որոշեցին, որ ԱԺ-ն պետք է պրոֆեսիոնալ չլինի, պետք է նույնը լինի, ինչ նախորդ սահմանադրության սկզբնական շրջանում էր, բայց ինձ համար ընդունելի է ցանկացած բան, եթե դրա հիմքում ընկած է հետևյալը՝ կրճատել բոլոր կառավարման ծախսերը:

– Տեսակետ կա, որ այս փոփոխություններով բացառվում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, օրինակ՝ ԼՂ իշխանության:

– Ի սեր Աստծո, երբեք այդ թեման չի էլ քննարկվել, երբևէ ոչ մի հնարավոր տարբերակի շուրջ ագամ քննարկում չի եղել, որ Ռոբերտ Քոչարյանի մտքով կանցնի, որ գա և Արցախում քաղաքական դերակատարություններ ստանձնի: Արցախի նկատմամբ ձեր մոտեցումները թող այլ լինեն. Արցախում ծագած խնդիրները խնդիրներ են արցախցիների համար, հավատացեք՝ Ռ. Քոչարյանի նախագահության ժամանակ մոտեցումն այդպիսին էր, այսօր՝ Սերժ Սարգսյանի օրոք էլ մոտեցումն այդպիսին է… Հայաստանի իշխանությունների մոտեցումը միշտ եղել է այն, որ Արցախի խնդիրները պետք է լուծեն Արցախում ապրող մեր հայորդիները՝ կլինեն քաղաքական, թե գործադիրում պաշտոն զբաղեցնող, թե հասարակ ռամիկ գյուղացի: Ուզում եմ համոզված լինենք, որ սահմանադրական բարեփոխումների նպատակը սպասվող կռվին էլ ավելի պատրաստ լինելն է, որովհետև կյանքը դարձել է «կռիվ»:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ սահմանադրական փոփոխություններից հետո Դուք դառնաք ԼՂՀ վարչապետ, և այդպիսով Դաշնակցությունը իշխանությունը վերցնի Ղարաբաղում:

– Անկեղծ ասած, նման բան իմ մտքով չի անցել, քաղաքական պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժը Արցախում երբեք չի քննարկել պաշտոն ունենալ-չունենալու հարցը: Եթե նկատել եք, 8 տարի է՝ Դաշնակցությունը քաղաքական պատասխանատվություն է կրում Արցախում, բայց արտահայտված պաշտոն ստանձնել է երեքուկես տարի առաջ, ես ինձ նկատի ունեմ, երբ ստանձնեցի ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը: Դաշնակցության ընդհանուր ժողովը այդ քաղաքական պատասխանատվությունը ստանձնելուց հետո մի հետաքրքիր ձևակերպում է տվել, որ Արցախն ու Դաշնակցությունը հարատև դաշնակիցներ են:

– Պարոն Աղաբեկյան, Դաշնակցությունը մինչև կոալիցիա կազմելը հայտարարում էր, որ եթե իր 7 կետերը չընդունվեն, չի համագործակցի, սակայն տեսանք, որ առանց այդ 7 կետերն ընդունվելու, սկսեց համագործակցել իշխանության հետ և կոալիցիա կազմեց, թերևս, քաղաքական հետագա ծրագրերի համար: Արդյոք Դաշնակցությունը իր 7 կետերը Ղարաբաղում շրջանառության մեջ դնելո՞ւ է՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված:

– Համոզված եմ, որ մի օր Դաշնակցությունը հայտարարելու է, որ 7 կետերն էլ իրականություն են դարձել, եթե մինչև հիմա իրականություն չեն դարձել, միգուցե ընթացքում իրականություն դառնան, բայց այդ 7 կետը Դաշնակցությանը պետք չի, այդ 7 կետը պետք է մեր ժողովրդին, այդ հավատը պետք է մեր ժողովրդին, ոչ թե առանձին մեկ, երկու կամ տասը դաշնակցականի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տպել Տպել