Հատկանշական է, որ ԼՂՀ-ն ճանաչող բանաձեւն ընդունվել է միաձայն՝ Ալիեւի այցից մեկ օր առաջ

FotorCreatedԱՄՆ Հավայի նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձեւն ընդունվել է միաձայն, ոչ մի դեմ չի եղել:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի Ամերիկայի արեւմտյան շրջանի տնօրեն Էլեն Ասատրյանը:

«Պատմական այս բանաձեւը Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվեց միաձայն: Բանաձեւը մեր կողմից ներկայացվել է երկու շաբաթ առաջ ու թեեւ որոշ փոփոխությունների ենթարկվեց, բայց միեւնույն է, այնտեղ նշվում է, որ ճանաչում է ԼՂՀ-ն որպես ազատ, անկախ, ինքնիշխան ժողովրդավարություն: Նաեւ բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին, ինչպես նաեւ միջազգային հանրությանը անել նույնը, այսինքն ճանաչել ԼՂՀ անկախությունը»,-նշեց Էլեն Ասատրյանն ու հավելեց. «Բանաձեւի նախագիծը Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է կոնգրեսական Անգուս ՄաքՔելվին, որին երկրորդել է կոնգրեսական Ջոն Միզունոն, որին ոչ մի առարկություն չի եղել»:

Նրա խոսքով, վերջին շրջանում Ադրբեջանի դեսպանատունը հսկայական ճնշումներ էր գործադրում ուղղված հայամետ բանաձեւերի դեմ, Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը քաղաքից քաղաք էր շրջում, բայց մեզ հաջողվեց հաղթահարել նրանց եւ բանաձեւն ընդունվեց միաձայն:

«Հատկանշական է, որ բանաձեւն ընդունվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ԱՄՆ այցելությունից մեկ օր առաջ: Անկեղծ ասած, հիմա մեր գործը մի փոքր հեշտացել է այն առումով, որ վերջին շրջանում ԱՄՆ-ում Ադրբեջանի ու նրա ղեկավարության մասին այնքան բացասական տեղեկատվություն է տարածվում, որ այդ երկրի մասին ընդհանուր պատկերացումների ֆոնին ավելի հեշտ է լինում կոնգրեսականների հետ աշխատելը»,-ընդգծեց Էլեն Ասատրյանը:

Նշենք, որ մարտի 29-ին, ԱՄՆ Հավայի նահանգն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատն իր բանաձեւում նաեւ հորդորել է ԱՄՆ նախագահին, Կոնգրեսին եւ միջազգային հանրությանը ԼՂՀ-ն ճանաչել որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան ժողովրդավարություն:

Այսպիսով Հավային դարձավ ԱՄՆ 7-րդ նահանգը, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը՝ միանալով Մասաչուսեթսի, Ռոդ Այլենդի, Լուիզիանայի, Քալիֆորնիայի, Մեյնի եւ Ջորջիայի նահանգներին։

Հավայի նահանգի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչող բանաձեւի տեքստը հրապարակվել է մարտի 29-ին ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հարգելու ու ճանաչելու» մասին H.R. 167 բանաձեւի հայերեն թարգմանությունը:

Ստորեւ ներկայացնում ենք բանաձեւի տեքստը.

«ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը էթնիկ հայկական տարածաշրջան է Հարավային Կովկասում, որն ունի երկար եւ հարուստ պատմություն, եւ իր նվիրական տեղն է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի մեջ, եւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ին` տասնամյակների պայքարից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց հօգուտ անկախության, եւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման տեւական պահանջը ոգեշնչեց տարածաշրջանում ապրող բազմաթիվ ժողովուրդների եւ նախկին Խորհրդային Միության փլուզման խթաններից մեկը հանդիսացավ, եւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը վերջին երկու տասնամյակների ընթացքում հաստատակամություն եւ տոկունություն ցուցաբերեց պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների եւ հսկայական այլ դժվարությունների պայմաններում, եւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ավելի քան քսան տարի հավատարիմ է իր քաղաքացիներին՝ պահպանելով իր անկախությունը եւ ջանքեր գործադրելով՝ փոփոխելու եւ կայունացնելու Կովկասյան տարածաշրջանը, եւ անցկացնելով ազատ ու անկախ ընտրություններ եւ հանրաքվեներ, որոնք համընդհանուր կերպով ճանաչվել են որպես օրինակ տարածաշրջանի համար, եւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ բազմաթիվ միջազգային դիտորդներ, այդ թվում Միացյալ Նահանգներից, գնահատել են 2015 թ. մայիսի 3-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները որպես ազատ եւ թափանցիկ, հետեւաբար

Հավայի նահանգի 28-րդ գումարման Ներկայացուցիչների պալատը 2016 թ․ հերթական նստաշրջանին ՈՐՈՇՈՒՄ Է հարգել եւ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա քաղաքացիներին, եւ

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը ճանաչում է զոհողությունները եւ նվիրվածությունը եւ վճռականությունը, որոնք ցուցաբերվել են ԼՂՀ ժողովրդի կողմից ծայրահեղ դժվարությունների պայմաններում, եւ

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը հղում է ԼՂՀ կառավարությանը եւ նրա ժողովրդին խաղաղության, բարգավաճման եւ շարունակական հաջողությունների իր լավագույն մաղթանքները, եւ

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը կոչ է անում միջազգային հանրությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան ժողովրդավարություն, եւ

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է որ սույն բանաձեւի վավերացված պատճեները կփոխանցվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նրա՝ Հավայիում գտնվող ներկայացուցիչների միջոցով, եւ լրացուցիչ վավերացված պատճեները կփոխանցվեն Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ Սենատի մեծամասնության ղեկավարին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հավայի ներկայացուցիչներին»:

Նշենք, որ Հավային դարձավ ԱՄՆ 7-րդ նահանգը, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը՝ միանալով Մասաչուսեթսի, Ռոդ Այլենդի, Լուիզիանայի, Քալիֆորնիայի, Մեյնի եւ Ջորջիայի նահանգներին։

12718187_1089378174465534_7300066108189187711_n

12919822_1089378161132202_6366230348325548050_n

Տպել Տպել