Տպավորություն է, որ ոմանք չեն էլ ուզում, որ համաձայնություն լինի

Արմեն Ռուստամյանը՝ 4+4+4 ձևաչափով հանդիպման մասին

FotorCreatedԵրեկ Ազգային ժողովում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ 4+4+4 ձևաչափով քննարկումները քիչ էր մնում` տապալվեին, քանի որ ՀԿ-ների ներկայացուցիչները չէին ցանկանում իրենց անձնագրերը թողնել ԱԺ անցակետում ներս մտնելուց առաջ: Լևոն Զուրաբյանը հեռախոսով համոզում էր նրանց թողնել անձնագրերը և բարձրանալ, ինչպես պահանջում է օրենքը: Դեպքերի խնդրահարույց զարգացումներից հետո, այդուամենայնիվ, 50 րոպե ուշացումով քննարկումն սկսվեց:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած դեպքերի այդօրինակ զարգացումներին, ամեն ինչ արվում է, որ, ի վերջո, Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներն արդյունավետ հունով գնան: «Ամեն ինչ անում ենք, բայց ոչինչ տեղից չի շարժվում: Չնայած այս ամենին` մենք ճիգեր չենք խնայում, որ համաձայնության գանք, հասկանալի դառնա` ինչ ենք ուզում անել: Գործը դժվար է առաջ գնում, տպավորություն կա, որ ոմանք չեն էլ ուզում, որ որևէ համաձայնություն առաջ գա»,- նշեց նա:

Ըստ Ռուստամյանի` պետք է ավելի առարկայական քննարկում գնա, կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ տարվեն: «Դրա համար պատրաստակամություն պետք է լինի, այլ ոչ թե ասվի. «Մեր ասածը չի ընդունվում, ուրեմն ամեն ինչ անիմաստ է»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց նաև, որ խնդիրը բնավ էլ քննարկման ձևաչափը չէ: «Հարցն այստեղ ձևաչափը չէ, այլ` մասնակիցները, նպատակները, քաղաքական ենթատեքստերը: Եթե միայն քաղաքական շահարկումների կամ նպատակահարմարությունից է գալիս ամեն ինչը, բնական է, որ ոչ մի բան էլ չի լինի նորմալ: Եթե անկեղծ է ցանկությունը, որ հասնենք փոխադարձ համաձայնության, ամեն ինչ կարելի է անել, իսկ եթե իրականում նպատակ չկա, որ համաձայնության հասնենք, և դա չի տեղավորվում որևէ մեկի շահերի մեջ, ամեն ինչ կարվի, որպեսզի քննարկումները խափանվեն»,- ասաց պատգամավորը:

Տպել Տպել