Սա չի նշանակում, որ հանձնախումբը բոյկոտելու է ընտրությունները

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը հայտարարել էր, որ չի սատարելու ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներից եւ ոչ մեկին, քանի որ մինչ օրս երկուսն էլ չեն արձագանքել ո՛չ հանձնախմբի, ո՛չ ԱՄՆ հայ համայնքի գրավոր հարցերին:

Անդրադառնալով խնդրին` Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Report.am-ի հետ զրույցում ասաց.

-Թե հետագա ինչ քայլեր կարվեն, ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը կորոշի, բայց որ այդ օրը միաժամանակ կոնգրեսական ընտրություններ են լինելու, և կան կոնգրեսական թեկնածուներ, որոնց Հայ Դատի հանձնախումբը սատարելու է, դա նրանց ընդհանուր քաղաքական աշխատանքների մասն է կազմելու: Եթե հանձնախումբը հայտարարել է, որ չի սատարելու նախագահի թեկնածուներից և ոչ մեկին, դա չի նշանակում, որ իրենք բոյկոտելու են ընտրությունները կամ չեն աշխատելու հետագայում ընտրված նախագահի հետ: Հանձնախմբի կողմից սա պետք է նշանակեր ոչ միայն հայտարարություն, այլև ակտիվ աշխատանք, ինչը դեռևս չի արվում:

“Իսկ նման նախադեպ եղե՞լ է անցյալում, որ ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախումբը չսատարեր թեկնածուներից և ոչ մեկին” հարցին պարոն Մանոյանը պատասխանեց, որ մեկ էլ 25 տարի առաջ է նման դեպք եղել:

Այս նախագահական ընտրություններում թեկնածուների անտարբերությունը հայ համայնքի խնդրի հանդեպ Կիրո Մանոյանը բացատրեց հիմնականում երկու հանգամանքով` մի կողմից նրանք հաշվարկել են, թե որ նահանգներում ինչ քվե ունեն, մյուս կողմից էլ, այս դեպքում նրանք նախընտրել են լսել Թուրքիայի տեսակետները, ինչն էլ իր հերթին պայմանավորված է Սիրիայի և Իրանի հարցում Թուրքիայի լուրջ դերակատարմամբ:

«Ռեփորթ»

Տպել Տպել