Սիրիական սցենարը Լիբանանում չի կրկնվի

Վերջին օրերին Լիբանանում ստեղծված տագնապահարույց իրավիճակի վերաբերյալ Yerkir.am-ի հարցերին պատասխանում է Բեյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը:

– Ինչպիսի՞ իրավիճակ է այժմ ստեղծվել Լիբանանում. կան խոսակցություններ, որ ահաբեկչական վերջին գործողությունների պատճառով սրվել են հարաբերությունները Լիբանանի սուննի եւ շիա համայնքների միջեւ:

– Այժմ Լիբանանում բնականոն կյանքը վերստին գտնում է իր հունը։ Որոշ զինյալներ կային Բեյրութի փողոցներում, որոնց դեմ բանակն իրականացնում էր չեզոքացման գործողություններ։ Վարչապետարանը կամ կառավարության շենքը այս պահի դրությամբ բանակի ամբողջական վերահսկողության տակ է։ Նույնը չի կարելի ասել Հյուսիսային Լիբանանի մասին, որտեղ միջհամայնքային լարված իրավիճակ է, եւ բանակի վերահսկողությունը միեւնույն ամբողջականությունը չունի, որոշակի զինյալ գործողություններ Հյուսիսային Լիբանանում շարունակվում են։

– Հնարավոր համարո՞ւմ եք Լիբանանում սիրիական սցենարի կրկնությունը:

– Չեմ կարծում, որ Լիբանանում սիրիական սցենարի կրկնություն լինի, թեեւ բազմաթիվ են այս ուղղությամբ կանխատեսումներն ու վերլուծությունները։ Բարացուցական էին գերտերությունների արտգործնախարարների` իրար հետեւից արած հայտարարությունները, որոնցում բոլորը միանշանակ ասում էին, որ կողմ են լիբանանյան կայունության պահպանմանը։ Այլապես` այս արարքը եւ դրանից առաջ Հյուսիսային Լիբանանում արձանագրված տարբեր միջադեպերը կարող էին շատ արագ բռնկվել եւ տարածվել ամբողջ Լիբանանում։ Այժմ Սիրիան է, որ հայտնվել է աշխարհաքաղաքական ուժերի ուշադրության կիզակետում, եւ չեմ կարծում, որ սիրիական հանգուցալուծումից առաջ նույնամասշտաբ գործողություններ լինեն Լիբանանում։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մերթ ընդ մերթ սահմանափակ բախումներ կամ նման փոքրածավալ բռնկումներ չեն լինի։

– Խոսակցություններ շրջանառվեցին, որ ուրբաթ օրը Բեյրութի քրիստոնեական թաղամասում հնչած պայթյունը, որից զոհվել է նաեւ բրիգադի գեներալ Վիսամ ալ Հասանը, կազմակերպվել էր սիրիական կողմից, քանի որ գեներալը Լիբանանում հակասիրիական ուժերի առաջնորդն է: Որքանո՞վ է դա իրական:

– Ամբաստանություններն ու մեղադրանքները քաղաքականացված եւ լարված իրավիճակի նկատառումով պետք է ընկալել։ Միաժամանակ, պետք չէ անուշադրության մատնել այն, որ լիբանանյան ներքին ուժերի տեղեկահավաքի բաժանմունքի ընդհանուր տնօրենը քաղաքական պատկանելությամբ մաս էր կազմում հակասիրիական քաղաքական միավորի։ Քաղաքական մեղադրանքներից ավելի հավաստիությունը նման դեպքերում առնչված է դատական մարմինների եզրակացություններին, որը դեռեւս չի ձեւակերպվել։

– Հայաստանում կա նաեւ տեսակետ, որ Լիբանանում իրադարձությունները զարգանալու են սիրիական սցենարով, ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչները զանգվածաբար հեռանալու են այդտեղից: Որքանո՞վ են այդ տեսակետները իրատեսական:

– Ասեմ, որ լիբանանահայ համայնքում խուճապային մթնոլորտ չկա։ Կարծում եմ` անհրաժեշտ է հիշել, որ լիբանանահայ համայնքն անցել է երկարատեւ քաղաքացիական պատերազմի բովով, կուտակել է նման ճգնաժամային պայմաններում դիմադրողականության մեծ փորձ, հաջողեցրել է ինքնակազմակերպվել եւ ինքնապաշտպանվել։ Հակառակ նմանատիպ պայմանների` լիբանանահայ համայնքը շարունակում է գործել իբրեւ կազմակերպ համայնք եւ համասփյուռքյան առումով շարունակել իր անգնահատելի դերակատարությունը։

– Ինչպիսի՞ն է այժմ հայ համայնքի վիճակը եւ ի՞նչ տրամադրություններ կան լիբանանահայության շրջանում:

– Պարզ է որ լիբանանահայ համայնքը` իբրեւ լիբանանյան հասարակության կարեւոր բաղադրիչ, ազդվում է նման իրավիճակներից։ Անապահով կացությունը, կայունության խախտումն ունենում են իրենց բացասական հետեւանքները։ Անկախ այս իրավիճակից, սակայն, լիբանանահայ համայնքի մոտ նկատվում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ հետաքրքրության նշաձողի բարձրացում, եւ սա միանշանակորեն դրական երեւույթ է, որը պետք է քաջալերել։ Ես նկատի ունեմ քաղաքացիություն ստանալու դիմումների կտրուկ աճը, դեպի Երեւան մեկնող օդանավերի ուղեւորների թվի աճը, համահայկական ծրագրերին լիբանանահայ կառույցների ներգրավվածության չափը եւ այս կամ այն կերպ հայրենիքի հետ առնչություններ հաստատելու երեւույթների ավելացումը։ Այս երեւույթները կամ, ավելի կոնկրետ, հայրենիքի հետ կապի ակտիվ սերտացումը չի նշանակում համայնքի զանգվածային հոսք դեպի Հայաստան։ Ի վերջո, հայրենադարձությունը միայն զանգվածայն տեղափոխումը չէ։ Դեպի հայրենիք հայացքները սեւեռած պահելու եւ ինչ-որ չափով հայրենիքի կյանքին մասնակից լինելու, պետության հզորացմանը նպաստելու եւ ընդհանրապես համահայկական հասարակության ձեւավորման աշխատանքներին ներդրում ունենալու հասկացություն է։ Եվ սա երեւում է լիբանանահայ համայնքում։

Զրուցեց Գեւորգ Ավչյանը

«Երկիր»

Տպել Տպել