Մոսկվայում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված երեկո

FotorCreatedԱպրիլի 13-ին Մոսկվայում՝ Գրողների կենտրոնական տան մեծ դահլիճում, տեղի կունենա «Հիշում եմ և պահանջում» խորագրով ոգեկոչման երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Այն «Ռուս-հայկական համագործակցության» (նախագահ` Յուրի Նավոյան) և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային շարժան (գեղարվեստական ղեկավար` ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդին) համատեղ ձեռնարկն է, որը բխում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում համագործակցելու մասին ստորագրված արձանագրությունից:

Երեկոյի անցկացմամբ կազմակերպիչները սատարում են Հայաստանի, Ռուսաստանի և միջազգային հանրության այն ջանքերին, որոնք ուղղված են ցեղասպանության դատապարտմանը, ինչես նաև այդ միջազգային հանցագործության կրկնման կանխարգելմանը:

Իրենց ուղերձներով երեկոն ողջունելու են ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը և ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Միջոցառմանը ելույթներով հանդես կգան դիվանագետներ, խորհրդարանականներ, ռուսասատանյան քաղաքական կուսակցությունների, ազգային համայնքների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ:

Երեկոյի գեղարվեստական մասում հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները կկատարեն ՌԴ վաստակավոր արտիս Ալեքսանդր Գինդինը, միջազգային մրցույթների դափնեկիրներ Բորիս Անդրիյանովը, Նիկիտա Մնդոյանցը, Ելենա Թորոսյանը և Ռուզաննա Հակոբյանը, «Շելկունչիկ» միջազգային մրցույթի հաղթողներ Էրիկ Միրզոյանը և Անաստասիյա Մաքսյուտան:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված` «Ռուս-հայկական համագործակցության» և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային շարժան առաջին ձեռնարկը հաջողությամբ տեղի է ունեցել ս. թ. մարտի 20-ին, Երևանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` ՀՀ մշակույթի նախարարության և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ:

hayernaysor.am

Տպել Տպել