Անհրաժեշտ է կազմաքանդել «Մադրիդյան սկզբունքները» եւ հրապարակ բերել նոր սկզբունքներ

FotorCreated
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կրկին ակտիվացել են խոսակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված «Մադրիդյան սկզբունքներ» անվանումը ստացած փաստաթղթի մասին: Այն պաշտոնապես կողմերին է ներկայացվել 2007 թվականին, դրան հաջորդող տարիներին ենթարկվել է որոշակի փոփոխությունների և համարվում է բանակցային գործընթացում առկա վերջին պաշտոնական փաստաթուղթը:

ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, անդրադառնալով վերոնշյալ սկզբունքներին, նշել է, որ 2007 թ. դրանց հրապարակումից հետո բազմիցս ՀՅԴ Արցախի կառույցն անդրադարձել է այդ հարցին՝ հայտարարելով, որ այդ սկզբունքները չեն բխում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլեւ հայ ժողովրդի եւ Հայոց պետականության շահերից:

«Մենք տարբեր առիթներով ասել ենք, որ պետք է ընդհանրապես կազմաքանդել այդ սկզբունքները եւ հրապարակ բերել նոր սկզբունքներ: Մեզ համար անընդունելի են այն կետերը, որի շուրջ բանակցում են կողմերը: Կարեւոր է առանձնացնել եւս մեկ հանգամանք. առանց Արցախի Հանրապետության ուղղակի համաձայնության՝ որեւէ փաստաթղթի, որեւէ սկզբունքի ընդունում չի կարող մեզ համար ընդունելի լինել: Ըստ այդմ, անհրաժեշտ է ԼՂՀ-ի ներգրավվածությունը բանակցային գործընթացին»,- նշել է Դավիթ Իշխանյանը:

Անդրադառնալով Արցախում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու քննարկումներին՝ Իշխանյանը նշեց, որ 25 տարիների ընթացում Արցախը կարողացել է իր առջեւ դրված խնդիրներն ինքնուրույն լուծել, ու Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման խնդիր այսօր չկա:

«Ղարաբաղյան հակամարտությունը տարբերվում է այն բոլոր հակամարտության գոտիներից, որտեղ կիրառվել կամ կիրառվում են խաղաղապահ ուժեր: Մենք բավարար հնարավորություն ունենք սահմանի ամբողջ երկայնքով Արցախի եւ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու, եւ միջազգային փորձը ցույց է տվել, որ խաղաղապահ ուժերի տեղակայումը դեռ չի կարող երաշխիք լինել խաղաղության պահպանման համար»:

Կարեւոր է նաեւ գիտակցել, որ քառօրյա պատերազմից հետո ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ, եւ Ադրբեջանի կողմից 1994 թվականի հրադադարի ուղղակի խախտմամբ այդօրինակ մասշտաբով թելադրում են նոր սկզբունքների շուրջ քննարկումներ սկսել:

Դավիթ Իշխանյանը նշեց նաեւ, որ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր ժողովրդի անվտանգության հիմնահարցերը լիովին լուծված չեն, մասնավորապես՝ Արցախի հյուսիսային շրջանում եւ կենտրոնական հատվածներում. «Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածը եւ Մարտունի շրջկենտրոնը դեռեւս ամբողջական անվտանգության բաղադրիչներով չեն ապահովված, եւ կարեւոր է գիտակցել, որ այդ տարածքներն անխոցելի դարձնելու համար մեզ անհրաժեշտ է ժողովրդի անվտանգությունն ապահովող եւ երաշխավորող ավելի ընդլայնված տարածք ունենալ: Կարծում եմ՝ այս ուղղությամբ ոչ միայն պետք է մտածել, այլ կոնկրետ քայլեր ձեռնարկել»:

Ա. Նարինյան

aparaj.am

Տպել Տպել