Քննարկվել է «Հայերենի բարձրագույն խորհուրդ» ձևավորելու առաջարկությունը

FotorCreatedԿրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են «Լեզվի պետական տեսչության» գործունեության վերաբերյալ առկա խնդիրներն ու «Հայերենի բարձրագույն խորհուրդ» ձևավորելու առաջարկությունը:

Քննարկման մասնակից շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներն արձանագրել են, որ պետական քաղաքականության կարևոր բաղադրիչներից է լեզվաքաղաքականությունը և Լեզվի պետական տեսչությունը, լինելով այդ խնդրով զբաղվող միակ պետական կառույցը, բավարար լիազորություններ չունի առկա խնդիրները կանոնակարգելու՝ համապատասխան քաղաքականությունը մշակելու և միաժամանակ նաև իրագործելու համար:

Լևոն Մկրտչյանին ներկայացվել են մի քանի առաջարկություններ, մասնավորապես «Լեզվի տեսչության կարգավիճակը» բարձրացնելու և զուգահեռաբար նաև «Հայերենի բարձրագույն խորհուրդ» ձևավորելու վերաբերյալ: Նախարար Լևոն Մկրտչյանն իբրև մտահոգություն նշել է, որ եթե ձևավորվող մարմինը լինելու է ընդամենը խորհրդակցական, ապա այն կարող է իրականում գործող կառույց չդառնալ.

«Խորհրդակցական մարմինները ֆունկցիոնալ առումով չեն կարող ազդեցիկ լինել: Խնդիրը շատ հին է և տարիների պատմություն ունի: Եթե խորհուրդներն իրավական ակտեր թողարկելու իրավասություն չունեն, ապա նրանց որոշումները պարտադիր կատարման ենթակա չեն: Վստահ եմ, որ հատկապես լեզվաքաղաքականության ոլորտում շատ կարևոր է սահմանադիր մարմին ունենալը: Իմ մոտեցումը հետևյալն է. «Լեզվի պետական տեսչության» կարգավիճակը բարձրացնել՝ տալով գործադիր մարմնի գործառույթներ և զուգահեռաբար ստեղծել «Հայերենի բարձրագույն խորհուրդ»՝ որպես լեզվաքաղաքականության օրենսդիր մարմին: Այս երկու մարմինները, միմյանց փոխլրացնելով, կդառնան լեզվի սահմանադիր մարմին»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Հայերենի բարձրագույն խորհրդի, Լեզվի պետական տեսչության գործառույթների ընդլայնման, իրավական դաշտի փոփոխությունների և լեզվաքաղաքականության խնդիրների շուրջ ծավալվել է շահագրգիռ մտքերի փոխանակում, ներկայացվել են տարբեր մոտեցումներ՝ մասնավորապես տերմինաբանական կոմիտեի գործունեության վերականգնման, սփյուռքի ներուժի օգտագործման, արևմտահայերենի զարգացման և դպրոցական ծրագրերում կամընտրական դասընթացների ներդրման, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ:

Առաջիկայում նախատեսվում են քննարկումներ ՀՀ կառավարությունում և մասնագիտական լայն շրջանակներում՝ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:

Տպել Տպել