Հողային փոխզիջում հասկացությունը մեր պատկերացումներից դուրս է

դա միանշանակ է

FotorCreatedԼեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, պատգամավոր Դավիթ Իշխանյանը կարծում է, որ ապրիլի 22-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից ակնկալիքները միայն կարող են լինել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում որոշակի աշխուժացում:

Անդրադառնալով մադրիդյան սկզբունքներին՝ նա ասաց, որ դրանք չեն բխում ազգային, պետական շահերից: «Անհրաժեշտ է այդ սկզբունքները կազմաքանդել և նոր սկզբունքներ մեջտեղ բերել և դրանց շուրջ բանակցություններ փորձել սկսել՝ հաշվի առնելով չորսօրյա պատերազմը: Այն, որ փոխզիջում հասկացությունը մեր պատկերացումներից դուրս է՝ որպես հողային զիջում, դա միանշանակ է»,-ասաց նա և նշեց, որ անհրաժեշտ է բանակցությունները նոր հիմքերի վրա դնել:

«Ես կարծում եմ, որ անհրաժեշտություն է, որպեսզի բանակցային գործընթացի վերսկսման պարագայում զրոյական փուլից և զրոյական մակարդակից սկսել»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է բանակցություններին՝ ԼՂ-ի անմիջական ներգրավմանը, ապա Դավիթ Իշխանյանն ասաց.«Արցախյան կողմը հստակ արտահայտել և արտահայտում է՝ բանակցային գործընթացի իր ներգրավման անհրաժեշտության մասին, մանավանդ, նկատի առնելով, որ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ որևէ որոշում կամ եզրահանգում առանց արցախյան կողմի համաձայնությամբ՝ անհնարին է: Ստեղծված նոր իրավիճակում անհրաժեշտություն է արցախյան կողմն ուղղակիորեն ներգրավել բանակցային գործընթացին»,-ասաց նա և նշեց, որ այդ ուղղությամբ հայկական դիվանագիտությունը ջանքեր է գործադրում:

«Հատկապես վերջին տարիներին ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը, բազմիցս խախտելով 94 թվականի զինադադարի պայմանագիրը, տարբեր դիվերսիոն գործողություններ և տարբեր ձևաչափերով ռազմական գործողություններ վարելով հանդերձ, իրեն ցուցաբերել է շատ լկտի և ագրեսիվ կարգավիճակով: Այնուհանդերձ, միջազգային հանրությունը և ԼՂ հարցով շահագրգիռ կողմերն այդ ամենի մեջ միշտ էլ փորձում են հավասարության նշան դնել և իրենց կոչերը, հորդորներն ուղղում են երկու կողմերին և այստեղ կա երկակի ստանդարտների կիրառում»,-ասաց նա:

Մասնավորապես, ՌԴ-ի դիրքորոշումների վերաբերյալ Արցախի պատգամավորն ասաց, որ նկատելի է, թե ՌԴ-ն, Մինսկի խմբի համանախագահ երկիր լինելով հանդերձ, տարբեր ժամանակներում փորձել է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և ցույց տալ մյուս երկրներին, որ ԼՂ հիմնահարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում: Ըստ նրա՝ այս անգամ էլ թերևս Ռուսաստանն այդպիսի նպատակներ ունի:

Նա նշեց, որ թեև հերթական անգամ Ռուսաստանը փորձեց ցույց տալ իր առաջատար լինելու փաստը, սակայն կարծում է, որ մյուս համանախագահող երկրները նույնպես ունեն անելիք այդ առումով:

tert.am

Տպել Տպել