Ջահերով երթ` դեպի Ծիծեռնակաբերդ

FotorCreatedՀայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրեին Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երթի հազարավոր մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնին զոհ գնացած ավելի քան 1,5 մլն հայորդիների հիշատակին:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Հայկ Իգիթյանը դիմելով երթի մասնակիցներին՝ նշեց, որ այսօր ևս աշխարհն ականատեսն է թուրքական ձեռագրով վայրագությունների, խաղաղ բնակչության վրա իրականացված ոճրագործությունների՝ մատնանշելով ագրեսոր Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին իրականացված հանցագործությունները Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, Թալիշում, Մարտակերտում, Մարտունիում, Մատաղիսում:

«Վայրագություններ իրականացվեցին 12 տարեկան երեխաների, ծերերի նկատմամբ, ուստի մեր պայքարը շարունակվում է: Այսօր ևս երիտասարդներս հավաքվել ենք այստեղ՝ միասնական պայքարելու և պահանջելու: Քանի դեռ Թուրքիան և Ադրբեջանը պատասխանատվության չեն ենթարկվել, մեր ջահերը վառվելու են և մեր պայքարը շարունակվելու է»,- ասաց Իգիթյանը:

Այնուհետև հավաքվածներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները և շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ:

Հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված երթը ամեն տարվա նման ավարտվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին դրոշներ խոնարհելով:

Տպել Տպել