Այս փաստաթղթով կարծես ասում ենք, որ պետք է հատուցենք Ադրբեջանի կորուստները

ՀՅԴ-ն դեմ է տարածք հանձնել ենթադրող փաստաթղթին

FotorCreatedՀաստատվեց, որ, այսպես կոչված, Լավրովյան առաջարկը, որի մասին խոսում էին ՌԴ լրատվամիջոցները, չկա: Նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, մինչ Լավրովի այցը «Իզվեստիա» լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ կարգավորման Ռուսաստանի պլանը հետևյալն է. տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին, հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայում, փախստականների վերադարձ և Ղարաբաղի լեգիտիմացում (այսինքն՝ սահմանների բացում և տնտեսական կապերի վերականգնում), այնուհետև, երբ կրքերը հանդարտվեն, մարզի պատկանելության շուրջ հանրաքվեի անցկացում:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է բոլոր փաստաթղթերը մերժել, ապա թվարկեց՝ Կազանինը, Սոչիինը, Մոսկվայինը, Սանկտ Պետերբուրգինը: Այս բոլոր առաջարկներն, ըստ էության, իրարից շատ չեն տարբերվում և ենթադրում են որոշակի շրջանների հանձնում: Ստացվում է՝ իշխանություններն այս առաջարկներին համաձայնում են՝ հույսով, որ Ադրբեջանն այն կմերժի՞, և ինչքանով ճիշտ քաղաքականություն է սա, հետաքրքրվեցինք ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանից.

«Բացի ՀՅԴ-ից գրեթե բոլոր քաղաքական ուժերն էլ ընդունում են դա: Երբ որ 2006 թվականին Արցախում Սահմանադրություն էր որդեգրվում, այդտեղ մեր կառույցն աշխատանք տարավ, որ ամրագրվի, որ ԼՂՀ սահմանները փաստացի սահմաններն է, առավել, նաև այն տարածքները, որոնք որ գրավված են Ադրբեջանի կողմից՝ Մարտակերտ, Շահումյան, Գետաշեն և այլն: Մյուս բոլոր քաղաքական ուժերը դա մերժեցին: Սա նշանակում է, որ, այսպես կոչված, ազատագրված տարածքները, այսպես կոչված եմ ասում, որովհետև բոլորն են ազատագրված տարածքներ, ամբողջ Արցախն է ազատագրված, այսինքն արդեն տարբերակում դնելը նշանակում է, որ դու կարգավիճակի միջև տարբերակում ես դնում, հիմա կարող է որ մի քիչ այլ քաղաքական ուժեր են սկսել դեմ խոսել տարածք հանձնելուն, բայց դժբախտաբար բոլորն էլ խոսել են տարածք հանձնելու մասին: Մենք տարածք հանձնելուն դեմ ենք, և այդ առաջարկը, որ կա Մադրիդյան և հաջորդող փաստաթղթերում, արված լինեին 1988, 1989 թվականներին, կարծում եմ հայկական կողմերը կընդունեին, բայց երբ որ արդեն Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց և տանուլ տվեց, այս փաստաթղթով կարծես ասում ենք, որ պետք է հատուցենք Ադրբեջանի կորուստները, ինչը լրիվ անտրամաբանական է»:

ԳԱԼԱ-ն նշեց՝ ռուսաստանյան կողմի շեշտադրումները, թե բանակցություններին այլընտրանք չկա, Ադրբեջանի վրա չի ազդում, և դա ապացուցվեց ապրիլյան դեպքերով, հետևաբար, կարող ենք ենթադրել, որ կոչն ուղղված էր հայկական կողմին, որ վերջինս փորձ չկատարի հետ բերել կորցրած հենակետերը. «Չեմ կարծում, որ դա միայն հայկական կողմին ուղղված պատգամ է, դա բոլոր կողմերին է ուղղված, մենք նաև համաձայն չենք, որ կարգավորումը միայն բանակցություններով պետք է լինի, ճիշտ է, որ խաղաղորեն պետք է լինի, բայց բանակցությունները միակ ձևը չեն, օրինակ ԼՂՀ անկախության ճանաչումն այլ ձև է»:

galatv.am

23/04/2016

Տպել Տպել