Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներ`Սանկտ-Պետերբուրգում

FotorCreatedՀայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Սանկտ-Պետերբուրգում կայացել են հետևյալ միջոցառումները.

Ապրիլի 21-ին Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե հայ առաքելական եկեղեցու «Վերնատուն» հայկական մշակութային կենտրոնում Սանկտ Պետերբուրգի հայկական ազգամշակութային ինքնավարության նախաձեռնությամբ և ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ տեղի ունեցավ կլոր-սեղան «Ռուսաստանն ընդդեմ ահաբեկչության, ցեղասպանության և ֆաշիզմի» խորագրով:

Ժողովին, մի շարք հարցերի հետ, քննարկվել են նաեւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պատերազմական վերջին գործողությունները:

Կլոր-սեղանին մասնակցել են Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական, սիրիական, եզդիական և այլ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական գործիչներ և Սանկտ-Պետերբուրգի բուհերի դասախոսներ:

Ապրիլի 22-ին Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե հայ առաքելական եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոնում «Հայաստանի նկարիչների կենտրոնի» մասնակցությամբ բացվեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես:
Ցուցահանդեսին ներկայացված էին աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ նկարիչների աշխատանքներ:
Միջոցառմանը ներկա էին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ-Պետերբուրգի Կառավարության ներկայացուցիչներ, հավատարմագրված դիվանագետներ, ՌԴ մշակությանի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով իր խոսքում նշեց, որ ավելի քան մեկ դար առաջ Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպան գործողությունները ոչ միայն հայ ազգի այլև դրա մշակութային ժառանգության ոչնչացման նպատակ են հետապնդել: Ելույթ ունեցան նաև Սանկտ-Պետերբուրգի Կառավարության արտաքին կապերի Կոմիտեի ղեկավարի տեղակալ Սերգեյ Մարկովը և հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը:

Ապրիլի 24-ին առավոտյան Սանկտ-Պետերբուրգի Վասիսլեոստրովսկի շրջանի «Կամսկի» այգում գտնվող Կոմիտաս Վարդապետի հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ դրվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ-Պետերբուրգի Կառավարության, Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսանող հայ սպաների և զինվորների և հայ համայնքի կողմից:
Այնուհետև Սբ. Կատարինե հայ առաքելական եկեղեցում մատուցվեց Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների ոգեկոչման արարողություն, որից հետո եկեղեցու բակում համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ժապավեններով և մոմերով խաչ պատրաստեցին, որը կոչված էր հավերժացնելու ցեղասպանության զոհերի հիշատակը:

Մոմավառությունից հետո Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցու բակում տեղի ունեցավ հանրահավաք:

Հանրահավաքին ելույթներով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ՌԴ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում հույների, հրեաների, ասորիների և այլ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական և մշակույթի գործիչներ:

Իր ելույթում Հրայր Կարապետյանը նշեց, որ Թուրքիան շարունակելով իր ժխտողական քաղաքականությունը ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, այսօր էլ բացահայտորեն հովանավորում և խրախուսում է Ադրբեջանի կողմից բռնի ուժով արցախյան խնդիրը լուծելու տարբերակը: Պատահական չէ, որ քառօրյա պատերազմում թուրք-ազերները նույն դաժանություններն ու վանդալիզմն էին կատարում, ինչ կատարվում էր 1915թ. ցեղասպանության օրերին հայերի հանդեպ:

Տպել Տպել