Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ճիշտ ուղղությամբ են գնում

FotorCreatedԱյսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ ՀՅԴ գնահատմամբ՝ իսկապես կատարվում են ընտրական համակարգի աննախադեպ ու արմատական փոփոխություններ: Բայց ամեն ինչ գնահատվում է ոչ թե զգացմունքներով, այլ համեմատության մեջ: Եվ համեմատությունը կոռեկտ ու լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ է երեք հիմնական ուղղություններով գնահատել, թե ներդրվող ընտրական համակարգը ինչպես է լուծում այդ համակարգում տարիներ ի վեր կուտակված և չլուծված հիմնական հարցերը՝ ընտրական կեղծիքների դեմն առնելու, ընտրապայքարում անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և ներկայացուցչական ժողովրդավարություն հաստատելու խնդիրները:

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ լուրջ և խորքային հիմքեր են ստեղծվում ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: Սակայն, պատգամավորի խոսքով, ոչ մի քննադատության չի դիմանում այն կարծիքը, թե այս ընտրական համակարգն ավելի վատն է քան նախորդները, իսկ տեղ-տեղ որոշ պատգամավորների քննադատությունները նմանվում են մանկական կամակորության` ես սա չեմ ուզում, և վերջ:

Արմեն Ռուստամյանը ներկայացրեց գլխավոր փաստարկները` ԿԸՀ-ն մեր պատմության մեջ առաջին անգամ ձևավորելու է ԱԺ-ն` երեք հինգերորդի մեծամասնությամբ: Բազմակի քվեարկությունների դեմն առնելու համար առաջարկվում է քվեարկության մատյանները դարձնել հասանելի, քվեարկող անձի իդենտիֆիկացումը կատարվում է ոչ թե թանաքոտմամբ, այլ մատնահետքերի գրանցման և հաշվառման միջոցով: Պատգամավորի խոսքով՝ բացակաների ցուցակը ոչինչ չի տալու, որովհետև հայտնի չէ` տվյալ` բացակա համարվող մարդը Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է տեսանկարահանման հարցին, այն ապահովվում է բոլոր տեղամասերի համար:

«Ես այդ 4+4+4-ի կեսից ուղղակի հոգնել ու դուրս եմ եկել, որովհետև անիմաստ ու անպտուղ քննարկումներ էին տեղի ունենում: Ակնհայտ է, որ եթե քաղաքական ուժը չունի իրական կառույց` բոլոր ընտրատեղամասերում լինելու առումով, ապա ոչ մի օրենսգիրք էլ նրան ընտրակեղծիքներից չի փրկի: Վերահսկելու համար նախ պետք է ներկա լինել տեղամասերում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է ներկայացուցչական ժողովրդավարությանը, պատգամավորը նշեց, որ այն իրականացվում է երկու՝ ընտրական ու կառավարման համակարգերի միջոցով: Աշխարհում գործող բոլոր տեսակի համամասնական ընտրակարգերը խթանում են կուսակցական համակարգերի կայացմանը, իշխանություն-ընդդիմություն միասնական համակարգի կայացմանը, որը մենք երբեք չենք ունեցել:

«Մեծամասնության կայունությունը լուծում է քաղաքական ճգնաժամերից խուսափելու և անվտանգային խնդիրներ, որովհետև խորհրդարանական համակարգերն այդ պրոբլեմն ունեն, ունեն ճգնաժամներ առաջացնելու պրոբլեմ: Փոքրամասնության կայունության միջոցով լուծվում է իշխանությանը հակակշիռ լինելու խնդիրը»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ նոր ԸՕ-ով ունենում ենք ոչ թե մեռելային կայունություն, այլ ժողովրդավարական կայունություն:

Ըստ պատգամավորի` Դաշնակցությունը վստահ է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ճիշտ ուղղությամբ են գնում, և առաջիկա ընտրություններում այն կիրառելով, հղկելով` կարող ենք ունենալ վստահելի ու ժողովրդավարական ընտրություններ:

Տպել Տպել