ԱԺ ՀՅԴ խմբակցության հանդիպումները՝ Վրաստանում

FotorCreatedԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի տեղեկացմամբ` Հայաստանի ԱԺ Դաշնակցություն խմբակցությունը ապրիլի 25-ին և 26-ին Վրաստանում էր` նախապես պայմանավորված ծրագրով, որի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի բոլոր խմբակցությունների հետ:

Ըստ պատգամավորի` այցի նպատակն էր ծանոթանալ Վրաստանի քաղաքական ուժերի հետ, նրանց ծանոթացնել Դաշնակցության մոտեցումներին, ծրագրերին:

«Հոկտեմբերին Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և անհրաժեշտ էր այդ ընտրություններից առաջ պատկերացում կազմել, թե քաղաքական ուժերն ի՞նչ մոտեցումներ, դիրքորոշումներ ունեն, ինչ կանխատեսումներ` ապագա ընտրությունների հետ կապված: Մենք հանդիպումներ ունեցանք բոլոր խմբակցությունների հետ:

Առաջին հանդիպումը Վրաստանի ԱԺ փոխխոսնակ Մանանա Կոխաբիձեի հետ էր, որին մասնակցում էին նաև այլ պատգամավորներ: Քննարկեցինք տարածաշրջանում առկա իրավիճակը և Ադրբեջանի վերջին ագրեսիան: Մանանա Կոխաբիձեն ներկայացնում է «Վրացական երազանք» կուսակցությունը, որը սոցիալ-դեմոկրատական է: Դրանից հետո հանդիպում ունեցանք իշխող մեծամասնության ներկայացուցիչների հետ: Վրաստանում իշխող մեծամասնությունը «Վրացական երազանք»-ն է, բայց նրանք ընտրությունների են գնացել դաշինքով, և այդ խմբակցությունը մեծ է, ներկայացնում է «Վրացական երազանք»-ը և «Ժողովրդավարական Վրաստան»-ը, պահպանողականներին, գործարարների, նաև անկուսակցականներ կան: Ահա այս մեծ խումբը մեկ դաշինքով գնացել է ընտրությունների և երկրորդ հանդիպումն այս խմբի ներկայացուցիչների հետ էր:

Հաջորդ հանդիպումը «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ է: Այդ կուսակցությունն այսօր ղեկավարում է Գեորգի Ծերեթելին: Սրա մեջ ևս մտնում են մի շարք կուսակցություններ, նույնպես դաշինքով են գնացել` «Միացյալ ազգային շարժում»-ը, «Մեծամասնականներ»-ը, «Ռեգիոններ»-ը և «Միասնական Վրաստան»-ը: Քննարկեցինք համագործակցության տարբերակներ, ներկայացրեցինք բոլոր հանդիպումների ժամանակ հայ համայնքին և Ջավախքին առնչվող խնդիրներ, մեր անհանգստությունը հայտնեցինք, որ «Միացյալ ազգային շարժում»-ը վերջին իրադարձությունների ֆոնին Արցախի հետ կապված միակողմանի հայտարարություններ էր կատարել:

Դրանից հետո մենք հանդիպեցինք այն քաղաքական ուժերի հետ, որոնք չեն մտնում այս երկու դաշինքների մեջ: Դրանք երկուսն են: Մեկը «Ազատ դեմոկրատներ»-ն է, որը գլխավորում է Իրակլի Չիկովանին, և որն իր ազդեցությամբ և կշռով նախկին ՊՆ նախարարի կուսակցությունն է: Դարձյալ քննարկման ամբողջ սպեկտրը մեզ հետաքրքրող հարցերին էր վերաբերում:

Հաջորդը «Ազգային ֆորում» խմբակցությունն էր` Մալխաս Վախթանգաշվիլիի ղեկավարությամբ: Այստեղ էր նաև Գուբաս Խամիկաձեն, ով շատ լավ տիրապետում է հայ-վրացական հարաբերություններին: Կարող եմ արձանագրել, որ սա շատ դրական այցելություն էր` փորձի փոխանակման առումով նաև: Պայմանավորվածություն ձեռք բերեցինք հետագա համագործակցության և հանդիպումների համար, և, ամենայն հավանականությամբ, Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո այս կարգի հանդիպումների ևս մեկ ռաունդ կանենք:

Չափազանց կարևոր է նաև Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները նաև այս` պառլամենտական, միջկուսակցական մակարդակով ամրապնդելը, միմյանց ճանաչելը, միմյանց հետ մտքեր փոխանակելը` տարածաշրջանի հետ կապված և մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, Վրաստանում բնակվող հարյուրհազարավոր հայրենակիցների իրավունքների պաշտպանության առումով»,- պատմեց Աղվան Վարդանյանը:

Ըստ նրա` կուսակցության արտաքին հարաբերությունները շատ լայն են, սակայն հարևան Վրաստանի հետ կապը կարծես փոքր-ինչ անտեսվել էր, և չափազանց կարևոր է այդ երկրի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը, մանավանդ` տարածաշրջանային վերջին զարգացումներ ֆոնին:

Աղվան Վարդանյանը հայտնեց, որ խմբակցության պատվիրակության կազմում էին, բացի իրենից, խմբակցություն ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատգամավոր Միքայել Մանուկյանը և խմբակցության գլխավոր խորհրդական Արսեն Ղազարյանը:

ՀՅԴ անդամները այցելել են նաև Խոջիվանք և ծաղիկներ դրեցին հայոց մեծերի շիրիմներին:

Տպել Տպել