Ներդրումային քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կա

FotorCreatedՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Հայաստանում ներդրումային քաղաքականության ոլորտում կիրառվող մոտեցումների վերանայման անհրաժեշտություն է տեսնում: Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ հարկավոր է հատկապես օտարերկրյա ներդրումների մասով պաշտոնական մոտեցում ունենալ:

«Մենք պետք է ունենանք տեղական և օտարերկրյա ներդրումների պաշտպանության արդյունավետ համակարգ: Թե տեղական, թե օտարերկրյա ներդրողները պետք է զգան, որ Հայաստանում իրենց ներդրումները պաշտպանված են»,- նշեց Մինասյանը:

Նախարարի խոսքով՝ հակառակ պարագայում Հայաստանը կարող է կորցնել նաև տեղական ներդրողներին, քանի որ նրանք կնախընտրեն ներդրումներ իրականացնել մեկ այլ երկրում, որտեղ դրանք ավելի պաշտպանված են լինելու: Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ հարկավոր է ունենալ նաև արդյունավետ դատական համակարգ, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանը ներդրումների պաշտպանվածության բարձր մակարդակ ունեցող երկիր համարել:

Ռազմական գործողությունների պատճառով զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն ու երկարաժամկետ եկամտի աղբյուրներ ստեղծելու մասին որոշման նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ մյուս նախարարություններում,- ասաց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Օրենքով նախատեսված ժամկետ կա, կամփոփենք, կներկայացնենք: Մենք մտադիր ենք ամենատարբեր աշխատատեղեր ստեղծել զոհվածների ընտանիքների համար՝ աշխատանքում ներգրավվելուց մինչեւ փոքր բիզնեսին աջակցություն ցուցաբերելուց, այսինքն միգուցե լինեն մարդիկ, որոնք կցանկանան փոքր բիզնես հիմնել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նախարարը նշեց, որ որոշման նախագծով նման աջակցություն է ցուցաբերվելու Հայաստանում եւ Արցախում 1990-ականների սկզբից ռազմական գործողությունների պատճառով զոհված զինծառայողների ընտանիքներին:

Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 15-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական էր տվել Էկոնոմիկայի նախարարին մարտական գործողությունների հետեւանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել եւ ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկ՝ նշելով նաեւ ֆինանսավորման աղբյուրները:

Տպել Տպել