Առաջարկվում է ԱԱՀ-ից ազատել կառավարության հավանությանն արժանացած դրամաշնորհային ծրագրերը

FotorCreatedՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր Ազգային ժողով զեկուցման էր եկել հայկական առաջին բջջային հեռախոսով։

Այն ամբիոնից ցուցադրելով՝ նա ասաց. «Կարծում եմ, որ մեզնից պետք է նաև սկսենք հայկական ապրանքանիշով առաջին ապրանքների իրացումը»:

Նա ներկայացրեց «Ավելացրած արժեքի հարկի» մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Այս օրինագծի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մի շարք տնտեսության ոլորտներում միջազգային դոնոր կազմակերպությունները նախատեսում են աջակցություն ցուցաբերել դրամաշնորհների տեսքով։ Մեր գործող օրենսդրության համաձայն՝ այդ դրամաշնորհներով մատուցվող ծառայությունները և ձեռքբերվող ապրանքները հարկվում են ավելացված արժեքի հարկով, ինչը խոչընդոտ է հանդիսանում համ ծրագրի արդյունավետության ապահովման, համ դոնոր կազմակերպությունների կողմից համապատասխան աջակցությունը իրականացնելու հարցում, որովհետև լրացուցիչ քսան տոկոս ավելի բեռնվածություն պետք է ունենա»,-ասաց նա:

Այսպիսով` նախարարն ասաց, որ առաջարկում են, որ սուբսիդիաների, սուբվենցիաների, դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները, գործառությունները ազատվեն ավելացված արժեքի հարկից, եթե նշված ծրագրերը արժանանան ՀՀ կառավարության կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացության:

Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ընդունում են նաև այն առաջարկը, ըստ որի՝ մասնագիտական հանձնաժողովում ներգրավված կլինեն հանրային սեկտորի և ԱԺ ներկայացուցիչները:

«Մենք ընդունում ենք այդ առաջարկը, ավելին` շնորհակալ ենք դրա համար»,-հավելեց նա:

Տպել Տպել