Արցախի վարչապետն ընդունել է Լևոն Մկրտչյանին

FotorCreatedԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և նրան ուղեկցող` կրթության ոլորտի պատասխանատու անձանց: Այս մասին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջույնի խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել հյուրերին Շուշիի տեխնոլոգիական համալասարանի հեռանկարներն ու կրթության ոլորտի հիմնախնդիրներն Արցախում քննարկելու` իրենց առաջարկն ընդունելու համար:

Կարևորելով կրթության դերը երկրի զարգացման գործում` վարչապետը ներկայացրել է Արցախում իրականացվող կրթական ծրագրերը և նշել. « Եթե մեզ հաջողվի զարգացում ապահովել կրթության ոլորտում, ունենալու ենք ծաղկող երկիր, այլ դեպքում` կմնանք նույն մակարդակին»:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ստեղծումն ընդգծելով` Ա. Հարությունյանը մեծ հեռանկարներ է կապում նոր բուհի հետ` հանրապետության կարևորագույն ոլորտների համար որակյալ կադրեր թողարկելու տեսանկյունից: Այս հարցում կառավարության ղեկավարը ակնկալում է հայաստանյան գործընկերների աջակցությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ պատրաստ են աջակցելու Արցախում իրականացվող կրթության զարգացմանն ուղղված միջոցառումներին: Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի հիմնախնդիրները` Լ. Մկրտչյանը նշել է, որ պատրաստվում են լուրջ բարեփոխումներ իրականացնել ոլորտում` կրթական համակարգի ձևի ու բովանդակության համապատասխանեցման ուղղությամբ:

Տպել Տպել