Միչիգանի նահանգապետը ստորագրել է Հայոց ցեղասպանության թեման դպրոցներում դասավանդելու օրենքը

FotorCreatedՄիչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերը ստորագրել է HB4493 օրենքը, որով պարտադիր է դառնում Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի (ինչպես նաեւ այլ ցեղասպանությունների) դասավանդումը նահանգի հանրակրթական դպրոցներում, հաղորդում է «Ասպարեզ»-ը:

Նշվում է, որ նոր օրենքը նախատեսում է ընդհանուր հաշվով 6 ժամ հատկացնել 8-12-րդ դասարաններում ցեղասպանության մասին կրթությանը: Միչիգանի եւ հայ, եւ հրեական համայնքը համախմբված կերպով առաջ է մղել օրինագիծը:

Օրենքի պաշտոնական ստորագրումը տեղի է ունեցել Ֆարմինգթոն-Հիլզում գտնվող Հոլոքոստի հիշատակի կենտրոնում: Արարողությանը ներկա են եղել Հայ դատի Միչիգանի հանձնախմբի ներկայացուցիչներ:

«Սա շատ կարեւոր օր է մեր նախնիների համար: Ավելի քան 100 տարի անց Միչիգանի երեխաները կտեղեկանան Ցեղասպանության բոլոր տեսակների մասին, մասնավորապես Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի մասին: Ասում են` պատմությունը կարող է կրկնվել, եթե դրանից դասեր չքաղենք՝ հույս ունենալով, որ ապագա սերունդները կհասկանան, որ պետք է անել ամեն բան մարդկության դեմ գործված նման սարսափելի հանցանքներ չտեսնելու համար»,- նշել է Միչիգանում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Լարա Ներսեսյանը:

Միչիգանի Ներկայացուցիչների պալատի անդամ Կլինտ Կեստոն այս առնչությամբ նշել է. «Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել հայ եւ հրեական համայնքների հետ, եւ մենք հաստատեցինք այս օրենքը: Ներկայումս, երբ Մերձավոր Արեւելքում ցեղասպանություն է տեղի ունենում, մենք պետք է գործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի երիտասարդ սերունդը ուսանի ցեղասպանությունների պատմությունը, հասկանա իր շուրջը կատարվողը եւ ունենա համապատասխան որակներ՝ կանխելու ապագայում հնարավոր ցեղասպանությունները»:

news.am

Տպել Տպել