Չենք կարող թույլ տալ, որ կրթությունը ծառայի սոսկ աշխատաշուկայի պահանջների սպասարկմանը

FotorCreatedՀուլիսի 4 -ին ՀՀ ԿԳՆ-ում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը:

Անդրադառնալով միասնական քննությունների ընդհանուր պատկերին ԿԳ նախարարը նշել է, որ արդյունքների վերաբերյալ պետք է կատարվի վերլուծություն. «Մենք պետք է դիտարկենք առանձնացված ավագ դպրոցների, բուհերին կից վարժարանների և միջնակարգ դպրոցների միասնական քննությունների արդյունքները: Մեզ համար շատ կարևոր է հասկանալ, թե որ դպրոցների շրջանավարտներն են ավելի բարձր միավորներ ապահովել, որպեսզի դա կարողանանք ներդնել հանրակրթության ոլորտում հետագա քաղաքականության հիմքում»,- նշել է նախարարը և հավելել,- «Մենք ունենք մասնագիտություններ և մասնագիտացումներ, որոնք չեն համալրվում՝ աշխատաշուկայում այսօր պահանջված չլինելու պատճառով: Մենք չենք կարող թույլ տալ, որ կրթությունն ու գիտությունը ծառայեն սոսկ աշխատաշուկայի պահանջների սպասարկմանը: Մենք ունենք մասնագիտական կարևոր ուղղություններ, որոնց ինքնապահպանումն ինքնին արժեք է»,- նշել է նախարար Լևոն Մկրտչյանը և բուհերի ռեկտորներին հանձնարարել ներկայացնել պետական հոգածության անհրաժեշտություն ունեցող այն մասնագիտությունների ցանկը, որոնք կարևորված են ինչպես հեռանկարային զարգացման, այնպես էլ մասնագիտական դպրոցի պահպանման առումներով:

Նախարարն առաջարկել է ռեկտորների խորհրդի առաջիկա նիստերից մեկում քննարկման դնել այդ առաջարկությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարձրագույն և հետբուհական կրթության մասին նոր օրենքի նախագիծն արդեն թևակոխել է քննարկումների փուլ:

Նիստի ընթացքում ռեկտորները մտահոգություն են հայտնել ընդունելության համակարգի մի շարք խնդիրների առնչությամբ՝ շեշտելով, որ դիմորդների քանակի ընդհանուր նվազումն անդրադառնում է բուհերի ֆինանսական կայունության, զարգացման հեռանկարի և կրթության որակի վրա:

Տպել Տպել