Կիսանախագահական եւ նախագահական մոդելներն անընդունելի են մեզ համար

FotorCreatedԱրցախում կառավարման նախագահական եւ կիսանախագահական համակարգերը մեզ համար ընդունելի չեն:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:

«Մենք մեր տեսակետն արդեն ներկայացրել ենք եւ հիմնավորված կերպով արտահայտել, որ մեր մոտեցումները բխում են «Դաշնակցության» հիմնական սկզբունքներից եւ չեն կարող տարբերվել այն սկզբունքներից, որոնք ծավալել էր ՀՅԴ-ն Հայաստանում, այն է՝ խորհրդարանական համակարգի արմատավորումը: Նախքան ապրիլն էլ մեզ մոտ այս տեսակետը դարձավ իշխող, այլ տարբերակ մեզ համար անընդունելի է: Կիսանախագահական եւ նախագահական համակարգերը մեզ համար հատկապես այս փուլում ընդունելի չեն»,- ասաց Դավիթ Իշխանյանը՝ նշելով, որ իրենք փորձելու են պաշտպանել իրենց տեսակետը, այն է՝ անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգում:

Արցախցի պատգամավորի խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը դեռեւս քննարկումներ չի անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ. «Կարծում եմ՝ հանձնաժողովը քննարկումներ կանցկացնի, երբ հայեցակարգը մշակվի եւ ներկայացվի հանրությանը»:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերսկսվել են քառօրյա պատերազմի հետեւանքով ժամանակավորապես դադարեցված՝ սահմանադրական փոփոխությունների հարցերով մասնագիտական աշխատանքային խմբի քննարկումները: Մամուլում քննարկվում է մինչեւ 2020թ. նախագահական նոր ընտրություններ չանցկացնելու տարբերակը: Պաշտոնապես որեւէ արձագանք այս հրապարակումների վերաբերյալ չկա:

news.am

Տպել Տպել