Կառավարությունը Վերին Լարսի փակմամբ առաջացած խնդիրները մեղմելու մեխանիզմներ է մշակում

FotorCreatedՎերին Լարսի ճանապարհի` օրեր շարունակ փակ լինելն ակնհայտն է, որ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, բայց թե թվային ինչ արտահայտմամբ, դեռևս պարզ չէ: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Այս պահին դժվար է խոսել թվային պատկերից, բայց ակնհայտ է, որ ազդում է առևտրաշրջանառության, բեռնափոխադրումների վրա այն էլ այս սեզոնին: Իհարկե, բացասական ազդեցություն կունենա, բայց պետք է անել ամեն ինչ` մեղմացնելու համար»,- ասաց նախարարը:

Հարցին ի պատասխան` արդյո՞ք հայտնի է, թե որքան բերք է փչացել` այդպես էլ արտահանման երկիր չհասնելով և որևէ փոխհատուցում սպասվում է` Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Մենք ունենք արտահանման ապահովագրման ծառայություն երրորդ կողմի չվճարման դեպքում, երբ ապահովագրվում են արտահանողները, որոնք նաև արտադրողներ են: Սակայն ընթացքում տեղի են ունենում գործողություններ, որոնք կապված չեն երրորդ կողմի ռիսկային դրսևորումների հետ, այս պահին դրանց առնչությամբ չունենք փոխհատուցման համակարգ: Դա ծախսատար ու շատ լուրջ բեռ է: Դրա փոխարեն քննարկում ենք այնպիսի համակարգերի ստեղծումը, որոնք թույլ կտան ավելի երաշխավորված ու անվտանգ ձևով բեռների տեղափոխումը, այդ թվում` սառնարանային պայմաններով»:

Անդրադառնալով հայկական ապրանքների արտահանման հեշտացմանը տարբեր ուղղություններով, այդ թվում` դեպի Ռուսաստան, այլընտրանքային ճանապարհներ ստեղծելու միջոցով` Արծվիկ Մինասյանը նկատեց, որ հարցադրումը վաղուց առկա է կառավարության առջև: Իրենք դիտարկում են բեռնափոխադրումները օդային եղանակով իրականացնելու տարբերակը մատչելի պայմաններով այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը լինի, ինչպես նաև հաշվի առնելով սեզոնայնությունը (հայկական թարմ, հատկապես, գյուղատնտեսական ապրանքների անհրաժեշտությունը ԵԱՏՄ շուկայում):

Ինչ վերաբերում է սեփական լաստանավ ունենալու առաջարկին` Արծվիկ Մինասյանը նշեց, որ այլընտրանքային ճանապարհներ որոնելու հարցերը պահանջում են խորքային ուսումնասիրություններ և աշխատանք: «Հենց այնպես սեփական լաստանավ ունենալը, ցանկություն ունենալը քիչ է, անհրաժեշտ է բոլոր գործողությունները ճշգրիտ հաշվարկել»,-ասաց նա:

Պատասխանելով հարցին` կապված Հարավային Օսիայի միջով դեպի Ռուսաստան ճանապարհի ստեղծմանը, որը Լարսին այլընտրանք կլինի, նախարարը հայտնեց, որ դրա շուրջ բանակցությունները հիմնականում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն է իրականացնում, բայց առաջիկայում հնարավոր է այն դառնա նաև իրենց նախարարության կողմից տարվող աշխատանք: «Տրանսպորտի և կապի նախարարի հետ առաջիկայում քննարկումներ պետք է իրականացնենք, քանի որ երկու նախարարությունների իրավասության տիրույթում է այդ հարցը: Մենք մտադիր ենք առաջիկայում համատեղ աշխատանքներ իրականացնել, նաև Աբխազական երկաթուղու և այլ ուղղությունների շուրջ»,-ասաց նախարարը:

Նախարարը հարցին ի պատասխան նշեց նաև, որ ռուսական սահմանին Հայաստանի քաղաքացիներից տարբեր մեթոդներով գումար շորթելու դեպքերը բացառելու համար համակարգային լուծում է անհրաժեշտ: «Դա լուրջ խնդիր է, առաջին անգամ չէ, որ բարձրացվում է մեր քաղաքացիների կողմից: Ես տեղյակ եմ, որ Տրանսպորտի և կապի նախարարը օպերատիվ փորձում է միջամտություն իրականացնել, բայց այն, ինչ կապված է ռուսական առանձին հատվածներում նմանատիպ երևույթների հետ, ես որպես Էկոնոմիկայի նախարար կարծում եմ, որ համակարգային լուծում պետք է ստանա: Հաճախ անօրինական գործողություններ են ձեռնարկվում հայ փոխադրողների կամ ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Բնական է ու պարզ, որ մենք պարտավոր ենք քննարկումների արդյունքում այնպիսի մեխանիզմ ստեղծել, որ նմանատիպ ոտնձգությունների ժամանակ ռուսական կողմից ապահովվի արագ արձագանքում»,-հայտնեց նախարար Մինասյանը:

Հունիսի 23-ին տեղատարափ անձրևների և Թերեք գետի վարարման պատճառով փակվել է Վերին Լարսի անցակետն ու ճանապարհը: Խցանման մեջ հայտնված ՀՀ քաղաքացիները ինքնաթիռներով վերադարձվել են հայրենիք, իսկ բեռափոխադրումներն իրականացվում են լաստանավերով: Հուլիսի 4-ից փորձ է արվել բացել ճանապարհը, որը, փակման վտանգի ներքո է:

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ ավիափոխադրումների ոլորտի խնդիրներին: Նրա խոսքով` ոլորտը շատ լուրջ վերանայումների կարիք ունի`ավիափոխադրումների ոլորտում գնագոյացման հնարավոր դեմպինգային գործողությունները բացահայտելու առումով:

Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի փակվելու արդյունքում ռուսական որոշ ավիափոխադրողները կրկնակի ու եռակի բարձրացրել էին ավիատոմսերի գները:

«Ավիացիայի ոլորտում գնագոյացման համակարգը մտահոգիչ է` նկատի առնելով հանգամանքը, որ էկոնոմիկայի նախարարությունը կարճ ժամանակ է, որ ստանձնել է այդ գործառույթը: Մենք թե’ կարողությունների հզորացման, թե’ համակարգի ավելի լավ ուսումնասիրման աշխատանքի մեջ ենք: Սա թե’ էկոնոմիկայի նախարարության, թե’ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ինչպես նաև այլ իրավասու մարմինների քննարկման հարցը պետք է լինի, իսկ նման քննարկումները արդեն սկսվել են»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նախարարի կարծիքով` ավիափոխադրումների ոլորտում գնագոյացման խնդիրը առկա է ոչ միայն Հայաստանում, այլ նաև այլ երկրներում, երբ նույնիսկ զարգացած երկրները ավիափոխադրումների ոլորտում բախվում են թաքնված դեմպինգային գործողությունների: Եվ հենց ավիափոխադրումների ոլորտում գնագոյացման հնարավոր դեմպինգային գործողությունները բացահայտելու իմաստով անելիքներ կան:

Տպել Տպել