Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ ԼՂՀ իշխանություններն ուզում են տարածքներ զիջել

FotorCreatedԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը պնդում է, որ խոսակցությունները, թե Արցախի իշխանությունները պատրաստ են տարածքներ զիջել կայուն կարգավիճակ ստանալու դիմաց, իրականությանը չեն համապատասխանում:

«Հիմքեր չունենք՝ այդպիսի մեկնաբանություններ կամ ենթադրություններ տալու: Մամուլում շրջանառվող տեսակետներ են դրանք, եւ դրանց համապատասխան մեկնաբանություններ տալ ճիշտ չէ: Համենայն դեպս, մենք ոչ մի հիմք չունենք ենթադրելու, որ այդպիսի մթնոլորտ կամ կեցվածք կա, չկան նման խոսակցություններ»,- ասաց Դավիթ Իշխանյանը:

Դիտարկմանը, թե քառօրյա պատերազմից հետո լուրեր շրջանառվեցին, որ Հայաստանի նախագահը Ստեփանակերտում պատգամավորների հետ հենց տարածքների զիջման հավանականության հարցն է քննարկել, Դավիթ Իշխանյանն արձագանքեց. «Սերժ Սարգսյանը նման խնդիր չի քննարկել, եւ այդ քննարկման գործընթացի վերաբերյալ մամուլում տարածվեցին տարաբնույթ, իրականությանը չհամապատասխանող տեսակետներ: Դրանք մտացածին բաներ են»:

Նշենք, որ շատ քաղաքական վերլուծաբաններ կարծում են, որ իշխանական վերնախավը քննարկում է տարածքներ զիջելու հարցը:

Ի դեպ, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել էր, թե իրենք պատրաստ են փոխզիջման, որը պետք է լինի երկկողմանի եւ համարժեք:

aparaj.am

Տպել Տպել