Առանց Ստեփանակերտի մասնակցության հնարավոր չէ լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Կարծում են Մոսկվայի կլոր սեղանի մասնակիցները

bbb5bf8d-cf4b-4211-99ae-0e94a84a109f«Արգումենտի ի ֆակտի» գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղն այսօր. հայացք հյուսիսից» կլոր սեղանը, որի մասնակիցները քննարկեցին 1994 թ. մայիսին ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի կնքման հարցում Ռուսաստանի դերը, քառօրյա պատերազմից հետո իրավիճակը Հարավային Կովկասում, Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները և ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման ընթացքը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Կլոր սեղանը նախաձեռնել և վարում էր «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:

Լեռնային Ղարաբաղի թեման միջազգային օրակարգի մաս է հանդիսանում

Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի թեման որոշակիորեն գերակշռում է համաշխարհային դիվանագիտությունում և մամուլում: Դա կապված է հակամարտության գոտում լարվածության աճի հետ:

«Ապրիլի սկզբին, հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդների ջանքերին հակառակ, Ադրբեջանը խախտեց կրակի դադարեցման ռեժիմը և գնաց ռազմական գործողությունների` շփման գծի ողջ երկայնքով: Ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն ծրագրել էր կայծակնային պատերազմի տարբերակով ղարաբաղյան հարցը լուծել ուժային ճանապարհով – իր ելույթում նշեց Յուրի Նավոյանը: – Այդ ագրեսիան շատերի համար անսպասելի չէր: Նման սցենարի հնարավորության մասին մշտապես նախազգուշացրել էին փորձագետներն ու քաղաքական գործիչները»:

«Դա տեղի ունեցավ Ադրբեջանին մինչև վերջ աջակցելու մասին Թուրքիայի քաղաքական հայտարարությունների, Թուքիայից, Իսրայելից, Ուկրաինայից և, ցավոք, Ռուսաստանից Ադրբեջանի` ծանր հարձակողական սպառազինությունների ստացման ֆոնին», իր տեսակետը ներկայացրեց Նավոյանը:

Նրա խոսքերով, ռազմական գործողությունները դադարեցվեցին Լեռնային Ղարաբաղի պաշպանական բանակի հերոսության և միջազգային հանրության միասնական դիրքորոշման շնորհիվ:

«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը խաղաղ գործընթացը ձախողելու փորձ արեց, վտանգ սեղծեց ոչ միայն Լոռնային Ղարաբաղի բնակչության, այլ ողջ տարածաշրջանի համար, անհրաժեշտություն կա վերանայելու Ադրբեջանին ծանր հարձակողական սպառազինության վաճառքի ծրագիրը գոնե մինչև հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իրավական պարտավորեցնող համաձայնության հասնելը», գտնում է Նավոյանը:

«Եվ Ռուսաստանը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները պնդում են, որ այս տարածաշրջանում պետք է գերակշռեն խաղաղությունն ու կայունությունը, – ընդգծեց նա: – Ռազմական ռիսկերը պետք է նվազեցվեն առկա համաձայնությունների հիման վրա: Բայց դրա համար հաճախ բացակայում է միջազգային հնարության հայտարարությունների հասցեականությունը և երաշխիքներ, որ Ադրբեջանը նոր ագրեսիայի չի գնա»:

Կազիմիրով. յուրաքանչյուր կողմ ճշմարտության իր բաժինն ունի

Ղարաբաղյան հակամարտությունը մշտական ուշադրություն է գրավում, այն բավական բարդ է և յուրաքանչյուր կողմ ճշմարտության իր բաժինն ունի, փորձելով այն ամբողջության վերածել, համարում է Վլադիմիր Կազիմիրովը, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը, 1992-1996 թթ Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարը, Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը և ՌԴ կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը:

«Զինադադարի համաձայնագիրը, որը կնքվեց 1994 թ. մայիսի 12–ին, ձևակերպվեց աննախադեպ կերպով, – պատմեց նա: – Հակամարտության առանձնահատկությունն այն է, որ դրան մասնակցում են երեք կողմ: Դրանով էլ պայմանավորված են նաև այդ համաձայնագրի կնքման առանձնահատկությունները: Ադրբեջանը չէր ուզում ստորագրել փաստաթղթերը ԼՂՀ մասնակցությամբ: Խուսափում էին, ինչպես որ կարող էին»:

Սովորաբար միջազգային փաստաթղթերը ստորագրվում են նույն օրը, նույն տեղում: Մի կողմը մոտենում, թողնում է ստորագրությունը: Նույնը կատարում է նաև մյուս կողմը, պարզաբանեց դիվանագետը:

«Այդպիսի համաձայնագրերը ստորագրվում են մեկ էջի վրա: Իսկ այստեղ հարկ եղավ ստորագրել ամբողջությամբ նույն բովանդակությամբ երեք տարբեր էջեր, և կողմերը դրանք առանձին-առանձին ստորագրեցին», նշեց Կազիմիրովը:
Բայց այդ դժվարությունները, նրա խոսքերով, ոչ մի կերպ չեն տկարացնում գոյություն ունեցող պայմանավորվածությունները: Փաստաթղթերը մինչև օրս չեն կորցրել իրենց ուժը:

«Բաքվում շատ մարդիկ փորձում են ապացուցել, որ պայմանագիրը չի կարող անժամկետ լինել. Նրանք ամեն կերպ գրոհում են այդ կետը: Բայց միջազգային պրակտիկայում այդպես լինում է: Փաստաթղթերը, ուր ուժի մեջ լինելու ժամկետ չեն նշվում, ինքնաբերաբար անժամկետ են համարվում», պարզաբանեց Կազիմիրովը:

Այս ենթատեքստում նա հիշեցրեց նաև 1995 թ. փետրվարի 4–ին Հեյդար Ալիևի կողմից «Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին» համաձայնագիրը ստորագրելը, որը նույնպես անժամկետ է:

Այս տեսակետը պաշտպանեց նաև նիստը վարողը. «Կրակը դադարեցվել է Ռուսաստանի միջնորդական ջանքերով և համաձայնագրերը, որոնք ստորագրվել են երեք կողմերը` անժամկետ են: Այդ փաստաթղթերը բանակցությունները շարունակելու միակ իրավաբանական հիմքն են հանդիսանում մինչև խաղաղության համաձայնագրերի կնքումը, – ընդգծեց Նավոյանը: – Հայկական կողմը բանակցություններում գրավադրում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա: Դրանով հանդերձ, նա չի բացառում կոմպրոմիսը, բայց միայն`ԼՂՀ կարգավիճակը որոշելուց հետո»:

Պախոլկով. երկու կողմն էլ պետք է սկսեն խոսել այն մասին, թե համաձայնության հասնելու համար նրանք ինչ զիջումների են պատրաստ գնալու

ՌԴ Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հարցերով կոմիտեի փոխնախագահ Օլեգ Պախոլկովը, ով եղել է Լեռնային Ղարաբաղում, կիսվեց Ստեփանակերտ իր այցի տպավորություններով: «Ցանկանում եմ նշել` ես չեմ տեսել ավելի ապահով քաղաք, ուր կարելի է անհոգ զբոսնել և չանհանգստանալ, որ քեզ հետ ինչ որ վատ բան կպատահի, – պատմեց նա: – Ապահովության տեսակետից, իհարկե, Ղարաբաղը շատ առաջ է անցել»:

Գտնվելով տնտեսական շրջափակման մեջ, պատգամավորի խոսքով, մարդիկ կարողացել են Ստեփանակերտն իրոք գեղեցիկ քաղաք դարձնել:

Դրանով հանդերձ, պատգանավորը զարմացել է այն իստերիայից, որ ԼՂՀ դեմ սանձազերծել են ադրբեջանական լրատվամիջոցները: «Ես կարդացել և զարմացել եմ այն հիստերիայից, որ իբր թե Լեռնային Ղարաբաղում ամեն ինչ վատ է, – ասաց Պախոլկովը: – Իրականում, Ղարաբաղում ամեն ինչ լավ է, եթ չհաշվենք պատերազմն ու սահմանային բախումները»:

«Նման հռետորաբանությունը օգնում է քաղաքական գործիչներին այսրոպեական ինչ-որ խնդիրներ լուծել, բայց հեռանկարում ոչ մի լավ բանի չի կարող բերել»:

Նրա խոսքերով, Ադրբեջանում արդեն սերունդ է մեծացել, որոնց գիտակցության մեջ հայը թշնամի է: Դա շատ վատ է, գտնում է Օլեգ Պախոլկովը:
«ԼՂՀ ժողովրդին իրավունք չեն տալիս քվեարկելու, թե ինքն ինչպես է ուզում ապրել: Քանի այդ իրավունքը չեն տվել, միշտ զենք են ճոճում, – նշում է նա: Ողջ աշխարհը սարսափով էր հետևում ապրիլին իրադարձությունների զարգացմանը, որը կարող էր Երրորդ աշխարհամարտի սկիզբ դառնալ»:

Պատգամավորի խոսքերով, դեպքերի նման զարգացում չեն ցանկանում Ամերիկան, Եվրոպան և Ռուսաստանը:

Նա առաջարկեց հակամարտությունից դուրս գալու իր պատկերացումը. «Անհրաժեշտ է կողմերին զրկել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու իրավունքից, հետ քաշել զորքերը և կողմերի համաձայնությամբ կապույտ սաղավարտավորներ մտցնել իբրև երաշխիք այն բանի, որ այնտեղ այլևս ոչ ոք չի զոհվի, գտնում է Պախոլկովը: – Կողմերը պետք է սկսեն խոսել այն մասին, թե համաձայնության հասնելու համար նրանք ինչ զիջումների են պատրաստ գնալու: Զիջումների պետք է գնալ գոնե հռետորաբանության մակարդակով: Եթե այս հակամարտությունը ավարտվի, բոլորը երջանիկ կլինեն»:

Եվսեև. առաջիկայում նման սցենարները բացառող իրական մեխանիզմներ չկան

Ամեն ինչ տանում էր պատերազմի, 2016 թ. ապրիլի ողբերգական դեպքերը անխուսափելի էին, համարում է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեևը: «Սկսած 2015 թ. օգոստոսից ամեն ինչ գնում էր դեպի պատերազմի: Հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ օգտագործվեցին համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Տարվա վերջում արդեն գործի էին դրվել տանկեր և հաուբիցներ. Հակամարտությանը մասնակցում էին համարյա բոլոր զինատեսակները», հիշեցրեց նա:

Ինչու՞ դա հնարավոր եղավ: Բախման մղեց Թուրքիան, համարում է կլոր սեղանի մասնակիցը: Դրանից բացի խախտվեց ուժերի հավասարակշռությունը. Ադրբեջանը ուներ քաղաքական և որոկական առավելություն: Հակամարտության սկզբին Ադրբեջանը բրոնետեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի, հրետանու, ռազմական ավիացիայի, համազարկային կրակի ռեակտիվ համակարերի առավելություն ուներ` հիմնականում իսրայելական արտադրության:

«Եվ դրա հիման վրա երկրի ղեկավարությունը որոշում ընդունեց ռազմական օպերացիայի սկզբի մասին, – իր տեսակետը հայտնեց Եվսեևը: – Օպերացիային մանակցում էր չորսից վեց հազար զինվորական: Դա մարտով հետախուզություն չէր»:

Նրա կարծիքով Ադրբեջանը մասշտաբային օպերացիա էր մշակել եթե ոչ գրավելու Ստեփանակերտը, ապա գոնե դուրս գալ նրա մատույցներ:

«Ինչու՞ Ադրբեջանը չհաղթեց, ունենալով քանակական և որակական առավելություն: Դա տեղի չունեցավ շնորհիվ հայ զինվորների` ժամկետային ծառայողների հերոսության: Նրանց ամրության շնորհիվ բախումը հնարավոր եղավ կանգնեցնել: Հակառակ դեպքում մենք կխոսեինք ԼՂՀ գոտում լրիվ ուրիշ իրավիճակի մասին», համարում է Վլադիմիր Եվսեեևը:
Դրա հետ մեկտեղ, առաջիկայում նման սցենարները բացառող իրական մեխանիզմներ այսօր նա չի տեսնում: Հակամարտության գոտում զորքերի տարանջատումը, Եվսեևի կարծիքով, հնարավոր չէ, քանի որ մի կողմը առավելություն ունի:

«Ես կառաջարկեի ոչ թե զորքերը տարանջատել, այլ ծանր տեխնիկան հեռացնել այնպիսի տարածության, որը թույլ չի տա ռմբակոծել բնակավայրերը: Դա ավելի իրատեսական է, – համարում է ռազմական փորձագետը: – Եթե դա չարվի, ապա ռազմական բախման կրկնությունը անխուսափելի է»:

Դրանից բացի, նրա կարծիքով, պետք է արգելվեն որոշ զինատեսակներ: Դրանք այն զինատեսակներն են, որոնք կարող են բերել խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացման` համազարկային կրակի ռակտիվ համակարգերը, ծանր հրանոթային համակարգերը: Եթե դա չարվի, կսանձազերծվի նոր բախում, համարում է Եվսեևը:
«Անհրաժեշտ է նաև միջազգային հսկողություն, այն է` սարքեր, որոնք ցույց կտան, թե ով է հարձական նախաձեռնողը, – նշեց փորձագետը: – Բայց դա հնարավոր է միայն փոխադարձ վստահության առկայության պայմաններում: Իսկ դա չկա և ինձ հայտնի չէ, թե ինչպես փոխել այս իրավիճակը»:

Նրա անձնական կարծիքով, Ռուսատանը, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կարող է իր վրա որոշ պարտականություններ վերցնել. «Առաջինը` փոխել ռուսական կողմից մատակարարվող զենքի տեսականին: Դա հակամարտության կարգավորման քայլ կհանդիսանա: Երկրորդ` կատարել Հայաստանին զենքի մատակարարման պայմանագիրը: Զինատեսակների անհավասարակշռությունը պետք է վերացվի, այլապես ոչ ոք ոչ մի բանի մասին չի պայմանավորվի», համոզված է Վլադիմիր Եսվեևը:

«Իմ կարծիքով կարիք չկա խաղաղարարներ մտցնել, դրա համար պայմաններ չկան, -իր կարծիքն է հայտնում կլոր սեղանի մասնակիցը: – Խաղաղարարների հարցը պետք է քննարկվի, բայց այն ժամանկ, երբ գոնե վստահության նվազագույն մակարդակ կապահովվի»:

Առկա համաձայնությունների հստակ կատարումը ճանապարհ է դեպի խաղաղություն

Միայն ուժերի հավասարակշռությունը լուրջ ու կառուցողական բանակցությունների պայմաններ կստեղծի, գտնում է քաղաքագետ Անդրեյ Արեշևը: Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանը համալիր ջանքեր է գործադրում այդ հարցում խախտված ստատուս-քվոն վերականգնելու համար:

Հայ հասարակությունում հակառուսական տրամադրությունների խորացումից խուսափելու համար պետք է փոխել Ադրբեջանին մատակարարվող զենքերի տեսականին, գտնում է Արեշևը:

Հակառուսական տրամադրություններ Հայաստանում կան, բայց բացի Ռուսաստանից այլ ուժ, որը ի վիճակի է օգնել Հայաստանին, չկա և չի կարող լինել, համարում է քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

Առայժմ իրավիճակի դինամիկան, ըստ նրա, բացասական է. «Նոր պատերազմն անխուսափելի է», եզրակացրեց կլոր սեղանի մասնակիցը:

Արցախցիները զարմացրին ողջ աշխարհին իրենց հողը պաշտպանելու կարողությամբ, բարոյական առավելությունը նրանց կողմն է, համարում է հրապարակախոս Դենիս Դվորնիկովը:

Նրա կարծիքով, պետք է ոչ միայն ցավել ստեղծված իրավիճակի համար, այլ հնարավոր միջոցներով նպաստել դրա լուծմանը:

«Մենք պատրաստվում ենք Լեռնային Ղարաբաղում միջազգային գրական ակումբ բացել, – պատմեց նա: – Տաղանդավոր երիտասարդների հետ զբաղվում են մոսկովյան դասախասները: Նրանց կարծիքով, արցախցի երիտասարդները ռուսերենի իրենց իմացության մակարդակով արդեն այսօր ռուսաստանյան լավագույն համալսարանների բանասիրական ֆակուլտետների պատրաստի դիմորդներ են»:

Երբեմն քաղաքագետները սխալներ են թույ տալիս միջազգային իրավունքի տեսակետից: Նրանց առաջին սխալն այն է, որ այս հակամարտությունը ներկայացնում են իբրև հայ-ադրբեջանական, գտնում է քաղաքագետ Արեգ Գալստյանը: «Այդպես ԼՂՀ-ն զրկվում է սուբյեկտայնությունից, – նշեց կլոր սեղանի մասնակիցը: – Սա ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն է»:

«Երկրորդը: Մենք խոսում ենք տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, – շարունակեց նա: – Բայց մոռանում ենք ասել, որ ըստ միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականությունը ընդամենը սկզբունք է, այն ժամանակ, երբ ինքնորոշման իրավունքը նորմ է: Իսկ միջազգային իրավունքում միշտ էլ նորմը կարևոր է սկզբունքից»:

Չի կարելի թույլ տալ ապրիլյան իրադարձությունների կրկնությունը, ամփոփելով կլոր սեղանի արդյունքերը նշեց Յուրի Նավոյանը: «Ռուսաստանի գործողությունները շատ կարևոր են իրավիճակի կայունացման համար, հասարակությունում հայ-ռուսական ավելի ակտիվ փոխգործակցության պահանջարկ կա: Անհրաժեշտ է ռազմական հավասարակշռությունը, չէ՞ որ հենց ուժի երևակայական առավելությունը Ադրբեջանին մղեց ռազմական գործողությունների, – նշեց կլոր սեղանը վարողը: – Պետք է հայ-ադրբեջանական բանակցությունների անհրաժեշտ մթնոլորտ ստեղծել, միայն դրանից հետո հնարավոր կլինի անցնել բովանդակային հարցերի քննարկմանը»:

Ըստ Նավոյանի, առանց Ստեփանակերտի մասնակցության հակամարտության կարգավորման համաձայնության հնարավոր չէ հասնել:

Ելենա Խրուստալևա

kavnews.ru

Տպել Տպել