Արա Պապյանի վտանգավոր ֆրազները

FotorCreatedԽորենացու փողոցում քաղաքական վերլուծաբան և նախկին դիվանագետ ներկայացած Արա Պապյանին թեթևակի հիշեցնեմ, որ նախկին դիվանագետ չի լինում: Դիվանագետները ժամանակի հետ թողնում են այդ գործը, բայց չեն դադարում դիվանագիտորեն մտածել և այնպիսի միտք արտահայտել, որ հետո նաև կարողանան արդարանալ ու բացատրել, թե որտեղից է իրենց գլխում ծագել տվյալ միտքը:

Այո, միշտ չէ, որ դիվանագետների գլխում լավ մտքեր են ծագում: Պատահում է, որ նրանք նույնիսկ, ներողություն արտահայտությանս համար, անհեթեթություններ են դուրս տալիս: Արա Պապյանն էլ, ինչպես պարզվեց, բացառություն չէ:

Եվ ուրեմն, սկսեմ այնտեղից, որ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից ժամեր անց առաջիններից մեկը, եթե ոչ առաջինը, ՀՅԴ ներկայացուցիչը դատապարտեց տեղի ունեցած զինված հարձակումը և միանշանակ հայտարարեց, որ Հայաստանում այս մեթոդներով հարցեր չեն լուծվելու: Ես խնդրում եմ՝ ուշադրություն դարձնել «չեն լուծվելու» բայի ժամանակաձևին, որ ստիպում է հասկանալ՝ նաև ապագայում չեն լուծվելու:

Մոդուս վիվենդի վերլուծական կենտրոնի հիմնադիր և նախագահ, իր բնորոշմամբ՝ նախկին դիվանագետ Արա Պապյանը, ըստ երևույթին բավականին հուզված տեղի ունեցածից, սկսում է հանկարծ պաշտպանել Ոստիկանության գնդի վրա զինված հարձակումը, բայցև (տեսնես նրան ո՞վ էր խնդրել) դիվանագիտություն անել, թե ինչպես պետք է տարվեն բանակցությունները իշխանությունների և զինված խմբի միջև: Եվ ահա, նա այնքան է տարվել այս միջնորդական առաքելությամբ, որ ձեռքի հետ էլ մի քանի ֆրազներ է նետել հրապարակ, որոնք, մեղմ ասած, հիմարություն են: Չի բացառվում, որ նա կամ հիշողությունն է կորցրել, կամ իրոք դադարել է դիվանագետ լինելուց, ինչը, մեծ հաշվով և առաջին հերթին հենց իր խնդիրն է:

Ահավասիկ, նա Դաշնակցությանը փորձել է մեղադրել պատանդառության և բռնության հարցերին երկու ակնոցով նայելու մեջ, և արդյունքում ամեն ինչ խառնել է իրար՝ հավասարության նշան դնելով «Սասնա ծռեր» խմբի ՝ՀՀ իշխանությունների դեմ ուղղված գործողությունների և Լիսաբոնի հերոսական հնգյակի՝ Թուրքիայի դեսպանատան վրա կատարած հարձակման միջև, որի նպատակը մեկն էր՝ ստիպել Թուրքիային և նրա երաժշտության տակ պարող երկրներին՝ հաշվի նստել հայոց պահանջատիրության հետ և մոռացության չտալ հարցը:

«Հիմա, որ ՀՅԴ դեմ է պատանդառությանը և բռնությանը՝ ո՞նց է «Լիզպոնի տղոց նահատակութիւնը» նշում»: Զարմանում է Պապյանը: Իսկ ո՞ւմ նահատակությունը նշի, պարոն Պապյան, գուցե պետք է նշել բոլոր այն թուրք առաջնորդների «նահատակությո՞ւնը», որոնց մեր քաջորդիները հատ-հատ գտել ու սատկացրե՞լ են ողջ աշխարհում:

Պատմական փաստ է, որ Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատան վրա հարձակման, ապա նաև դեսպանի կեցավայրի գրավման գործողության պատասխանատվությունն ստանձնել է Հայ Հեղափոխական Բանակը (ՀՀԲ): Պահպանվել է նաև ՀՀԲ-ի կողմից ստորագրված և ԶԼՄ-ներին ուղարկված տպագիր հաղորդագրությունը, որի մեջ ասված է. «Իմացեք` մենք ինչ ենք անում։ Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել։ Մենք ամեն ինչ կորցրել ենք և այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ փլատակների տակ։ Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին։ Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ։ Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետև թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժողովրդի իրավունքները։ Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը։ Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է։ Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»:

Արա Պապյանը, որ ոչ վաղ անցյալում լծված էր միջազգային իրավունքի տեսանկյունից Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հայոց պահանջատիրության ամրապնդման գործին, ծանոթ չէ՞ր վերոբերյալ հայտարարությանը:

Եվ էլի մի փոքրիկ նկատառում. Լիսբոնի հնգյակն այնքան էլ մտահոգ չէ, թե ինչպես կանվանեն իրենց՝ ահաբեկիչ, թե մի ուրիշ բան: Նրանք գիտակցում են, թե ինչու են զենք վերցրել: Հետաքրքիր է՝ ի՞նչ կասի Արա Պապյանն այն մասին, թե ինչո՞ւ են իրենց տրվող անցանկալի որակումներից այդպես նեղսրտում «Սասնա ծռերի» տղաները, մանավանդ, որ նրանք հենց Արա Պապյանի թեթև ձեռքով են նույնացվում «Լիսպոնի տղոց» հետ:

Արա Պապյանի «քաջագործությունները» (հիմա ով Խորենացու փողոցում հերոսացնում է տղերքին, համարվում է քաջ) Լիսբոն-83-ի հիշատակությամբ չեն ավարտվում: Մարդը երկրորդ սայթաքումն է թույլ տվել և ճակատագրի բերումով՝ կրկին Դաշնակցության հարցում:

Նա ասում է՝ որպես բանակցությունների միջանկյալ քայլ, «իշխանությունները պարտավոր են ազատ արձակել բոլոր, ըստ ընդդիմության բնութագրման, քաղաքական բանտարկյալներին: Այդ ցուցակն արդեն փոխանցվել է»: Անձամբ ծանոթ չեմ այդ ցուցակին, բայց կարող եմ ասել, որ ես էլ այնտեղ անուններ ունեմ ավելացնելու: Մեր հարևանն էլ ունի, երրորդը, չորրորդը, վերջապես բոլորը կարող են ավելացումներ անել և իշխանություններից պահանջել, որ քաղբանտարկյալներին այդ ցուցակով ազատ արձակեն: Այդ ո՞վ է որոշել պարոն Պապյան, որ հենց միայն ընդդիմության կազմած ցուցակով պետք է մարդկանց ազատեն: Վերջապես նաև բացատրեք հասկանանք՝ ո՞վ է այսօր ընդդիմությունը:

Այս խրթին իրավիճակը, սակայն, որևէ կերպ չի խանգարում Պապյանին, որ նա որպես քաղբանտարկյալների ազատման նախադեպ ներկայացնի «Վահան Հովհաննիսյան+30» գործը: Պետք է ասեմ, որ Պապյանին դարձյալ լքել է դիվանագիտական ճկուն միտքը և նա վերածվել է փողոցի սովորական պոպուլիստի, ընդ որում մոռանալով, որ 90-ականներին իշխանությունների հիմնական ընդդիմախոսը Դաշնակցությունն էր, որը ենթարկվում էր ամենատարբեր հետապնդումների, այդ թվում՝ արտաքսում էին, ձերբակալում, մինչեւ իսկ ողջ կուսակցությունը կասեցնում: Հայաստանում իշխանափոխությունից հետո միայն հնարավոր դարձավ բանտերից ազատել Դաշնակցության ղեկավարներին, որոնք հայտնվել էին այնտեղ ոչ թե անհատական և ապացուցված մեղադրանքներով, այլ որովհետև Հայաստանում հալածվում էր մի ողջ քաղաքական ուժ: Իսկ «Վահան Հովհաննիսյան+30» խմբի հետ առնչվող մեկ անձ մեղադրվեց ոստիկանի սպանության մեջ, ինչի համար ցայսօր գտնվում է ցմահ բանտարկության մեջ: Ինչ վերաբերում է մյուսներին, քաղաքական հետապնդումներով հանդերձ իշխանությունը այլ մեղադրանք չէր ներկայացրել բացի. «Իշխանությունը բռնի փոխելու կոչերից»:

Իսկ ի՞նչ է կատարվում Խորենացու փողոցում: Արդեն հայտարարում են, որ բարձրաստիճան ոստիկանի սպանությունը դժբախտ պատահար է, Արա Պապյանը պահանջում է ազատ արձակել ընդդիմության ներկայացրած քաղբանտարկյալներին, ընդ որում՝ առանց հաշվի առնելու նրանցից որևէ մեկի արած-չարածը: Ու հարց եմ տալիս հիմա Պապյանին՝ դիվանագետ եղած տարիներին քանի՞ այդպիսի երկիր եք այցելել, որտեղ ընդդիմության ցուցակով է որոշվում բանտարկյալի տեսակը՝ քաղաքակա՞ն, թե՞ քրեական: Եւ այդ որ երկրում է պատահել, որ մեղավորներին ու մեղադրյալներին ազատ արձակեն ոչ թե օրենքի տառի, այլ մի խումբ զինյալ տղերքի եւ նրանց համախոհների պահանջով:

Իհարկե, բոլորիս ցանկությունն է, որ Ոստիկանության գնդի գրավման այս պատմությունը հանգուցալուծվի խաղաղությամբ և նոր զոհեր ու նոր բանտարկյալներ չլինեն: Բոլորս հայ ենք, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ կարող է նշանակել ընտանիքի հոր, կերակրողի, զավակի բանտարկությունը: Հասկանում ենք նաև, թե ինչ է մարդկային կորուստը հայ ընտանիքի համար: Եվ այս պահին պարտավոր ենք ուղղակի ճիշտ կեցվածք դրսևորել և Արա Պապյանի նման չտրվել ինչ-որ անհարկի գրգռմունքների, որոնք ոչ միայն օգուտ չեն տալիս գործին, այլև վտանգավոր են իրադարձություններն այլ ուղղությամբ տանելու տեսանկյունից:

Չեմ զլանա ևս մեկ անգամ կրկնել Վանաձորից իմ լավ բարեկամ Լևոն Սարգսյանի հանճարեղ հորդորը՝ այնպես չանենք, որ Խորենացու «Ողբը» Խորենացու ողբերգություն դառնա:

Ամենավերջում էլ մեկ հարց դիվանագետին. « Վերջին շրջանում հաճախ եք հիշում Դաշնակցությանը, պատճառնե՞ր ունեք»:

Էդիկ Անդրեասյան

yerkir.am

Տպել Տպել