Ներքին օգտագործման զենքը եվ արյունը անհամատեղելի են

FotorCreatedՀուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման եւ հետագա զարգացումների շուրջ «Ժողովուրդ» ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանի հետ:

-Տիկի՛ն Գալստյան, մեկ շաբաթից ավել է` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գտնվում է«Սասնա ծռեր»զինված խմբի հսկողության տակ: Սրան զուգահեռ քաղաքացիների շրջանում շարունակվում են բողոքի ակցիաներ կազմակերպվել: Դուք այս իրավիճակը ինչպե՞ս եք գնահատում:

-Հանրապետությունն ավելի քան մեկ շաբաթ ծանր օրեր է ապրում, ներքաղաքական ճգնաժամ` այն էլ արտաքին մարտահրավերներով խիստ այս ժամանակահատվածում: Մի բան հստակ է, անընդունելի եւ անթույլատրելի` Արցախում հակառակորդին ուղղված զենքը չպիտի փոխեր իր ուղղությունը: Հիմա պատճառներին անդրադառնալու ժամանակը չէ, բանակցային խաղաղ հանգուցալուծումից հետո անհետաձգելիորեն անհրաժեշտ է խորը վերլուծություն կատարելª հասկանալու համար` որոնք էին այն պատճառները, որոնք կարող էին այսպիսի իրավիճակի հանգեցնել, այն էլ շարունակվող պատերազմին եւ հատկապես Արցախի շուրջ սեղմվող բանակցային պրոցեսներին զուգահեռ: Աշխարհաքաղաքական այս քաոսային միջավայրում մի՞թե մեր ազգային անվտանգության ու պետության ինքնիշխանության շահերից է բխում այս գործողությունը: Ներքին տագնապի եւ անվտանգութւյան այս օջախը, զինված բախումը բացարձակապես անընդունելի եմ համարում:

-Ձեր կուսակցության անունը փաստում է, որ հեղափոխության կողմնակից եք: Ինչո՞ւ այժմ դեմ եք իշխանափոխության գնացող «Սասնա ծռերի»քայլերին:

-Այսօր թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության շրջանում եւ հատկապես հասարակության մեջ հաստատ է տեսակետը, եւ համոզումը, որ երկրում խորը, արմատական համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա, բայց այդ փոփոխությունների լուծման ճանապարհը բացարձակապես չի անցնում արյան եւ զենքի ճանապարհով: Միանշանակ է, եւ կարծում եմª պետք է լինել կարճատես, ոչ հայ` սա չհասկանալու համար: Երբ լսում եմ զինյալ խմբի հայտարարություններն ու պնդումները, թե իրենց պայքարը ինքնիշխանության համար պայքար է, եւ միաժամանակ խոսում են ջարդելուց, փշրելուց, չեմ կարող չբարձրաձայնել, որ սրանք պետականության ու ինքնիշխանության հետ անհամատեղելի արժեքներ են: Արդյոք այս ներքին անկայունությամբ խոցելի չենք դարձնում մեր սահմանն ու բանակցային գործընթացը:

Սա չի նշանակում, որ ես կամ այն քաղաքական ուժը, որ ես եմ ներկայացնում, չենք գիտակցում Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտությունը: Բայց ներքին օգտագործման զենքը եւ արյունը անհամատեղելի են, կայուն ու ինքնիշխան պետության գաղափարի հետ: Այսպիսի վարքագծով նոր Հայաստան, նոր երկիր, նոր հեռանկար չեն կառուցում, այս վարքագիծը քաղաքական չէ, ցավալիորեն անլուրջ: Այո՛, Հայաստանում հեղափոխության անհրաժեշտություն կա, բայց այդ հեղափոխությունը արժեքային համակարգի եւ մտքի հեղափոխության է: Դժվար չէ հասկանալ, որ այսպիսի գործողությունները կանխում են առանց այն էլ ծանր քայլերով ընթացող մեր պետականության ընթացքն ու հուսահատության հերթական չափաբաժնով թունավորում ժողովրդին:

-Ի վերջո, ե՞րբ կհանգուցալուծվի իրավիճակը:

-Բանակցային ռեսուրսներն իմ կարծիքով դեռ սպառված չեն: Մխիթարական է, որ բանակցության երկու կողմում էլ արյուն չհեղելու հայտարարություններ են հնչում: Ուզում եմ հավատալ, որ կհաղթի ողջախոհությունը:

-Սերժ Սարգսյանը կոչ արեց «Սասնա ծռերին» զենքերը վայր դնել` նշելով նաեւ, որ այս ամենից պետք է դասեր քաղել: Դուք ի՞նչ դասեր եք քաղել:

-Այո՛, դասեր պիտի քաղել միանշանակ: Խոսքերը քիչ են, քայլեր են հարկավոր եւ գործողություններ… Մեզ անկեղծություն է հարկավոր: Մինչեւ անկեղծ ախտորոշում չանենք, թե որոնք են Հայաստանում խորացող սոցիալական անարդարության, աղքատության արտագաղթի, տնտեսական անհավասարության, ոտնահարված մարդու իրավունքների պատճառները, չենք կարող դասեր քաղել: Մենք 25 տարի, որքան էլ փխրուն, այնուամենայնիվ, կառուցել ենք պետականություն, երկիր, որտեղ օրենքները պետք է աշխատեն, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված պետք է լինեն: Որեւէ երկիր պաշտպանված չի ներքին խժդժություններից, բայց մենք պետք է հասկանանք, որ մեր փխրուն պետությունը եւ Արցախի չհանգուցալուծված խնդիրը մեզանից լրացուցիչ համբերություն, քաղաքացիական նվիրվածություն, լրացուցիչ զոհաբերություն է պահանջում: Իմաստուն փայփայանքով, գուրգուրանքով պիտի պահենք մեր ունեցածը, միասին լուծումներ գտնենք այն խնդիրներին, որ ունենք: Պետականությունը բարձր ու թանկ արժեք է, չի կարելի խաղալիքի պես վարվել: Սա բոլորին է վերաբերվում:

-Տիկի՛ն Գալստյան, ստեղծված իրավիճակում Ձեզ պատասխանատու զգո՞ւմ եք:

-Ամեն քաղաքացի իր մեջ պետք է ունենա այն հարցը` ես ի՞նչ եմ տալիս այս պետությանը: Մենք ավելի շատ սպառող հասարակություն ենք, քան տվող: Այո՛, ես չեմ կարող ինձ պատասխանատու չզգալ, իբրեւ քաղաքացի, իբրեւ կուսակցական մարդ, իբրեւ հրապարակային մարդ նաեւ մասնակից եմ չափանիշների սահմանմանը: Պիտի անկեղծ լինեմ. բավարարված չեմ, երբեմն վշտանալու չափ մի տեսակ գաղափարների անանցանելիություն է ստեղծվել երկրում: Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը չափանիշների ալյասերումն է, չափանիշներ ու արժեքների խեղումը: Հասարակությունից ամբոխ մեկ քայլ է: Խորենացի փողոցի դեպքերը մի հստակ ուղերձ ունեն` փոփոխության անհրաժեշտություն կա, բայց ինչպես կարողանալ այդ փոփոխության պահանջի էներգիային դրական, պրոդուկտիվ հունավորում տալ` հանուն Հայաստանի, իսկապես հանուն ինքնիշխանության, հանուն մեր հաղթանակները պահելուն:

«Ժողովուրդ» օրաթերթ
armlur.am

Տպել Տպել