Դավիթ Լոքյանն ընդունել է Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը

FotorCreatedՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն օգոստոսի 8-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը:

Նախարար Դավիթ Լոքյանը շնորհավորել է տիկին Գրիսերին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ մեր երկրում պաշտոնավարման ժամանակահատվածը կընթանա հաճելի և արդյունավետ: Նախարարը բարձր է գնահատել ՀՀ ՏԿԶ նախարարության և ԱՄՆ ՄԶԳ միջև երկարամյա արդյունավետ համագործակցությունը և մեր երկրի ավելի քան 100 համայնքներում ինստիտուցիոնալ կարողությունների և հանրային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման հզորացմանն ուղղված ԱՄՆ ՄԶԳ-ի ջանքերը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերը և ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը շնորհակալություն են հայտնել նախարարին ընդունելության համար: Հյուրերը գոհունակությամբ են խոսել նախարարության և գործակալության միջև առկա երկարամյա գործընկերության մասին և հույս հայտնել, որ առաջիկայում նույնպես գործակցությունը կշարունակվի ՏԿԶ նախարարության համար կարևոր ուղղություններով:

Հյուրերի խնդրանքով Դավիթ Լոքյանը հանգամանորեն ներկայացրել է տեղական ինքնակառավարման կարողությունների ընդլայնմանն ուղղված նախարարության քաղաքականությունը, մասնավորապես` համայնքների խոշորացման ծրագրի ընթացքը: Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ ստեղծվել են 18 կլաստերներ: Ամբողջ գործընթացը հանրապետությունում ծրագրված է ավարտել 2019-ին: Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից օրերս հավանության արժանացած «ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությանը», Դավիթ Լոքյանը նշել է, որ այժմ նախարարությունը գործողությունների պլանի և ճանապարհային քարտեզի մշակման փուլում է: Այս համատեքստում նախարարը մեծապես կարևորել է գործակալության կողմից տրամադրվող օժանդակությունը` ուղղված ոչ միայն ենթակառուցվածքների զարգացմանը, այլև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվել են տնտեսական զարգացման ծրագրերին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից աջակցության հնարավորությունները: Գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ կազմակերպությունը պատրաստակամ է տնտեսական պորտֆելի շրջանակում աջակցել խոշորացված համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը:

Տպել Տպել