ՀՅԴ երիտասարդականը միջազգային ֆալկոն շարժման լիիրաւ անդամ

FotorCreated2016 թ. օգոստոսի 5-8-ին, Գերմանիայի Նիւրենբերգ քաղաքում տեղի ունեցաւ Միջազգային ֆալկոն շարժում – Ընկերվարական միջազգայնական դաստիարակչական (International Falcon Movement – Socialist International Educational) կազմակերպութեան համագումարը։

Համագումարին մասնակցում էին կազմակերպութեան անդամ մի քանի տասնեակ միութիւնների 65 ներկայացուցիչներ։

ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էր Նժդեհ Գարագաւորեանը (Նոր Սերունդ, Ֆրանսիա)։

Եռօրեայ համագումարի ընթացքում քննարկուեցին մի շարք հարցեր, ինչպէս որոշ երկրներում նակտուող աջ ծայրայեղականութեան աճ, մարդու իրաւունքների ոտնահարում և ահաբեկչութիւն։

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչն իր ելոյթում խօսեց արցախեան հիմնահարցի վերաբերեալ, որպէս մարդու և ազգի ոտնահարման դրսևորում։ Ապա ներկայացրեց ՀՅԴ երիտասարդական միութիւնների կողմից Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններում կազմակերպուող ճամբարների աշխատանքները։
Համագումարի օրակարգում ներառնուած էր անդամ միութիւնների կարգավիճակի փոփոխութեան հարց և նոր նախագահութեան ընտրութիւն։

Հարկ է նշել, որ ՀՅԴ Երիտասարդականը երկար տարիներ Միջազգային ֆալկոն շարժում – Ընկերվարական միջազգայնական դաստիարակչական կազմակերպութեանն անդամակցում էր դիտորդի կարգավիճակով (Observer) և մօտ մէկ տարի առաջ դիմում էր ներկայացրել լիիրաւ անդամ դառնալու համար։
Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ հետևողական աշխատանքի արդիւնքում Նիւրենբերգի համագումարում ՀՅԴ Երիտասարդականը ժողովականների մեծամասնութեան քուէով դարձաւ նշեալ կազմակերպութեան լիիրաւ անդամ (Full Member)։

Նժդեհ Գարագաւորեանն իր ելոյթում շնորհակալութիւն յայտնելով համագումարի մասնակիցներին, յայտնեց, որ նոր կարգավիճակը մղելու է ՀՅԴ Երիտասարդականին էլ աւելի գործուն մասնակցութիւն ունենալ կազմակերպութեան աշխատանքներում։
Օրակարգի վերջին կէտով ընտրուեց նախագահութեան նոր կազմ։

ՀՅԴ Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
Երևան

09 օգոստոս, 2016 թ.

Տպել Տպել