Արա Պապյան գիտցածը կը կարդա

FotorCreatedՀայաստանի երբեմնի դեսպան Արա Պապյան այսօր իր դիմատետրին վրայ զետեղած է հետեւեալ հարցումը՝ ուղղուած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանին.-

Սեդօ Պոյաճեան

Սեդօ Պոյաճեան

«Հարց ՀՅԴ-ին, Կիրո Մանոյանին։ Սերժ Սարգսյանը Մոսկվայում միանշանակ հայտարարեց, որ Արցախի հարցում գոյություն ունեն հստակ պայմանավորվածություններ: Արդյոք ՀՅԴ, որպես կոալիցիոն գործընկեր, հետևաբար նաև պատասխանատու, տեղյա՞կ է այդ պայմանավորվածություններից և համաձա՞յն է դրանց հետ:»

Իբրեւ դիմատետրի ճամբով արտայայտուած կարծիքներու հետեւող եւ մասնակից մէկ պարզ անդամը, Արա Պապյանի այս հարցադրումը հետաքրքրական գտայ։ Ի վերջոյ լուրջ հարցի մը կը վերաբերէր, այսինքն՝ Մոսկուայի մէջ Նախագահ Սարգսեանի կատարած այն «միանշանակ» յայտարարութեան, թէ «Արցախի հարցում գոյություն ունեն հստակ պայմանավորվածություններ։»

Ուրեմն, պէտք է մտածել ու գիտակցիլ թէ Արցախի հարցի կարգաւորման գծով Հայաստանի Հանրապետութեան Նախագահի սեփականութիւնն է «պայմանավորվածություններ«, որոնց մասին մենք տեղեակ չենք։ Հետեւաբար, քանի որ Հ. Յ. Դաշնակցութիւնը կառավարութեան «կոալիցիոն գործընկերն» է, պէտք է որ ինքն ալ տեղեակ ըլլայ այդ «պայմանավորվածություններից», որովհետեւ Հ. Յ. Դաշնակցութիւնը եւս պատասխանատու է այս «պայմանավորվածությունների» համար։

Ընթերցողին վրայ լուրջ տպաւորութիւն կը ձգէ Արա Պապյանի հաստատումներու ձեւով կատարած այս խորհրդաւոր հարցադրումը։ Այսինքն, ան կը փորձէ թողուլ այդ տպաւորութիւնը, թէ «ժողովուրդ ջան սթափեցէք, մի գաղտնի բան է սարքւում, որը մեզանից գաղտնի են պահում։»

Նախագահ Սարգսեանի կատարած յայտարարութիւնը այնքան պարզ եւ յստակ է, որ զարմանք կը պատճառէ թէ ինչպէ՞ս Արա Պապյանի նման դիւանագիտական եւ վերլուծաբանական կարողութեան տէր անձի մը իմացականութենէն կը վրիպի այդ յայտարարութեան պարզութիւնը։

Մոսկուայի մէջ իր կատարած յայտարարութեան մէջ Նախագահ Սարգսեան հետեւեալը ըսած է.- «Բնականաբար, մեր այսօրվա բանակցությունների գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցն էր, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Դա, նախևառաջ, 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունների ընդլայնումը:»

Արա Պապյանի խորհրդաւորութեամբ ներկայացուցած «պայմանավորվածություններ»ը սեւով ճերմակի վրայ եւ ամենայն պարզութեամբ ներկայացուած են վերոնշեալ մէջբերումին մէջ։ Հոն ո՛չ գաղտնիք կայ ո՛չ ալ սադրանք։

Արա Պապյան վերջերս սկսած է թողուլ այն տպաւորութիւնը, թէ հովիւ Միհրանի նման ամէն քայլափոխի «գայլ, գայլ» պոռալու վարժութիւնը ձեռք բերած է։ Այլապէս, Արա Պապյանի այս ընթացքը կը յիշեցնէ Թրքական առածը, որ կ՚ըսէ, «Խոճա պիլտիյինի օքուր», այսինքն՝ վարժապետը իր գիտցածը կը կարդայ։

Սեդօ Պոյաճեան

Տպել Տպել