Թուրքիա – «Տագնապ՝ երկրից ներս, տագնապ երկրից դուրս»

FotorCreated«Խաղաղութիւն՝ երկրի ներսում, խաղաղութիւն՝ աշխարհում» սա Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր՝ Մուստաֆա Քեմալի (Աթաթուրք) յայտնի խօսքերից է: Այս խօսքը տարիներ հիմք էր ծառայում երկրի ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը վարելու մէջ:

1931 թ.-ին արտայայտւած այս խօսքից անցնում է 85 տարի. ներկայ օրերիս Թուրքիայում չկայ որեւէ խաղաղութեան նշոյլ, վերջերս կատարւած զինւորական ձախող յեղաշրջումից անցնում է երեք շաբաթ եւ երկիրը դեռ տագնապի մէջ է, տիրում է սարսափի ու անվստահնութեան մթնոլորտ, ձերբակալւել են տասնեակ հազարաւորներ, փակւել ու փակւում են բազմաթիւ թերթեր, լրատւական կենտրոններ ու հաստատութիւններ:
Կառավարութիւնը երկրում յայտարարել է արտակարգ դրութիւն:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Ի՞նչ է նշանակում արտակարգ դրութիւն

* Այսինքն կառավարութիւնը իրաւունք ունի չգործադրել երկրի սահմանադրութեան կէտերը, իր հայեցողութեամբ հրամաններ տալ եւ առկախել երկրի հիմնական օրէնքը:

* Որեւէ օրէնք կամ հրահանգ արձակելու կամ գործադրելու համար կառավարութիւնը ստիպւած չէ լսելու խորհրդարանին կամ ունենալ խորհրդարանի հաստատումը: Խորհրդարանը որ ժողովրդավարութեան մարմնացումն է ու ժողովրդի տունը շրջանցւում է կառավարութեան կողմից:

* Կառավարութիւնը իրաւունք ունի ցանկացած դէպքում ձերբակալել ում որ կասկածում է, փակել որեւէ հիմնարկ, յափշտակել որեւէ անձի կամ հիմնարկի ունեցւածքը, կալւածները, աշխատանքից զրկել ում որ ցանկանում է:

* Արտակարգ դրութեան ժամանակ չկայ արդար հիմունքներով դատավարութիւն, կառավարութիւնը կարող է վճիռ տալ իր ցանկութեամբ:

Մի խօսքով կառավարութեան ձեռքը ազատ է ձերբակալութիւնների, աքսորների, խոշտանգումների, արգելափակումների եւ վրէժխնդրութիւնների համար… այս բոլորը կարելի է կատարել թէ այդ անհատները հասարակական կարգը խանգարողներ են եւ կառավարութիւնը միտում է կարգ հաստատել եւ ապահովութիւն ստեղծել…
Ահա թէ այս երեք շաբաթւայ ընթացքում, ինչե՞ր են տեղի ունեցել Թուրքիայում «կարգ» հաստատելու համար:

* Բանակից ձերբակալւել են երեք հազար 168 հոգի, 143 զօրավար, 736 ռազմական վարժարանի ուսանողներ, 1181 շարքային զինւոր:
* Դատական ուժից ձերբակալւել են 1348 դատաւոր, 737 դատախազ, 918 ոստիկան:

* Անվտանգութեան ծառայողութիւնից ձերբակալւել են 100 հոգի:

* Աշխատանքից հեռացւել են պետական հաստատութիւնների մէջ պաշտօնավարող շուրջ 60 հազար հոգի (42 հազար 767 հոգի Կրթութեան նախարարութիւնից, 399-ը ընտանիք եւ հասարակութիւն նախարարութիւնից, 300-ը Էներգետիկայի նախարարութիւնից, 1500-ը Տնտեսութեան նախարարութիւնից, շուրջ 9000-ը Ներքին գործերի նախարարութիւնից). երկրի 81 նահանգապետից, ձերբակալւել են 30-ը. աշխատանքից հեռացւել են «Թրքիշ Էյրլայն»-ի 211 պաշտօնեայ ներառեալ այդ օդանաւային ընկերութեան փոխտնօրէնը:

Երկրի կրօնական հարցերով զբաղւող «Կրօնի գերատեսչութիւն»-ում 1112 հոգի պաշտօնազրկւել են:

* Փակւել է 1043 մասնաւոր դպրոց եւ ուսանողական կեցութեան վայրեր: Փակւել է 1229 հաստատութիւն (ներառեալ երեք լրատւական կենտրոն, 129 հրատարակչական կենտրոն, 45 օրաթերթ, 15 թերթ, 16 հեռուստակայան, 24 ռադիոկայան, 20 լրատւական կայքէջ):

Փակւել է չորս բուժկենտրոն (նշելի է, որ դրանցից մէկի բաժնետէրերից է մի հայ բժիշկ):

Ձերբակալւել են 89 լրագրող. 50 հազար հոգու արգելւել է երկրից դուրս գալ (ներառեալ համալսարանի դասախօսներ եւ գիտաշխատողներ)…

* * *
Դեռ շարունակւում է այս ընթացքը, ձերբակալութիւնները, արգելափակումները, աքսորները (որոնք Օսմանական կայսրութիւնից ժառանգած վարքագիծ են) կատարւել է զինւորական յեղաշրջման գործողութեան հետ կապ ունենալու պատրւակով (յիշենք 1915-ի դէպքերը՝ թէ ինձ պատրւակով էին տեղահան անում ու ջարդի ենթարկում հայերին եւ նախքան այս զինւորական յեղաշրջումը մի քանի ամիս առաջ ինչեր էր կատարւում քրդերի դէմ երկրի հարաւարեւելեան շրջաններում):

.. Ինչեւէ, զօրավարների մէկերրորդը ձերբակալւած են. բանակը, որ մինչ այժմ համարւում էր հանրապետութեան հիմունքների պաշտպանը, համարւում էր միասնականութեան խորհրդանիշ մեծ դեր ունէր քրդերի պայքարը ճնշելու մէջ, ներկայ պայմաններում ԴԱԷՇ-ի ու տեռորիզմի դէմ կռւելու համար մեծ հաշիւ է արել իր վրայ Ամերիկան եւ այն որ երկրի սահմաններում ապահովութիւն հաստատողը պիտի լինի, այժմ քայքայւած է ու տկար, կորցրել է իր ուժերի մեծ մասը, ոնց որ կռւի ճակատից է վերադարձել՝ պարտւած…

Իսկ լրագրողների, համալսարանականների ու ուսուցիչների ձերբակալումն եւ թերթերի ու լրատւական կենտրոնների արգելափակումը արդէն ապացուցում է, որ ժողովրդավարութիւնը, մտքի ու խօսքի ազատութիւնը ինչ վիճակում է այդ երկրում:
* * *
Իշխանութիւնը դիմում է ծայրայեղ քայլերի, ճնշումների, բռնութիւնների եւ բրտութիւնների, առիթ է ստեղծւել նախագահ Էրդողանի համար վրէժ լուծել իր մրցակիցներից ու հակառակորդներից… գնալով հասարակութիւնը բեւեռանում է (առանց այդ էլ այս զինւորական յեղաշրջումը հետեւանք էր Թուրքիայի քաղաքականապէս բեւեռացած եւ ծայրայեղ դրսեւորումներ ունեցող կացութեան) եւ զարգանում է ծայրայեղականութիւնը, անվստահութիւնը եւ վրէժխնդրական մօտեցումները:

Այս երեւոյթները ապահովութիւն եւ խաղաղութիւն չեն բերելու երկրի ներսում:

Ոչ խաղաղ, ծայրայեղ տագնապալից վիճակը երկրի ներսում անշուշտ իր ազդեցութիւնն է ունենալու երկրից դուրս ներքին տանգապի ալիքները տարածւելու են դուրս՝ տարածաշրջանում՝ Թուրքիայի արտաքին քաղաքականութեան եւ դիրքորոշումների վրայ, նաեւ ազդելու է Թուրքիայից դուրս ապրող թուրքերի աւելի ծայրայեղ դառնալուն:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

alikonline.ir

ԹՈՒՐՔԻԱ – Ո՞վ է Գիւլէնը

FotorCreated

Վերջին երեք-չորս շաբաթների ընթացքում, երբ հետեւում ենք Թուրքիայի զինւորական յեղաշրջման վերաբերեալ լուրերին՝ մի անձնաւորութեան անուն շատ է հնչում՝ Ֆաթօլլահ Գիւլէն: Թուրքիայի լրատւական աղբիւրները եւ իշխանութիւնը մեղադրում են Գիւլէնին թէ իբր յեղաշրջումը նրա ծրագրած դաւադրութիւնն էր:
Թերեւս հետաքրքիր կը լինի ծանօթանանք այս մարդու հետ, ո՞վ է նա, ի՞նչ մտքեր ունի եւ ի՞նչ դեր ունի Թուրքիայի հասարակական ու քաղաքական կեանքում:

* * *
Ֆաթօլլահ Գիւլէնը ծնւել է 1941 թւականին Արեւմտահայաստանի Կարին (Էրզրում) քաղաքում, 1999 թւականից հաստատւել է Ամերիկայի Միացեալ Նահանգների Փենսիլւանիայում:

Գիւլէնը իսլամական հասարակական գործիչ է, գրող, իսլամական քարոզիչ եւ ուսուցիչ. համարւում է Հիզմէթ (թուրքերէն՝ սպասարկութիւն, ծառայութիւն) շարժման հիմնադիրն ու ղեկավարը: Գիւլէնին ճանաչելու համար, նախ պէտք է ծանօթանալ Նուրսիի հետ: Իսկ ո՞վ է Նուրսին:
Գիւլէնը աշակերտել է Սայիդ Նուրսի դպրոցում եւ հետեւորդն է նրա ուսմունքների: Սայիդ Նուրսին յայտնի է նաեւ Բադի-օլ-զաման անունով (1878-1960). քուրդ սուննի աստւածաբան Հանաֆի դպրոցի հետեւորդ, Օսմանական կայսրութեան եւ հետագայում Թուրքիայի նորաստեղծ հանրապետութեան ժամանակաշրջանի հռչակաւոր աստւածաբան եւ կրօնագէտ, ով բնականաբար, Թուրքիայի Հանրապետութեան ժամանակաշրջանում ենթակայ էր ճնշումների ու արգելափակումների: Նուրսին հաւատացած էր, որ լուսաւոր ապագայ ստեղծելու համար պիտի զինւել նոր գիտութիւններով ու տրամաբանութեամբ (լոժիք), նրա կարծիքով Թուրքիայում՝ աշխարհիկ դպրոցներում պիտի դասաւանդել կրօնական գիտութիւններ եւս, իսկ կրօնական դպրոցներում՝ նոր գիտութիւններ:
Նուրսիի հետեւորդները կոչւում էին Նուրջու (լուսաւորիչներ). Նուրսիի շարժումը մի ձեւ ընդդիմութիւն էր հանրապետութեան հիմնադիր Մուստաֆա Քեմալի գաղափարներին: Մուստաֆա Քեմալի հիմնական հաւատամքներից էր, որ կրօնը պիտի հեռու լինի քաղաքականութիւնից եւ հասարակական յարաբերութիւնների մէջ էլ կրօնը չպէտք է դերակատար գործօն լինի:

* * *
Գիւլէնը արդիւնք է Նուրսիի ուսմունքների, նա հաւատացած է, իսլամը հակառակ չէ մոդեռնիզմի, նոր գիտութիւնների ու ժողովրդավարութեան հետ եւ պիտի հաւասարակշռութիւն պահել կրօնի եւ մոդեռն աշխարհի միջեւ, տարբեր կրօնների ու մշակոյթների միջեւ պիտի լինի հանդուրժողականութիւն եւ երկխօսութիւն: Հիզմէթ շարժման հիմնադրումով նա նպատակ է հետապնդել ստեղծել երիտասարդ փայլուն սերունդ, որը կիրթ է, ուսեալ է՝ օժտւած է մոդեռն գիտութիւններով եւ իսլամական բարոյականութեամբ (ինչպէս որ կարդում ենք Գիւլէնի պաշտօնական սայթում՝ www.fgulen. com): Գիւլէնը սուննի կրօնական առաջին դէմքը եղաւ, որ դատապարտեց Նիւ Եօրքի երկնաքերերի պայթիւնը՝ «Ալ Ղայիդա»-ի միջոցով (2001 թւականի սեպտեմբերի 11-ի դէպքը). նա դէմ է «Էխւան-օլ-մուսլեմին» եւ «ՀԱՄՄԱՍ» կազմակերպութիւններին՝ նրանց համարելով ծայրայեղականներ:

* * *

Գիւլէնի գործունէութիւնը Թուրքիայում առաւելաբար աշխուժացաւ 1970-ական թւականներին, նախ հիմնեց մասնաւոր դպրոցներ եւ ուսանողների համար ձրի հանրակացարաններ՝ «Լոյսի տուն» անունով, այսպիսով սկսեց դաստիարակել սերունդներ իր հաւատամքների ու աշխարհայեացքի համաձայն:
Գիւլէնի դաստիարակած սերունդները հետագայում իրենք հիմնեցին դպրոցներ, համալսարաններ, թերթեր, ընկերութիւններ…
1980 թւականի զինւորական յեղաշրջումից գլուխ գործի անցած զինւորական իշխանաւորները կասկածանքով էին հետեւում նրա աշխատանքներին, նա ենթարկւեց ճնշումների եւ շուրջ վեց տարի շատ ակնառու գործունէութիւն չունեցաւ:

1990-ականներին Թուրգութ Օզալի վարչապետութեան օրօք եւ Խորհրդային Միութեան փլուզումով յարմար առիթ ստեղծւեց Գիւլէնի համար տարածելու իր աշխատանքը, Թուրքիայից դուրս՝ թուրքալեզու երկրներում նաեւ, այդ երկրներում հիմնեց դպրոցներ, որոնցից առաջինը եղաւ Ադրբեջանում 1991-ին: 1999-ին Թուրքիայում նրան ամբաստանեցին, թէ փորձում է իր հետեւորդների ու ցանցերի միջոցով ներթափանցել բանակի, ոստիկանութեան եւ դատական ուժի մէջ այդ կերպ մտադիր է հարւածել Թուրքիայի հանրապետութեան հիմքերին: Արդիւնքում ձերբակալւելու եւ դատապարտւելու վտանգ զգալով նա թողեց Թուրքիան եւ հաստատւեց ԱՄՆ, ուր ապրում է մինչ օրս, եւ Փենսիլւանիայից ղեկավարում է իր կայսրութիւնը…

* * *
Գիւլէնը եւ իր հետեւորդները հիմնել են դպրոցներ շուրջ 150 երկրում, ԱՄՆ-ում նա ունի 100 մասնաւոր դպրոց, նրա եւ իր հետեւորդների միջոցով հիմնւել են հիւանդանոցներ, բարեգործական կենտրոններ, հրատարակչատներ, թերթեր, լրատւական կենտրոններ, տնտեսական հիմնարկներ եւ… թէ՛ Թուրքիայի ներսում, եւ թէ դրսում:

Գիւլէնը եւ նրա Հիզմէթ շարժումը Թուրքիայում ունի բազմահազար հետեւորդներ՝ ուսուցիչ, լրագրող, համալսարանի դասախօս, տնտեսագէտ, փաստաբան, գործարար, զինւորական, ոստիկան… ըստ որոշ աղբիւրների՝ Թուրքիայի տաս տոկոսը նրա հետեւորդներն են (Թուրքիան ունի շուրջ 80 միլիոն բնակչութիւն) եւ համարւում է աշխարհում ամենամեծ իսլամական ցանցը: Նրա հարստութիւնը գնահատւում է շուրջ 50 միլիարդ դոլար:

* * *
Էրդողան-Գիւլէն հին ընկերներ, նոր թշնամիներ

Այս երկուսը նախապէս ընկերներ էին, իսկ այժմ թիւ մէկ թշնամիներ են մէկը միւսի համար: Մինչ 2003 թւականը այս երկուսը երբեք չէին հանդիպել միմեանց, բայց երկուսն էլ համարւում էին իսլամական գաղափարակիցներ, որոնք դէմ էին, որ Թուրքիայի բանակը դեր ունենայ երկրի քաղաքական կեանքում, նաեւ համաձայն չէին երկրի աշխարհիկ (կրօն եւ քաղաքականութեան առանձնութիւն) դրւածքի հետ:
Էրդողանի եւ Գիւլէնի աշխարհայեացքների մասամբ մօտ լինելը պատճառ դարձաւ, որ նրանք մօտենան միմեանց, Գիւլէնի հետեւորդները բազմաթիւ առիթներով եւ ընտրութիւններում հովանաւորում էին Էրդողանին ու նրա իսլամական հակումներ ունեցող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեանը, ի դիմաց Էրդողանն էլ որպէս երկրի իշխանաւոր շատ էլ զգայնութիւն չէր ցուցաբերում Գիւլէնի հետեւորդների ու ցանցի գործունէութեան հանդէպ:

* * *
…Գնալով սաստկացաւ Էրդողանի միապետութիւնն ու միահեծանութիւնը Թուրքիայի քաղաքական կեանքում, 2013-ին Էրդողանը որոշեց Գիւլէնին ու նրա հետեւորդներին պատկանող նախակրթարան դպրոցներն եւս փակել, այդպիսով նաեւ սահմանափակել Գիւլէնի ուժը Թուրքիայում: Ի դիմաց Գիւլէնն էլ սկսեց բացայայտումներ անել Էրդողանի զեղծարարութիւնների ու կաշառակերութիւնների մասին, բացի այդ, Գիւլէնը անգամներ քննադատել էր Էրդողանի քաղաքականութիւնը եւ ընթացքը, ինչպէս Թուրքիայի յարաբերութիւնների խզումը Իսրայէլի հետ (2010) «Գեզի» զբօսայգու բողոքների ճնշում (2013) եւ Էրդողանի կարծր դիրքը քրդական հարցի նկատմամբ:

…Պայքարն ու հակամարտութիւնը այս երկուսի միջեւ գնալով ուժգնացաւ… մինչեւ յուլիսի 15-ի զինւորական ձախողւած յեղաշրջումը, Էրդողանը այս զինւորական յեղաշրջման մէջ Գիւլէնին է համարում պատասխանատու: Նրան յայտարարելով որպէս դաւադիր եւ նրա ցանցին ու շարժմանը համարում է տերորիստական կազմակերպութիւն (ՖԵԹՕ Ֆաթօլլահ թերորիստ օրգանիզէյշըն/FETO): Ինչպէս նշւեց Գիւլէնը լայն ցանցեր ունի բանակի, ոստիկանութեան, դատական ուժի եւ կրթադաստիարակչական ասպարէզներում:

Այժմ Էրդողանը Ամերիկայից պահանջում է Գիւլէնին յանձնել Թուրքիային եւ մտադիր է դատել ու միանգամընդմիշտ արմատախիլ անել Գիւլէնի շարժումը Թուրքիայում: Գիւլէնը, եթէ յանձնւի Թուրքիայի կառավարութեանը, մեծ հաւանութեամբ կենթարկւի մահապատժի…

* * *
Մի քանի յաւելեալ նշումներ Գիւլէնի մասին՝

* Գիւլէնը Ամերիկայի առաջիկայ նախագահական ընտրութիւնների, ընտրարշաւներում միլիոնաւոր դոլարներ է ներդրել Հիլարի Քլինթոնի օգտին, որպէս հովանաւորութիւն, նաեւ որոշ լուրեր են տարածւել, թէ Հիլարի Քլինթոնը ուղղակիօրէն գումար է ստացել Գիւլէնից:

* Հայոց Ցեղասպանութեան կապակցութեամբ էլ Գիւլէնի դիրքորոշման մասին գոյութիւն ունի հակասական լուրեր, Թուրքիայի «Ենի Շաֆագ» թերթը ցեղասպանութեան հարիւրամեակի նախօրէին՝ 2015 ապրիլին մէջբերումներ անելով, իբր թէ՝ Գիւլէնի ձեռքով գրւած մի նամակի մասին, յայտնեց թէ Գիւլէնը 1965-ին մի նամակ է գրել ժամանակի՝ Թուրքիայի հայոց Շնորհք պատրիարքին եւ դատապարտել է Օսմանական կայսրութեան ժամանակաշրջանում հայերի նկատմամբ կատարած այդ ոճիրը: Իսկ նաեւ կան լուրեր թէ Գիւլէնը միլիոնաւոր բիւջէ է յատկացրել մինչ այժմ Հայոց Ցեղասպանութեան դէմ քարոզչական աշխատանքներին:
Ամէն պարագայում այս լուրերի հաւաստիութիւնը միայն կարող է ճշտել ինքը Գիւլէնը, որին չունենք ձեռնահասութիւն:

alikonline.ir

Տպել Տպել