Ինչ են քննարկել ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն 2-րդ հանդիպմանը

պարզաբանում է Արսեն Համբարձումյանը

FotorCreatedՀայաստանի Հանրապետական և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները քաղաքական համագործակցության շրջանակներում երկրորդ անգամ հանդիպել են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը: Ստեղծված ձևաչափը, որը ստացել է «4+4+1» (ՀՅԴ-ՀՀԿ-Սերժ Սարգսյան) անվանումը քննարկելու համագործակցության հուշագրով ամրագրված նպատակների իրականացման հաջորդականության, ժամանակացույցի, իրականացման գործողությունների վերաբերյալ հարցերը:

Հուլիսին Tert.am-ի հետ զրույցում ասել էիք, որ առաջիկայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կհանդիպեն: Այդպես էլ հայտնի չդարձավ՝ երկրորդ հանդիպումը տեղի՞ է ունեցել, թե ոչ:

– Այո՛, հանդիպումը կայացել է: Եթե չեմ սխալվում, օգոստոսի 6-ին ենք հանդիպել:

– Ի՞նչ հարցեր էին դրված հանդիպման օրակարգում:

– Քննարկվել է բավական լայն օրակարգ, շարադրվել են ընդհանուր մոտեցումները, տեսակետները, բոլոր դրույթները, որոնք ամրագրված են կոալիցիոն համաձայնագրով:

– Նախորդ հարցազրույցում ասել էիք, որ քննարկվելու է այս դրույթների պլան-ժամանակացույցի իրականացման քայլերի հաջորդականությունը, ըստ էության, մշակվելու է ճանապարհային քարտեզ: Ի՞նչ փուլում է այս գործընթացը:

– Մշակման ընթացքում է, աշխատանքային փուլում է, դեռ վերջնական տեսքի չի բերվել: Հենց բերվի վերջնական տեսքի, այդ մասին կտեղեկացվեք:

– Որո՞նք են լինելու ճանապարհային քարտեզի առանցքային դրույթները, որոնք երկուստեք կարևոր են կողմերի համար:

– Որևէ հարց առանձնահատուկ շեշտելու խնդիր չեմ տեսնում: Հարցերի բավական լայն շրջանակ է քննարկվել, քննարկվել են բոլոր այն հարցերը, որոնք երկուստեք կարևոր են, այդ թվում՝ ներքաղաքական հարցեր, արցախյան հակամարտությանը վերաբերող հարցեր: Քաղաքական բավականին լայն սպեկտորի քննարկում է եղել:

– Նիստը վարել է նախագահ Սերժ Սարգսյա՞նը:

– Այո:

– Հաջորդ հանդիպումը ե՞րբ կլինի:

– Ըստ անհրաժեշտության: Որևէ կոնկրետ օրվա հետ կապված պայմանավորվածություն չկա: Խորհրդի քննարկման շրջանակն ամրագրված է համաձայնագրով, ուստի հստակ պարբերականության շեշտադրումը ճիշտ չէ:

– Իսկ ինչո՞ւ է նիստերի անցկացման մասին տեղեկատվությունը գաղտնի պահվում թե՛ նիստից առաջ, թե՛ նիստից հետո:

– Պարզապես դրանք աշխատանքային քննարկումներ են, ուստի անհրաժեշտ չենք համարում հատուկ տեղեկատվություն հրապարակել: Որոշումների կայացման պարագայում այդ մասին համապատասխան տեղեկատվություն կլինի: Իսկ զուտ աշխատանքային քննարկման մասին չեմ կարծում, որ իմաստ կա ամեն անգամ հրապարակումներ անելու: Իսկ գաղտնիության մասին ասեմ, որ եթե գաղտնի լիներ, ապա ձեզ այս մասին չէի իրազեկի:

Tert.am

26/08/2016

Տպել Տպել