Ուսանողներին հնարավորություն կտրվի բակալավրիատն ավարտել 3 տարում

FotorCreatedՕգոստոսի 26 – ին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելել էր Լոռու մարզ` հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններին մասնակցելու:

ԿԳ նախարարը նախ ներկայացրեց ԿԳ ոլորտում առաջիկայում կատարվելիք փոփոխությունները:

Նա նշեց, որ սեպտեմբերին քննարկման կդրվի «Բարձրագույն կրթության մասին» օրենքը, որը մի շարք փոփոխություններ է կրել: Մասնավորապես` ուսանողը լրացուցիչ առարկաների հաշվին կարող է որոշակի թվով կրեդիտներ հավաքել և, իր ընտրած մասնագիտության հետ մեկտեղ, ստանալ նաև երկրորդ մասնագիտություն:

Բացի այդ, արդեն տեղեկացրել ենք, որ ավագ դպրոցի վերջին` 12-րդ դասարանում, աշակերտը միայն երեք առարկա կանցնի, և դրանք այն առարկաներն են, որոնք պետք են աշակերտին բուհ ընդունվելու համար:

«Սրան կհաջորդի այն, որ 12-րդ դասարանում կրեդիտային համակարգ կներդնենք, ինչը հնարավորություն կտա աշակերտին կրեդիտներ հավաքելու բուհի համար: Սա էլ իր հերթին ուսանողին արդեն հնարավորություն կընձեռի բակալավրիատում սովորել 3 տարի: Մեզ մոտ ընդունված է համարել, որ բակալավրիատը թերի բարձրագույն կրթություն է, սակայն այդպես չէ, այն ամբողջական է, ո՞վ ասաց, որ բոլորը պետք է մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորեն: Բակալավրիատն ավարտելուց հետո ուսանողը նախ պետք է իր ստացած գիտելիքներն աշխատաշուկայում փորձի, և եթե չբավարարեցին դրանք իրեն, կամ այլ աշխատանքի փնտրտուքների հարց կառաջանա, նոր միայն նա պետք է մագիստրատուրա դիմի»,- ասաց Մկրտչյանը:

Լուրջ փոփոխությունների ճանապարհ պետք է անցնենք. ԿԳ նախարարը Լոռիում ներկայացրեց սպասվող բարեփոխումները

FotorCreated

Օգոստոսի 26-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել էր Լոռու մարզ, որտեղ էլ տրվեց հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջարկով խորհրդակցությունների մեկնարկը սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետև սրբազանը նշեց, որ իբրև ազգ` մեզ վայել է հավատարիմ մնալ մեր` հոգևոր, կրոնական և ազգային սկզբունքներին: Ըստ նրա` պատմական օրեր ենք ապրում` թևակոխում ենք անկախության 25-րդ տարեդարձը և մենք այս 25 տարում դպրոցներում, հանրային կյանքում, մշակույթի, գիտության ասպարեզում, հայոց բանակում, տնտեսության մեջ կարողացանք առաջընթաց արձանագրել, քանզի բոլորս հասկացանք ու գիտակցեցինք, որ մենք կերտում ենք պետականություն` միակ ու անփոխարինելի արժեք:

«Գիտակցեցինք ու բուռն աշխատանքով հաստատեցինք մեր` ով լինելը և նպատակները: Շատ կարևոր էր սկիզբը, և այս սկզբով մենք հասանք մինչև այստեղ` ունենալով հաջողություններ ու բացթողումներ: Հիշեք 1990-ականները` ինչ վիճակից ուր հասանք` ավերակ դպրոցներ ունեինք հատկապես Հայաստանի հյուսիսային հատվածում, մանկապարտեզներ, պարալիզացված գյուղական համայնքներ, տնտեսություն, իսկ այսօր` բարեկարգ դպրոցներ, բարձրագույն հաստատություններ ունենք. առաջընթացը մեծ և ակնառու է: Խնդրում եմ` փոխենք ակնոցները, մոտեցումները փոխենք` մենք պետություն ենք կերտում, պետականություն ենք հիմնավորում և դուք` կրթության ոլորտի ծառայողներդ, մեծ գործ արեցիք նախորդ տարիներին»,-ասաց սրբազանը:

Նա, դիմելով դպրոցի տնօրեններին, նշեց, որ այս տարիներին նրանց հաջողվել է մեր հոգևոր, բարոյական շատ արժեքները սերմանել աշակերտների մեջ, կրթել ու դաստիարակել նրանց.«Ձեզնից շատերն ինձ ճանաչում են, քավ լիցի, որ ես թմբկահարեմ այս կամ այն իշխանավորին կամ կուսակցությանը` ես բոլորինդ եմ, բոլորդ էլ իմն եք, ես այդ տեսակը չեմ: Ուզում եմ` մեր մոտեցումներում պետականությունը գերակա արժեք լինի` գնահատելով մեր ներկան: Առաջընթացի կողքին անխուսափելի էր, որ չունենայինք լրջագույն բացթողումներ, բայց մենք պետք է գնատահենք մեր ունեցածն ու լծվենք բացթողումները, խնդիրները լուծելու գործին: Ուզում եմ` «ձեռքներդ մաքուր» մտնեք դպրոց և նույն մաքրությամբ կրթեք մեր ապագա մայրերին ու զինվորներին: Եթե դժգոհ ենք ապագայից, պետք է կրթենք նոր սերնդին, քանզի նրանք ենք երկրի տերը: Չպետք է հարմարվենք ներկա իրավիճակին, պետք է անընդհատ պայքարենք ու ինչ-որ լուծումներ գտնենք»:

Սրբազանն իր խոսքն ամփոփեց` նշելով, որ կրթական ոլորտը բարվոք վիճակում է և աղոթում է, որ էլ ավելի բարվոք լինի:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ նշեց, որ ԿԳ աշխատակիցները լինելու են բոլոր մարզերում և փորձելու են լսել տնօրենների կարծիքները, նկատողություններն ու առաջարկությունները: Ըստ նախարարի` ունենք բավականին լուրջ հիմնախնդիրներ և լուրջ փոփոխությունների ճանապարհ պետք է անցնենք:

«Այսօր հանդես եմ գալիս մեր ամենակրթված տարածաշրջաններից մեկում, որն ունի լուրջ ավանդույթներ: Կարծում եմ` խոսքս պետք է սկսեմ առաքելության գիտակցումից, քանի որ եթե կրթական համակարգը չի գիտակցում իր առաքելությունը, այդ ճանապարհին ինչ-որ կորուստ ենք ունենում: Այցելությունը նպատակ ունի, որ մենք մեր ինֆորմացիոն սեփական բազան ունենանք, որպեսզի կարողանանք ճիշտ քայլեր կատարել»,-ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ չնայած փոքր երկիր ենք, բայց միշտ չէ, որ հնարավոր են համընդհանուր լուծումներ գտնել, քանզի լինում է` մի լուծում մի դպրոցում աշխատում է, մեկ այլ վայրում` ոչ, և դրա համար էլ փոփոխություններից մեկը կրթական հաստատությունների ինքնավարության, ինքնուրույնության մեծացումը պետք է լինի: Մկրտչյանի հավաստմամբ` պետք է թույլ տանք, որ կրթական հաստատությունները նախաձեռնության իրավունք ունենան` իրենք մտածեն ու առաջարկություններ անեն, ավելի շատ մեթոդոլոգիական հարցերին ուշադրություն դարձնելով:

ԿԳ նախարարն այնուհետև անդրադարձավ նաև սպասվող փոփոխություններին` նշելով, որ դրանցից առաջինն ավագ դպրոցներում` 12-րդ դասարանում, դասավանդվող առարկաների բեռնաթափումն է: Մասնավորապես, այս տարի հունվար ամսից 12-րդ դասարանում աշակերտները միայն 3 առարկա կանցնեն, իսկ հաջորդ տարի` ամբողջ 12-րդ դասարանում կանցնեն միայն 3 առարկա:

«Բացի այդ, կլինեն փոփոխություններ ավարտական քննություններում և մենք նորից դրանք կդարձնենք բանավոր, քանի որ նախկինում ունեցած փորձը ցույց է տալիս, որ բանավոր քննությունն ավելի արդյունավետ էր: Տնօրենների հավաստագրման քննությունների կարգը նույնպես կփոխվի` այսուհետ տնօրենները հնարավորություն կունենան միայն մեկ անգամ հանձնել քննություն, այնուհետև 5 տարին մեկ անգամ վերապատրաստման կուրս կանցնեն` կրկին քննություն հանձնելու փոխարեն»,-ասաց նախարարը, ում առաջարկությունները հանդիպմանը ներկա տնօրեններն, ի նշան գոհունակության, ծափահարություններով ողջունեցին:

Տպել Տպել